Ամանորի առիթով դեկտեմբերի 31-ի կէսգիշերւան, նաեւ յունւարի 1-ի առաւօտեան, Թեհրանի հինգ եկեղեցիներ՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանաց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում մատուցւեց ս.պատարագ:
Թեմակալ առաջնորդ.
«Դժւարութիւնները պէտք է մեր մէջ դիմադրողականութիւնը հզօրացնեն»
«ԱԼԻՔ», Կ.Դ.- Ամանորի առիթով դեկտեմբերի 31-ի կէսգիշերւան, նաեւ յունւարի 1-ի առաւօտեան, Թեհրանի հինգ եկեղեցիներ՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանաց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում մատուցւեց ս.պատարագ:
Ս. Սարգիս եկեղեցում, որտեղ ս. պատարագը սկսւեց կէս գիշերւայ ժամը 12-ին՝ եկեղեցու զանգերի ղօղանջով, եւ տեւեց մինչեւ լուսաբացի ժամի 2-ը, եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագ մատուցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը ս. պատարագի ընթացքում իր քարոզի ժամանակ շնորհաւորելով տարեմուտը մաղթեց, որ 2022-ը բոլորի համար դառնայ աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի տարի եւ նշեց, որ ժամանակը, իր անակնկալ եւ աննախատեսելի իրադարձութիւններով մեզ ստիպում է արթուն մնալ եւ Նոր տարւայ խորհուրդով կերպարանափոխւած ապրել կեանքը՝ հաւատարիմ մեր կոչումին: Թեմակալ առաջնորդը իր քարոզի այլ բաժնում նշեց, որ Նոր տարին մեզ վերանորոգւելու մարտահրաւէրի դիմաց է կանգնեցնում եւ անդրադառնալով Արցախի տխուր կարգավիճակին ու Հայաստանի ինքնիշխան տարածքների անմխիթար վիճակին, նաեւ թշնամու կողմից հնչող ամենօրեայ սպառնալիքներին ընդգծեց, որ այս ճակատագրական եւ վճռորոշ ժամանակահատւածի դժւարութիւնները ոչ թէ պէտք է մեզ ընկճեն, այլ պէտք է մեր մէջ դիմադրողականութիւնը հզօրացնեն եւ ամրապնդեն մեր կամքը, մեր հաւատքը, մեր կոչումը եւ մեր առաքելութիւնը:
Յաւարտ ս. պատարագի եկեղեցում ներկայ փոքրիկներին նւիրւում էր Եկեղեցական խորհրդի կողմից պատրաստւած նւէրներ: