Երէկ՝ հոկտեմբերի 2-ին իր աշխատանքը շարունակեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ընտրելով Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին:
«ԱԼԻՔ» - Երէկ՝ հոկտեմբերի 2-ին իր աշխատանքը շարունակեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ընտրելով Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին:
Երեկոյեան ժամը 5-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան սրահում չորս օրեր տեւած Պատգամաւորական ժողովի նիստին երէկ մասնակցեց Ներքին գործերի նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների, միութիւնների եւ քաղաքական հարցերով հիմնարկի նախագահ Հեշմաթեանը:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ գումարւած նիստը նախ ունկնդրեց գործող Հաշւեքննիչ մարմնի երկամեայ գործունէութեան զեկոյցը, որից յետոյ պատգամաւորները ծանօթացան Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի թեկնածուներին:
Ապա պատգամաւորներին բաժանւեց ազգային առաջնորդարանի կնքւած քւէաթերթիկները եւ մէկ փուլում ու միայն երկու սպիտակ քւէաթերթիկներով ընտրւեց նախ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, ապա երկրորդ ընտրութեամբ պատգամաւորները բաց քւէարկութեամբ ընտրեցին Հաշւեքննիչ մարմնի համար ներկայացւած թեկնածուներին եւ միաձայնութեամբ հաստատեցին Կրօնական խորհրդի համար թեմիս առաջնորդի ներկայացրած թեկնածուներին:
Վերջում ՊԺ-ի կողմից ընտրւած բանաձեւային յանձնախումբը ընթերցեց քառօրեայ ժողովի բանաձեւերը եւ պատգամաւորների կողմից ստուգումներից յետոյ նորընտիր Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին ողջունեց ՊԺ-ի ատենապետը եւ եզրափակիչ խօսքի համար խօսափողը փոխանցեց Սրբազան Հօրը: Իր ելոյթի ընթացքում նա կարեւորեց հոգեւոր եւ ազգային արժէքների նկատմամբ խորքային մօտեցման անհրաժեշտութիւնը եւ ընդգծեց թեմի կանոնագրութեան վերափոխման անհրաժեշտութիւնը, որից յետոյ իր աւարտին հասաւ Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի նիստը:
Ստորեւ ներկայացնում ենք նորընտիր Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամներին՝ Վահէ Թարոյեան, Մհեր Օհանեան, Նորայր Արամեան, Հայրիկ Աղանեան, Աշոտ Սինանեան, Հայկազ Շիրւանեան, Լինդա Ղարախանեան, Ռաֆիկ Մելիքսէթեան, Անի Միրզախանեան, Արմէն Նազարեան, Արէն Յովսէփեան:
Կրօնական խորհրդի անդամներ՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեան, Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեան, Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեան Տ. Սահակ քհնյ. Խոսրովեան, Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեան, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեան, Տ. Արիստակէս քհնյ. Շամիրեան:
Հաշւեքննիչ մարմնի անդամներ՝ Հարմա Եդգարեան, Նարբէ Աբուլեան, Գիլդա Իսրայէլեան, Ռիմա Ղարախանեան: