Հա

Համայնք

05/12/2021 - 14:00

Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը

Երէկ, դեկտեմբերի 4-ի երեկոյեան գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, դեկտեմբերի 4-ի երեկոյեան գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:

Աւելի քան 30 պատգամաւորների մասնակցութեամբ եւ նորընտիր Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի ու Հաշւեքննիչ մարմնի ներկայութեամբ ժողովը, որը կազմակերպւել էր Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, զբաղւեց 7 օրակարգերով:

Առաջին երկու օրակարգերից յետոյ Տէրունական աղօթք եւ ներկաների թւային պատկերի ստուգումից յետոյ, ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը կարեւորութեամբ նշեց, որ ներկայ ընկճւած ու լճացած իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ համայնքի բոլոր միաւորները ամենայն պատասխանատւութեամբ ու յանձնառութեամբ աշխատեն:

Ժողովի երրորդ օրակարգով, Կրօնական խորհուրդը ներկայացրեց իր առաջիկայ ծրագրերը, որը ընթերցեց Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը: Բազմաթիւ գլուխներից ու ենթագլուխներից բաղկացած ծրագրի օրակարգում էր համայնքի ազգային, կրօնական եւ հոգե-մտաւոր կարիքներին առաւել հետամուտ լինելու անհրաժեշտութիւնը, յատկապէս ընտանիքների մօտ կորոնայի պատճառով կրած վնասներից յետոյ: Ծրագիրը ներկայացնելուց յետոյ պատգամաւորները ուղղեցին իրենց հարցերը, որոնց պատասխանում էին քահանայ հայրերը: Սրբազան Հայրը անդրադառնալով համայնքում յոյսի, սթափւելու եւ զգօնութեան վերակենդանացման անհրաժեշտութեանը, որը ի մասնաւորի խարխլւել է թէ՛ կորոնայի, եւ թէ՛ յատկապէս Հայաստանի ու Արցախի վերջին իրադարձութիւններից յետոյ, կարեւորութեամբ անդրադարձաւ ազգային ու հոգեւոր արժէքներին տէր կանգնելուն եւ ողջունեց օրերս Սիրիայի խորհրդարանի հնչեցրած պահանջը՝ Թուրքիայից իր տարածքների վերադարձնելու մասին եւ ընդգծեց, որ նման քայլերով վերականգնւում է ժողովրդի հաւատքը: Պատգամաւորների կողմից եւս աշխատանքային նոր առաջարկներ եղան Կրօնական խորհրդին եւ ընդհանրութեան մէջ հաստատւեց խորհրդի ներկայացրած ծրագիրը: Յաջորդ գլխի տակ, Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը ՊԺ-ի դիւանին ներկայացրեց առաջիկայ երկամեայ կտրւածքով աշխատելու նպատակով՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, Եկեղեցական խորհուրդների, եւ ազգային կառոյցների համար նախատեսւած ցանկերը, որոնք մէկ առ մէկ ներկայացւեցին ժողովին եւ պատգամաւորների բուռն քննարկումների արդիւնքում Կրթական խորհրդի մասով, որոշում ընդունւեց, որ Թեմական խորհուրդը եւ ՊԺ-ի Կրթական յանձնախումբը համագործակցաբար վերանայեն Կրթական խորհրդի ցանկը եւ մինչեւ երկու շաբաթ այն յանձնեն ՊԺ-ի դիւանին. որոշւեց նաեւ համալրել գերեզմանատների խորհրդի կազմը եւս:

Յաջորդ գլխի տակ նորընտիր Թեմական խորհրդին ներկայացւեց առաջիկայ երկամեայ աշխատանքի համար ՊԺ-ի առաջարկութիւնների փաթեթը, որոնք քննարկւեցին նաեւ պատգամաւորների կողմից ու նաեւ ներկայացւեցին նոր առաջարկութիւններ համայնքի տնտեսական կարողականութիւնները բարելաւելու եւ բացերը կարգաւորելու նպատակով, որոշւեց առաջարկութիւնների փաթեթը յանձնւի Թեմական խորհրդին առ ի նկատառում իրենց առաջիկայ ծրագրերում:

Յաջորդ օրակարգով ժողովը զբաղւեց կանոնագրքի եւ ընտրական օրէնսգրքի վերատեսութեան հարցով, եւ որոշւեց, որ համապատասխան յանձնախմբեր կեանքի կոչւեն եւ անյապաղ վերահասու լինեն այդ հարցին:

Օրակարգի վերջում ժողովը զբաղւեց ՊԺ-ի մանդատի եւ առաջիկայ ՊԺ-ի ընտրութիւնների հարցով: ՊԺ-ի ատենապետը նշեց, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով մէկ տարի է ինչ յետաձգւել է ՊԺ-ի նոր ընտրութիւնները, որի մասին տեղեակ է պահւել նաեւ Ներքին գործերի նախարարութեանը եւ ընդգծեց, որ անհրաժեշտ է օր առաջ քննարկւի նաեւ այս հարցը եւ ճշտւի ընտրութիւնների թէ՛ ձեւը, եւ թէ՛ թւականը, որի մասին ՊԺ-ն հանդէս կը գայ հաղորդագրութեամբ: ՊԺ-ի հերթական նիստը փակւեց շուրջ չորսժամեայ քննարկումներից յետոյ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։