Հա

Համայնք

14/10/2021 - 12:40

Հայոց դպրոցների եւ հայոց գրքերի անցեալն ու ներկան պատկերող ցուցահանդէսի բացումը

Մշակոյթի շաբաթւայ առիթով երէկ հոկտեմբերի 13-ին, բացումը կատարւեց իր տեսակի մէջ իւրայատուկ եւ յուշեր վերարթնացնող գրքի, հայոց հին դասագրքերի, գրենական պիտոյքների եւ նոյնիսկ աշակերտական նստարանների ու համազգեստների ցուցահանդէսի, ինչու չէ նաեւ նոր հրատարակութիւնների գրքի ցուցահանդէս-վաճառքի, որը կազմակերպել էր Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - Մշակոյթի շաբաթւայ առիթով երէկ հոկտեմբերի 13-ին, բացումը կատարւեց իր տեսակի մէջ իւրայատուկ եւ յուշեր վերարթնացնող գրքի, հայոց հին դասագրքերի, գրենական պիտոյքների եւ նոյնիսկ աշակերտական նստարանների ու համազգեստների ցուցահանդէսի, ինչու չէ նաեւ նոր հրատարակութիւնների գրքի ցուցահանդէս-վաճառքի, որը կազմակերպել էր Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:

Միջոցառումը, որը կազմակերպւել էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Կրթական խորհրդի հովանաւորութեամբ՝ եւ բացումը կատարւեց Սրբազան Հօր ձեռամբ, կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքով հանդէս եկաւ Իռէն Աբնուսեանը: Նա ընդգծեց, որ ցուցահանդէսի նպատակն է հաւաքագրելով եւ ներկայացնելով Իրանում եւ այլուր տպագրւած եւ դասաւանդւած հայոց լեզւի, հայոց պատմութեան եւ կրօնի դասագրքերը համեմատութեան ու շփման կամուրջ ստեղծել անցեալի ու ներկայի միջեւ: Միջոցառմանը հրաւիրւեց թեմակալ առաջնորդը, ով իր խօսքը փոխանցելով ցուցահանդէսի կապակցութեամբ գնահատանքով անդրադարձաւ յանձնախմբին՝ Ազատ համալսարանի հայերէնագիտական ճիւղի շրջանաւարտներին ու պատասխանատուներին, որոնք նման ձեռնարկ կազմակերպելու մտայղացումը ունեցան: Սրբազան Հայրը հայոց լեզուն համարեց հայ ժողովրդի ինքնուրոյնութեան կնիքը եւ ընդգծեց, որ հայոց գիրը մեր ժողովրդի առջեւ բաց է անում հայ ժողովրդի սխրագործութեան եւ հոգեւոր, գրական ու մտաւոր հարստութիւնը, հետեւաբար որեւէ միջոցառում, որ նպաստում է մեզ այս ուղղութեամբ մեծապէս գնահատելի է եւ ներշնչող: Թեմակալ առաջնորդը ցաւով նշեց հայկական կոթողների ցաւալի իրավիճակի մասին ընդգծելով, որ Ամարաս վանքը որտեղ թաղւած է Ս. Գրիգոր Լուսաւորչի հայր՝ Գրիգորիս կաթողոկոսը, ով հիմնել է առաջին դպրոցը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը դասաւանդել է հայոց լեզուն, այսօր այդ վանքը աշխարհագրական վտանգաւոր դիրքի մէջ է: Թեմակալ առաջնորդը նշեց, որ կը գայ այն ժամանակը, երբ ժողովուրդը իր պայքարի ու յաղթանակի կամքով կը կարողանայ իր նւիրական արժէքները վերականգնել:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու վերապատւելի Սերգէյ Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրթական խորհրդի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները, «Ալիք» օրաթերթի արտօնատէր ճրտպ. Ալբերտ Աճեմեանը ինչպէս նաեւ՝ ուսուցիչներ:

Ցուցահանդէսը շարունակւելու է այսօր եւ վաղը՝ հոկտեմբերի 14-ին եւ 15-ին, առաւօտեան ժամը 11-ից մինչեւ երեկոյեան ժամը 19-ը, իսկ հոկտեմբերի 21-ին եւ 22-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում, եւ հոկտ. 28-ին ու 29-ին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։