Հա

Համայնք

24/06/2021 - 14:30

Թեհրանի Դուլաբի գերեզմանոցային համալիրի շրջանում շահագործման յանձնեցին քաղաքային մի շարք ծրագրեր. Բարեկարգւել եւ շահագործման է յանձնւել գերեզմանատները միմեանց կապող հրապարակը

Թեհրանի 14-րդ շրջանի քաղաքային կառավարման նախագծերի շահագործման եւ Դուլաբի հրապարակի ու գերեզմանոցային համալիրի բարեկարգման աւարտը նշող արարողութիւնը տեղի ունեցաւ Թեհրանի քաղաքապետ Հանաչիի, Քաղխորհրդի նախագահ Հաշեմիի, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի եւ մի խումբ անձանց ներկայութեամբ:

Քաղաքապետ Հանաչի.

«40 միլիարդ թուման արժողութեամբ ծրագրերի իրականացմամբ շուրջ 17 նախագիծ է իրականացւել 14-րդ շրջանում, ներառեալ քրիստոնեաների գերեզմանատների բարեկարգումը»

 

«ԱԼԻՔ» - Թեհրանի 14-րդ շրջանի քաղաքային կառավարման նախագծերի շահագործման եւ Դուլաբի հրապարակի ու գերեզմանոցային համալիրի բարեկարգման աւարտը նշող արարողութիւնը տեղի ունեցաւ Թեհրանի քաղաքապետ Հանաչիի, Քաղխորհրդի նախագահ Հաշեմիի, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի եւ մի խումբ անձանց ներկայութեամբ:

Մայրաքաղաքի քաղաքապետ Հանաչին, նշելով, որ Դուլաբի քրիստոնեաների գերեզմանատները Իրանի ազգային ժառանգութեան ցանկում են գրանցւել 2017 թւականին, յաւելեց. «Սակայն տարածքն ու տիրող վիճակն այնքան էլ բարենպաստ չէր, ուստի Թեհրանի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ այս վայրը բարեկարգւեց վերածւելով հանրային հրապարակների համալիրի»:

Թեհրանի քաղաքապետի համաձայն՝ Դուլաբի հրապարակը եւ քրիստոնեաների թւով 5 գերեզմանատների համալիրը բարեկարգելու համար ծախսւել է շուրջ 40 միլիարդ թուման:

Նշենք, որ քաղաքացիների անվտանգ երթեւեկութիւնն ապահովող մայթուղի, ինչպէս նաեւ ողջ շրջանի փողոցները միմեանց միացնող 17 կմ. հեծանւային գօտու կառուցապատում, եւ 7 հեկտար զբօսայգի է կառուցւել նոյն նախագծի շրջագծում:

Արարողակարգի ընթացքում 14-րդ շրջանի քաղաքապետ Քամբիզ Մոստաֆափուրն անդրադառնալով շրջանի հասարակական խնդիրներին, յատկապէս անապահով խաւի դժւարութիւններին ու սահմանափակութիւններին, նշեց. «Այսօր շահագործմանը յանձնւող 70 նախագծերը ձեւաւորւել են շեշտը դնելով քաղաքային կառավարման մօտեցումների վրայ, ներառեալ քաղաքի կենսունակութիւնը, արդարամիտ մօտեցումներով մարդակենտրոնութիւնը, անապահովների համար եւս կենսուրախ մթնոլորտ ապահովելու հիմունքներով:

14-րդ շրջանի քաղաքաշինական նախագծերի շահագործման եւ Դուլաբի հրապարակի ու քրիստոնեաների պատմական գերեզմանոցային համալիրի բարեկարգման արարողութեան շրջանակներում ելոյթ ունեցաւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ շնորհակալութիւն յայտնեց պատասխանատուներին ցուցաբերած ուշադրութեան եւ իրականացրած նախագծերի համար: Սրբազան Հայրը տեղի ունեցածը համարեց լաւագոյն օրինակներից մէկը Իրանում՝ կրօնական փոքրամասնութիւն համարւող համայնքների վայելած յարգանքի ու ազատութիւնների փաստ:

Հանաչին նախաիսլամական իրանցիների բնութագրերից մէկը համարեց նոյնիսկ Քրիստոսի Ծնունդից առաջ տարբեր էթնիկական խմբերի եւ դաւանանքների համակեցութիւնը, եւ ասաց. «Դանիէլ մարգարէի գերեզմանը այս դէպքերից մէկն է: Աստւածային կրօններն ու դաւանանքների հետեւորդները միշտ միասին խաղաղ ապրել են Իրանում: Այս համալիրի բարելաւումը նւազագոյնն է, ինչ կարող ենք անել հայերի համար»:

Յատկանշական է, որ անվտանգ երթեւեկութիւնն ապահովող մայթ, ինչպէս նաեւ ողջ շրջանի փողոցները միմեանց միացնող 17 կմ. հեծանւային գօտու կառուցապատում, եւ 7 հեկտար զբօսայգի կառուցւել է նոյն նախագծի շրջագծում:

Ընթացքում ելոյթ ունեցաւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Պատգամաւորն անդրադառնալով այն փաստին, որ իւրաքանչիւր երկրի ինքնութեան կարեւորագոյն յատկանիշերից է մշակութային ժառանգութիւն համարւող կոթողները, նշեց. «Հետեւաբար, դրանց պաշտպանութիւնն ու պահպանումը կարեւոր է սերունդների համար: Թանգարանները, ազգային պարկերը, առանձնատներն ու պալատները, կրօնական վայրերը, վանքերն ու պատմական գերեզմանատների պահպանումը լաւագոյն օրինակն են Իրանի ցուցաբերած մօտեցման մասին: Երկիր, որը հնագոյն յուշարձանների եւ պատմա-մշակութային կոթողների տիրոյթն է համարւում եւ աշխարհում հնագոյն մշակոյթն ու քաղաքակրթութեան օրաններից մէկն է: Արա Շահվերդեանը յաւելեց, որ միաստւածական կրօնների ու տարբեր ազգութիւնների կողք-կողքի գոյակցումն ու միմեանց նկատմամբ յարգանքի դրսեւորումը յուշարձանների պահպանումը կարեւորող մօտեցումների շարունակական լինելու խօսուն փաստն են:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։