Հա

Համայնք

16/10/2021 - 13:50

Հոգեհանգիստ եւ յարգանքի միջոցառում ի յիշատակ Աւետիս Պուլուզեանի

Յարգանք՝ Աւետիս (Աւօ) Պուլուզեանի եւ աւելի քան հինգ հազար Աւօների յիշատակին, ովքեր իրենց մատաղ կեանքը նւիրաբերեցին յանուն Հայրենիքի:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - Յարգանք՝ Աւետիս (Աւօ) Պուլուզեանի եւ աւելի քան հինգ հազար Աւօների յիշատակին, ովքեր իրենց մատաղ կեանքը նւիրաբերեցին յանուն Հայրենիքի:

2020 թւականի հոկտեմբերի 10-ին Հադրութում, վիրաւոր զինակցին բժշկական օգնութիւն ցուցաբերելու պահին հրետանային արկի բեկորը խլեց Աւոյի կեանքը, ով նահատակութիւնից քանի օր յետոյ, հոկտեմբերի 15-ին բոլորելու էր իր 20 տարեկանը, գիտակից ու անձնւէր երիտասարդ, ով ապագայում պիտի դառնար բժիշկ:

Հերոսի նահատակութեան առաջին տարելիցի առիթով երէկ, հոկտեմբերի 15-ին Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

Հոգեհանգստեան արարողութեան ընթացքում Թեմակալ առաջնորդը անդրադառնալով քրիստոնէութեան առումով նահատակութեան խոր իմաստին ընդգծեց, որ Յիսուս Քրիստոսը արհամարելով փառքը յանձն առաւ խաչւելու յանուն մարդկութեան եւ նշեց, որ քրիստոնէութեան առաջին շրջանի վկաները, յանուն ճշմարտութեան ու արդարութեան նահատակւելով եւ իրենց կեանքը զոհաբերելով, դարձան ներշնչման եւ զոհողութեան աղբիւր: Թեմակալ առաջնորդը կարեւորեց համբերութեան գործօնը,որով պէտք է պայքարել մեր դէմ ծառացող փորձութիւնների դէմ եւ ընդգծեց, որ մեր ժողովրդի կեանքի մէջ փորձութիւն է՝ անտարբերութիւնը հայոց լեզւի, հայ ժողովրդի պատմութեան ուսումնասիրութեան, մեր կրօնի ու մեր աւանդութիւնների նկատմամբ, որը մեզ հեռացնում է մեր առաքելութիւնից:

Սրբազան Հայրը ցաւով նշեց. «Ընդարձակւել է Եռաբլուրը եւ փոքրացել Հայաստանը ու կորցրել ենք մեր հայրենի հողը, սակայն պատմութիւնը վկայում է, որ մենք, երբ փորձութիւններին յաղթելու վճռակամութեամբ ենք պայքար տարել, կարողացել ենք վերստին տիրանալ մեր իրաւունքներին, մնում է, որ մեր երիտասարդութիւնը տէր կանգնի իր առաքելութեանը, մշակոյթին ու ազգային արժէքներին, որպէսզի դրանցով զրահաւորւած յաղթանակով շարունակի իր երթը»:

Կրօնական արարողութեան աւարտին եկեղեցու բակում կազմակերպւել էր յիշատակի միջոցառում, որը մեկնարկեց գիտակից հայ երիտասարդ Թրէյսի Նաւասարդեանի հեղինակած եւ նահատակ Աւոյին նւիրած ասմունքային խրոխտ կատարումով: Ապա կազմակերպիչ յանձնախմբի անունից ելոյթ ունենալով Բէսի Յովհաննիսեանը, ընդգծեց. «Մենք տղէրքին պարտք ունենք վերադարձնելու: Մենք նրանց արժանապատիւ ապրել ենք պարտք: Մենք նրանց մի ամբողջ խաղաղութիւն, արժանապատիւ խաղաղութիւն եւ երջանկութիւն ենք պարտք: Մենք նրանց ողջ Հայրենիք ենք պարտք»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։