Հա

Համայնք

04/12/2021 - 12:45

Ներկայացւեց «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը

«Իրանի հայկական եկեղեցիները» խորագրով գիրքը այն բացառիկ եւ ամբողջական հրատարակութիւնն է, որը արդիւնքն է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն, Հայաստանի ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի, յուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպութեան ազգային կոմիտէի անդամ, ճրտ. Շերլի Աւետեանի եւ նրա հետ համագործակցած խմբի բազմամեայ տքնաջան աշխատանքի:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - «Իրանի հայկական եկեղեցիները» խորագրով գիրքը այն բացառիկ եւ ամբողջական հրատարակութիւնն է, որը արդիւնքն է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն, Հայաստանի ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի, յուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպութեան ազգային կոմիտէի անդամ, ճրտ. Շերլի Աւետեանի եւ նրա հետ համագործակցած խմբի բազմամեայ տքնաջան աշխատանքի:

«Ալիք» հաստատութեան հովանաւորութեամբ գրքի ներկայացումը կատարւեց հինգշաբթի, դեկտեմբերի 2-ի երեկոյեան՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում:

Շնորհանդէսի կազմակերպիչ յանձնախմբի անունից Բեսի Յովհաննիսեանը իր ողջոյնի խօսքում ընդգծեց, որ «Հայութեան, Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի պահպանող կարեւոր յենասիւներից են ազգային արժէքները՝ մշակոյթը, լեզուն եւ Առաքելական եկեղեցին:

Եւ բնական էր, որ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում թիրախ դարձան Առաքելական եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Դաշնակցութիւնը առաջին ուժն էր, որ առանց տատանւելու թիկունք կանգնեց, եւ պաշտպանեց Հայոց եկեղեցուն եւ նրա սպասաւորներին:

Իսկ «Իրանի հայկական եկեղեցիներիը» գրքի հեղինակ ճարտարապետ Շերլի Աւետեանը հայկական արժէքները մարմնաւորող, մեր պատմա-մշակութային կոթողների, մասնաւորապէս՝ եկեղեցիների պահպանման գործի նւիրեալներից է»:

Ապա հրաւիրեց «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Արամ Շահնազարեանին, ով ընդգծեց, որ գիրքը իւրայատուկ քարտէզագրում է՝ այն պատմա-մշակութային ընթացքի, որ իրանահայութիւնը հազարամեակների ընթացքում անցել է հայկական եւ իրանական բարձրավանդակներում, սա իւրայատուկ քարտէզագրում է, սկսած 5-րդ դարից Ատրպատականի շրջանում կառուցւած մինչ 1600 թւականներից յետոյ այն պատմա-մշակութային կոթողների, որոնք ստեղծւել են Իրանի ժամանակի հայահոծ տարբեր շրջաններում: Նա ապա անդրադարձաւ ազգային պատմա-մշակութային եւ եկեղեցական կոթողների կարեւորութեանը, որոնք պահպանում ու ներկայացնում են իւրայատուկ նկարագիր ու պատկեր եւ նշեց, որ պատմա-մշակութային կոթողների շնորհիւ է, որ պարզւում է ժողովրդի անցած պատմական ուղին: Նա նաեւ այս գիրքը համարեց ապացոյց աշխարհին, թէ իսլամական Իրանում, իշխանութիւնները ինչպիսի գուրգուրանքով են պահպանում հայկական պատմա-մշակութային կոթողները հակառակ Իրանի երկու հարեւանների, եւ գիրքը համարեց կարեւոր ժառանգութիւնը հայ ժողովրդի:

Շնորհանդէսին գրքի բովանդակութեան եւ երկարամեայ աշխատանքի մասին խօսեց գրքի հեղինակ ճրտ. Շերլի Աւետեանը, ով գիրքը նւիրել է իր ծնողների յիշատակին: Նա սկզբում ակնարկ նետեց Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի աշխատանքներին, որի տնօրէնն է 2000 թւականից ի վեր: Նա անդրադարձաւ ԻՒՆԵՍԿՕ-ում Իրանի մի շարք հայկական եկեղեցիների ու վանքերի գրանցման մասին եւ նշեց, որ երկարատեւ աշխատանքի արդիւնքում պարզւեց, որ համայն Իրանում գոյութիւն ունի 457 հայկական եւ 157 ասորական եկեղեցիներ: Նա ընդգծեց, որ սերտ համագործակցութիւն է դրսեւորել Հայաստանում հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութեան հիմնադրամի հետ, որը հիմնադրւել էր ճրտ. հանգուցեալներ Արմէն Հախնազարեանի եւ հետագայում տնօրինւել է ճրտ. Սամուէլ Կարապետեանի միջոցով: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ ճրտ. Վարուժան Առաքելեանի շատ կարեւոր եւ գնահատելի աշխատանքին ու նրա փոխանցած ցուցումներին:

Ճրտ. Շերլի Աւետեանը իր ելոյթում համապարփակ գծերով անդրադարձաւ Ս. Թադէոս Առաքեալի, Ս. Ստեփանոս Նախավկայի վերանորոգման աշխատանքներին, եւ կարեւորեց իրանահայ համայնքի երեք թեմերի հոգեւոր առաջնորդների անվերապահ աջակցութիւններին ու հովանաւորութիւններին եւ կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի զանազան տարածքներում գտնւող մեր պատմա-մշակութային կոթողները յաճախակի այցելելու անհրաժեշտութեանը:

Վերջում եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ ընդգծեց, որ ամէն մի եկեղեցի իր պատմութիւնը ունի եւ համարւում է լուսաւոր ջահ, որի ամենավառ օրինակներից է Ս. Թադէոս Առաքեալի վանքը, որը համապարփակ օգտագործման կենտրոն է եղել:

Սրբազան Հայրը անդրադառնալով գրքին, ընդգծեց, որ նման աշխատանքները մեզ մօտ առաջացնում եւ ամրապնդում են պատկանելիութեան եւ ինքնուրոյնութեան զգացումը: Սրբազան Հայրը մեծապէս գնահատելով աշխատանքը նշեց, որ նման աշխատութիւնները մեր կեանքի ու մեր ժողովրդի անցեալի ու պատմութեան հայելին են, եւ երբ մենք սնւենք մեր պատմութեամբ այդ ժամանակ մենք մեզ աւելի ամուր ու ուժեղ կը զգանք:

Տ. Սեպուհ արք. Սարգսեանը շեշտեց, որ Շերլի Աւետեանը իր անմնացորդ աշխատանքի բերումով գնահատւելու եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինումով պարգեւատրւելու է Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգայի-կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Թովմաս Թովմասեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների, միութիւնների, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, եւ արւեստագէտներ ու ճարտարապետներ:

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։