Հա

Համայնք

05/01/2022 - 11:50

Քրիստոսի Ծնունդով փրկութիւն շնորհւեց մարդկութեան

Այսօրւայ աշխարհը կարիքը ունի խաղաղութեան, սիրոյ, հանդուրժողութեան, խաղաղ ու համատեղ համագործակցութեան։ Առանց սիրոյ եւ խաղաղութեան մարդկային կեանքը նմանւում է անպտուղ ծառի, որ դատապարտւած է չորացման։ Փրկչի ծնունդով աշխարհի վրայ սիրոյ, խաղաղութեան եւ հաճութեան հաստատման աւետիսն է տրւում։ Ու մենք հրաւիրւած ենք զգաստութեամբ, զգօնութեամբ ընդառաջ գնալու աստւածային այդ սիրոյ, խաղաղութեան եւ հաճութեան, որպէսզի կարողանանք վայելել մեզի շնորհւած խաղաղութիւնը։

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ, Ամէն.

Այս օրերին քրիստոնեայ աշխարհը, մի անգամ եւս, բուրումնաւէտւած է տիեզերքի Արարիչ Աստծու մարդեղութեան խորհուրդից տարածւող անուշահոտ բուրմունքով։ Մի անգամ եւս քրիստոնեայ աշխարհը Փրկիչ Աստծու ծննդեան խորհուրդով ապրում է երջանկութիւնը Ծննդեան, որով փրկութեան աւետիսն էր տրւում։ Քրիստոսի ծննդեան գիշերն, ասում է Ղուկաս Աւետարանիչը «Դաշտերում հովիւներ կային, որոնք պահակութիւն էին անում իրենց ոչխարներին։ Այդ միջոցին Տիրոջ հրեշտակն երեւում է նրանց եւ Տիրոջ փառքը լոյսի պէս ծագում է նրանց վրայ»։ Հովիւները սարսափեցին մի պահ, սակայն վրայ է հասնում Աստծու հրեշտակը, որ ասում է. «Մի՛ վախեցէք, ես մի աւետիս եմ տալու ձեզ, որ մեծ ուրախութիւն պիտի պատճառի ամբողջ ժողովրդին։ Այսօր Դաւթի քաղաքում ծնւեց ձեր Փրկիչը, որ Օծեալ Տէրն է։ Ձեզ համար ապացոյց թող լինի հետեւեալը, այնտեղ դուք կը կգտնէք խանձարուրով փաթաթւած եւ մսուրի մէջ դրւած մի մանուկ»։

Հրեշտակները մի Փրկչի ծննդեան աշխարհ գալուն աւետիսը տալիս են հովիւներին եւ նրանց միջոցով աշխարհին, մի աշխարհ, որ տառապում էր անորոշութեան մէջ եւ որ ապրում էր խաւարում։ Քրիստոսի ծննդեան ժամանակահատւածում տիեզերքը ամբողջ ջերմեռանդ հաւատքով սպասում էր իր փրկութեան։ Մարդկանց հայեացքները ուղղւած էին երկնքին, որից ակնկալւում էր փրկութիւն, որը նաեւ խաղաղութիւն պիտի բերէր։

Փոթորկայոյզ աշխարհը հակառակ հռոմէական կայսրութեան միահեծան իշխանութեան խռովայոյզ վիճակում էր։ Կայսրերի աստւածացումը լուծում չէր բերում իրենց ներքին խռովքին, տագնապին։ Կայսրերի աստւածացման խորհուրդն ու աստղերի, բնութեան տարրերի պաշտամունքը եւս գոհացում չէր տալիս նրանց հոգեւոր ապրումներին, դրա համար էլ հեթանոս այս աշխարհում աստիճանաբար առաջ է գալիս փրկութեան անորոշ, աղօտ գաղափարը։

