Հա

Համայնք

10/01/2022 - 14:10

Պետական կառոյցների ներկայացուցիչների Ամանորի շնորհաւորական այցը՝ ազգային առաջնորդարան

Ամանորի եւ Ս. Ծննդեան ու մկրտութեան տօների առիթով, երէկ, յունւարի 9-ի, երեկոյեան շնորհաւորական այցով ազգային առաջնորդարանում հիւրընկալւեցին երկրի պետական պաշտօնեաներ, ինչպէս հանր. նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալ՝ Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին, Թեհրանի կուսակալ Իսա Ֆահադին, նահատակ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի դուստր Նարջես Սոլէյմանին, Թեհրանի Քաղխորհրդի ատենապետ դոկտ. Մեհդի Չամրանը, Թեհրանի Քաղխորհրդի անդամներ, Իրանի մի քանի բանկերի նախագահներ ու տնօրէններ եւ գործարարներ:

Թեմակալ առաջնորդ.

«Նման հաւաքը գեղեցիկ վկայութիւնն է երկու կրօնների խաղաղ գոյակցութեան»

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Ամանորի եւ Ս. Ծննդեան ու մկրտութեան տօների առիթով, երէկ, յունւարի 9-ի, երեկոյեան շնորհաւորական այցով ազգային առաջնորդարանում հիւրընկալւեցին երկրի պետական պաշտօնեաներ, ինչպէս հանր. նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալ՝ Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին, Թեհրանի կուսակալ Իսա Ֆահադին, նահատակ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի դուստր Նարջես Սոլէյմանին, Թեհրանի Քաղխորհրդի ատենապետ դոկտ. Մեհդի Չամրանը, Թեհրանի Քաղխորհրդի անդամներ, Իրանի մի քանի բանկերի նախագահներ ու տնօրէններ եւ գործարարներ:

Սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ուղղելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընդգծեց, որ այս հաւաքը գեղեցիկ վկայութիւնն է երկու կրօնների երկխօսութեան ու խաղաղ գոյակցութեան, եւ պատմութիւնը վկայում է, որ տարբեր կրօնների հետեւորդները Իրանի երկնակամարի ներքոյ հանգիստ կեանք են վարել, եւ որեւէ ժամանակ կրօնական առումով դժւարութիւն չի եղել: Թեմակալ առաջնորդը իր ելոյթի այլ բաժնում անդրադառնալով նահատակ Ղասեմ Սոլէյմանիին, ընդգծեց. «Երկու տարի առաջ այս օրերին Իրանը կորցրեց իր ազնւագոյն զաւակներից՝ զօրավար Ղասեմ Սոլէյմանիին, բայց մենք մեր կրօնական հաւատքով եւ ապրումներով հաւատացած ենք, որ նա, ով իր կրօնական առաքելութեան ճանապարհին մահանում է, նա չի մեռնում, այլ յաւիտենապէս ապրում է»:

Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան հանր. նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալ դոկտ. Հոսէյնին, նահատակ Ղասեմ Սոլէյմանիի դուստրը, Թեհրանի կուսակալը, Քաղխորհրդի նախագահը, Քաղխորհրդի տարբեր յանձնաժողովների նախագահները եւ գործարարները, որոնք շնորհաւորելով Ամանորը եւ Ս. Ծնունդը, կարեւորեցին Իրանում հայ ժողովրդի անմնացորդ դերը թէ՛ երկրի ամբողջականութիւը պաշտպանելու, եւ թէ՛ վերաշինութեան առումով եւ մեծարեցին հայ նահատակների յիշատակը: Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, եւ Թեհրանի ու հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւս ողջունելով հիւրերին, առանձին ելոյթներով արտայայտւեցին նշելով, որ նման հաւաքականութիւն կարող է աշխարհին պատգամել այն փոխգործակցութիւնը եւ միասնականութիւնը, որը տիրում է համայն Իրանում:

Միջոցառմանը ներկայ էին՝ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները եւ ազգային առաջնորդարանի դիւանապետը:

Վերջում յուշանւէրներ փոխանակւեցին կողմերի միջեւ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։