Աստւածաշունչ Մատեանը պարզ բառերով Փրկչի փրկութեան գաղափարը անձնաւորում է այն կապելով եբրայեցի ժողովրդի թշնամիներից, գերութիւնից ազատւելու երեւոյթին։ Դատաւորաց գրքում կարդում ենք երբ իսրայէլացիները «մոռացան իրենց Տէր Աստծուն» Աստւած պատժեց նրանց, թշնամիներին յանձնելով նրանց. ժողովուրդը այս տեսնելով «աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տէրը Իսրայէլի համար մի Փրկիչ մէջտեղ հանեց»։ Եսայի մարգարէն ասում է. «Դու ես Աստւածը, իսկ մենք չգիտէինք. ո՜վ Աստւած՝ փրկիչդ Իսրայէլի» (45։15)։ Քիչ յետոյ մարգարէն նորից յիշեցնում է «Ես եմ Աստւածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստւածը»(45։21)։ Մարգարէական գրականութեան մէջ հանդիպում ենք Աստծու տրւած Փրկիչ տիտղոսին։ «Յայտնի՛ր ինձ քո կամքը, Տէ՛ր, քո ճամբաները սովորեցրու ինձ։ Սովորեցրու ինձ եւ առաջնորդի՛ր, որ անխախտ մնամ քո ճշմարտութեան հետ որովհետեւ դո՛ւ ես իմ Աստւածը, իմ փրկիչը» (Սղ. 25։5)։ Նոյնիմաստ մարգարէութեամբ Միքիա մարգարէն ասում է. «Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ Փրկիչ Աստծուն եւ իմ Տէր Աստւածը կը լսի ինձ» (Միք. 7։7)։ Եսայի մարգարէն աւելի շեշտակի եւ զօրաւոր կերպով ասում է. «Ահա Աստւածն իմ եւ Փրկիչ Տէրն իմ, ես յոյսս դրեցի նրա վրայ եւ երկիւղ չեմ կրելու, քանզի Տէրն իմ փառքն ու իմ օրհնութիւնը եւ փրկութիւն եղաւ ինձ համար»։

Նոր Կտակարանի մէջ եւս Աստւած Փրկիչ է։ Աստւածամօր գովերգութեան մէջ կարդում ենք.-

Կը գովերգեմ Տիրոջը,

Ահա հոգիս ցնծում է

Աստծով՝ իմ փրկիչով (Ղկ. 1։46)

Պօղոս Առաքեալ յաճախ յիշում է, որ ինք իր առաքելութեան կոչումը, ստացած է Աստծուց, Փրկիչից, «Ես Պօղոսս, որ Յիսուս Քրիստոսի առաքեալն եմ մեր փրկիչ Աստծու» (Ա.Տմ.1։1)։ Առաքեալը Տիմոթէոսին յորդոր է տալիս աղօթքի մասին, թելադրելով, որ շարունակ աղօթեն եւ աղօթեն բոլորի համար, յաւելելովՈրովհետեւ ա՛յդ է բարին եւ ա՛յդ է փափագում Աստւած մեր փրկիչը» (Ա. Տմ. 2։3)։ Խօսելով Քրիստոսի իսկական ծառայի կերպարի մասին, յատուկ խրատներ թելադրելով հեթանոսաց առաքեալը եզրակացնում էՈրովհետեւ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծու վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց եւ մանաւանդ հաւատացեալների» (Ա Տմ. 4։9)։

Արդարեւ Աստւածաշունչը մեզ ուսուցանում է, որ Աստւած այն օրից, երբ պատժեց մեր նախածնողներին՝ Ադամին եւ Եւային, նրանց արտաքսելով երանական դրախտից, միեւնոյն ժամանակ նա մղւելով իր հայրական սիրուց, գութից, ողորմածութիւնից փրկութիւն խոստացաւ մարդկութեան եւ ահա ի լրումն ժամանակի նա իր ծրագիրը իրագործեց իր միածին Որդուն աշխարհ ուղարկելով ու դրա համար է, որ Քրիստոսի ծննդեան գիշերը հրեշտակը աւետում է Փրկչին ծնունդն ու խաղաղութեան ու հաճութեան հաստատումը երկրի վրայ։ Պօղոս Առաքեալի բառերով «Աստւած՝ մեր փրկիչը, իր քաղցրութիւնն ու մարդասիրութիւնը յայտնեց եւ փրկեց մեզ ո՛չ թէ մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապէս իր ողորմած լինելու համար» (Տտ. 3։4)։ Առաքեալը թելադրում է չտկարանալ չարչարանքների մէջ, «Յանձն առնել չարչարւել Աւետարանի համար, որքան որ քեզ կարողութիւն տայ Աստւած, Նա ով փրկեց մեզ եւ հրաւիրեց մեզ իր Սուրբ ժողովուրդը լինելու ոչ թէ մեր արժանիքների համար, այլ համաձայն իր ծրագրի եւ այն շնորհի, որ մեզ էր տրւել Յիսուս Քրիստոսի միջոցով յաւիտենական ժամանակներից իսկ առաջ»։(Բ Տմ. 1։9)։

Յովհաննէս Առաքեալը խօսելով Աստծու եւ Քրիստոսի փոխադարձ կապակցութեան ու յարաբերութեան մասին ասում է. «Եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց, որպէսզի նա աշխարհի փրկիչը լինի։ Ով դաւանում է, թէ Յիսուս Աստծու որդին է, նա միացած է մնում Աստծուն, եւ Աստւած էլ՝ նրան» (Ա Յհ. 4։14)։

Արդարեւ Աստւած մարդացաւ, որպէսզի մարդուն վերադարձնէր իր կորսնցուցած աստւածաստեղծ պատկերը եւ միաժամանակ մարդուն առաջնորդէր դէպի իրական ու վաւերական ճանապարհը ճշմարտութեան եւ կեանքի հաստատելով միաժամանակ, որ Աստւած նոյնինքն Քրիստոսն է եւ Քրիստոսն էլ՝ Աստւած։

Դարերով փրկութեան կարօտով տագնապող աշխարհը կը գտնէր իր Փրկիչը, որ կոչւած էր հոգեկան խաղաղութիւն եւ հաճութիւն շնորհել խռովայոյզ աշխարհին։

Եբրայեցի ժողովուրդը սակայն հեռացած լինելով մարգարէական խոստումի ոգուց, սպասում էր ֆիզիկական փրկութեան, թշնամիից ազատւելուն։ Մոռացւել էր Եսայի մարգարէի մարգարէութիւնը, որ ասում էր. «Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» (Ես.7։14)։ Միքիէ մարգարէն իր հերթին կանխատեսել էր Բեթղեհէմում Փրկչի աշխարհ գալը։ Այդ մոռացումը փակել էր իրենց աչքերը։ Սակայն Աստւած չէր մոռացել իր խոստումը, որ ահա ի լրումն ժամանակի իրագործւում էր Փրկչի ծնունդով։

Գալիս էր Փրկիչը փրկելու իր ժողովուրդը, որ ընկղած էր մեղքի տիղմի եւ շրջապատի քաղաքական, տնտեսական, հասարակական տագնապների մէջ։ Անջրպետ էր գոյացել հոգեւորի եւ նիւթական իրականութիւնների միջեւ։ Եբրայեցի ժողովուրդը սպասում էր մի փրկչի, ազատարարի, իշխանի, որ պիտի գար սուրով նրան փրկելու թշնամու տիրապետութիւնից։ Փրկչի գալուստից յետոյ, երբ տեսան ու լսեցին Փրկչի իրական առաքելութեան մասին, տարակուսանքով մօտեցան իրեն, ստուգելու համար, թէ արդեօք նա իրենց ակնկալած թագաւորն էր։ Քրիստոս Փրկիչը յստակօրէն ասաց այո՛, ես եմ սպասւած Փրկիչն ու թագաւորը, սակայն իմ հաստատելիք թագաւորութիւնը այս աշխարհից չէ, այլ երկնային թագաւորութիւն է։

Քրիստոս աշխարհ եկաւ իբրեւ փրկիչ, որպէսզի ժողովրդին փրկէր, ազատէր նաեւ մահւան սարսափից, այլեւ վտանգից, փորձութիւններից եւ բոլոր այն երեւոյթներից, որոնք մարդն ապակողմնորոշում են։ Փրկել տակաւին նշանակում է բիւրեղացնել մարդու հոգին, զտել ու մաքրել, որպէսզի նա մաքուր սրտով ու հոգիով մօտենայ Քրիստոսին, արժանանալու խոստացւած փրկութեան։ Փրկիչը իր առաքելութիւնը իրականացնելիս բուժում է հիւանդներին իբրեւ արդիւնք իրենց հաւատքի։ Պօղոս Առաքեալ Տիմոթէոս իր սիրելի աշակերտին գրած երկրորդ նամակում ասում է. «Աստւած ինձ ազատեց ստոյգ մահից, նա կազատի ու կը փրկի ինձ ամէն չարիքից՝ հասցնելով ինձ իր երկնային արքայութեանը»(Բ Տմ. 4։18)։

Հրեշտակի միջոցով հովիւներին տրւած Աւետիսը կեանքի աւետիս էր, իրական կեանքի, որով մարդն ու աշխարհը պիտի կերպարանափոխւեն, շնորհազարդւեն։ Սիմէոն Ծերունին, որ տաճարում ընդունեց մանուկ Քրիստոսին, Սուրբ Հոգու զօրութեամբ բացականչեց.

«Այժմ, ո՛վ Տէր, համաձայն քո խոստման՝ թող որ քո ծառան մեռնի խաղաղութեամբ, Քանզի աչքերս տեսան Փրկչին, որ ուղարկեցիր դու բոլոր ժողովուրդներին, որպէս լոյս՝ լուսաւորելու հեթանոսներին եւ լինելու փառքն Իսրայէլի՝ քո ժողովրդի» (Ղկ. 2։29-32)։

Այսօրւայ աշխարհը տիրապետւած համաճարակով վերածւել է վտանգներով, փորձութիւններով լի մի մեծ կաթսայի՝ պատրաստ որեւէ մէկ րոպէին պայթելու։ Պատերազմներն ու միմեանց դէմ առճակատումը, ժողովուրդների միջեւ ատելութեան, անվստահութեան առկայութիւնը, հասարակական կեանքի խաթարումը, ընտանեկան սրբութեան պղծումը նշաններ են, որոնք մեզ յիշեցնում են այն ժամանակաշրջանը, երբ Քրիստոս ծնւում էր իբրեւ Փրկիչ, փրկելու մարդկութիւնը այն վերածելով «ընտիր անօթի» ի սպասաւորութիւն Ամենակալ Աստծուն եւ Իր արարածներին։

Այսօրւայ աշխարհը կարիքը ունի խաղաղութեան, սիրոյ, հանդուրժողութեան, խաղաղ ու համատեղ համագործակցութեան։ Առանց սիրոյ եւ խաղաղութեան մարդկային կեանքը նմանւում է անպտուղ ծառի, որ դատապարտւած է չորացման։ Փրկչի ծնունդով աշխարհի վրայ սիրոյ, խաղաղութեան եւ հաճութեան հաստատման աւետիսն է տրւում։ Ու մենք հրաւիրւած ենք զգաստութեամբ, զգօնութեամբ ընդառաջ գնալու աստւածային այդ սիրոյ, խաղաղութեան եւ հաճութեան, որպէսզի կարողանանք վայելել մեզի շնորհւած խաղաղութիւնը։

Մեր ժողովուրդը իր անցեալ երկու հազար տարիների կեանքը իմաստաւորեց աշխարհի Փրկչի ծնունդով մեզի պարգեււած սիրոյ, խաղաղութեան եւ հաճութեան շնորհքով։ Մեր պատմութեան տխուր թէ ուրախ պահերին հայը հաւատարիմ իր հաւատքին եւ իր Փրկչի կեանքից ճառագայթող լոյսով քայլեց, աւելին, եղաւ լոյս իր շրջապատին։

Այսօր դժբախտաբար հայ ժողովուրդը, Սփիւռքում, Հայրենիքում ու Արցախում ապրում է իր կեանքի ճակատագրական եւ անորոշ մի ժամանակահատւածում, որտեղ իր գոյութիւնը մեծ հարցականի առաջ է։ Հայոց երկնակամարը գորշ եւ մութ ամպերով է պարուրւած։ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանական եւ Թուրքական ակցիայի մէջ է մնացել։ Ոչ միայն Արցախի հողատարածքի մեծ մասը կորցրինք, այլեւ Հայաստանի մի հատւածը 2021 թւականի մայիսից սկսեալ գրաււած է մնում Ադրբեջանական զաւթիչ ուժերի կողմից եւ տարօրինակօրէն Հայաստանի իշխանութիւնները որեւէ մէկ բան չեն անում Հայաստանի հողային ամբողջութիւնը վերահաստատելու ուղղութեամբ. ի՜նչ դառն եւ տխուր իրականութիւն։ Տակաւին մարդիկ պատմութիւնը խեղաթիւրելու, Ցեղասպանութիւնը հարցականի տակ դնելու, ազգային ու հոգեւոր արժէքները մոռանալու փորձութեան առաջ են կանգնած։ Հարկ է այս հանգրւանին յիշել անմահանուն Թումանեանի խօսքը. «Անցեալի պատմութիւնը մի լուսաւոր լապտեր է, որ ամէն մի ժողովուրդ ձեռքին պէտք է ունենայ իր ճամբէն անմոլոր գնալու համար»։ Հետեւաբար կոչւած ենք մեր պատմութեան հետքերով ընթանալու, որպէսզի մոլորութեան մէջ չընկնենք։

Մեր ժողովուրդը նման դառն իրադարձութիւնների թատերաբեմ եղել է եւ սակայն երբեք չի յուսահատւել, որովհետեւ հաւատացած է, որ նման դառն իրադարձութիւններն էլ չեն կարող մնայուն լինել, մանաւանդ երբ հաւատքով եւ միասնականութեան ոգիով զրահաւորւած ապրում ու գործում է հայը։

Տօնական այս օրերին պարտինք վերատեսել մեր կեանքը. համախմբւենք իրար շուրջ եւ բռունցքւած մեր կեանքի գոյապայքարը շարունակենք։ Երկու հազար տարի առաջ աշխարհ եկաւ մեր Փրկիչը ի խնդիր մարդկութեան փրկութեան։ Մենք եւս մեր հաւատքով գօտեպինդ կարող ենք ծնունդ տալ մի փրկչի, որ հայկեան ազատատենչ հոգիով եւ Մամիկոնեան զօրավարների աննկուն կամքով եւ մարտնչումով հնարաւոր կը լինի պարտութիւնները փոխարինել յաղթանակներով։ Միասնութիւնը պէտք է լինի մեր ազգային ուխտը այլեւ խորհրդանիշը մեր արժանապատւութեան։

Ամանորեան եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօներից մեզ փոխանցւող սիրոյ, խաղաղութեան ու հաճութեան զգացումներով լուսաւորւած շնորհաւորենք միմեանց աղօթելով միանգամայն աշխարհի խաղաղութեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ իր ժողովրդի, մեր պատմական հայրենիքի ու Արցախի, մեր եկեղեցու եւ նրա նւիրապետական Աթոռների եւ նրանց արժանընտիր գահակալների արեւշատութեան, արդիւնաւէտ գործունէութեան եւ խաղաղութեան համար ու աղօթքով ձայնակցենք երկնային հրեշտակին երգելով.

«Փ՜առք Աստծուն՝ բարձունքներում,

Խաղաղութի՜ւն երկրի վրայ

եւ հաճութիւն մարդկանց միջեւ»:

 

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ.

Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս, Ամէն։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

6 յունւարի 2022

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։