Հա

Համայնք

11/01/2022 - 09:20

Սուրբ Ծննդեան օրերի արարողութիւնները Թեհրանի հայոց եկեղեցիներում

Սուրբ Ծննդեան տօնական օրերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի, Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան ժամերգութիւն եւ սուրբ եւ անմահ պատարագ նաեւ Քրիստոսի Մկրտութեան խորհրդաւոր արարողութիւն:

Սուրբ Ծննդեան տօնական օրերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի, Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան ժամերգութիւն եւ սուրբ եւ անմահ պատարագ նաեւ Քրիստոսի Մկրտութեան խորհրդաւոր արարողութիւն:

Հին Բուրաստանի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Նոր Բուրաստանի Սուրբ Ստեփանոս մատուռներում եւս մեռելոցի առիթով մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ:

Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը չորեքշաբթի, 5 յունւարի 2022 թ.-ին, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի առիթով պատարագեց եւ իր հայրական պատգամը փոխանցեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։ Իսկ հինգշաբթի, յունւարի 6-ին, Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի առիթով, Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր եկեղեցում մատուցեց սուրբ եւ անմահ պատարագ եւ նախագահեց ու կատարեց Ջրօրհնէքի արարողութիւնը:

Արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլ. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արսէն Աւագեանը եւ դեսպանութեան անձնակազմը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը:

Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը չորեքշաբթի, 5 յունւարի 2022 թ.-ին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Ճրագալոյցի արարողութեանց նախագահեց եւ մատուցեց սուրբ եւ անմահ պատարագ, իսկ հինգշաբթի, յունւարի 6-ին Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի առիթով պատարագեց եւ քարոզեց ու կատարեց Ջրօրհնէքի արարողութիւնը Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։

Սրբազան Հայրը՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում յընթացս քարոզի մաղթեց, որ Բեթղեհէմի մսուրում ծնւած Փրկիչը իւրաքանչիւրին տայ առողջութիւն, խաղաղութիւն, արեւշատութիւն, որպէսզի բոլորը միասնաբար գործով եւ խօսքով Նրա փառքը հիւսեն, ապա անդրադառնալով Սուրբ Ծննդեան դէպքի պատմականին յոյս յայտնեց հրեշտակների կողմից հովիւներին տրւած յուսադրիչ աւետիսը լինի բոլորին: Նա իր խօսքը շարունակելով, ակնարկեց այն ճշմարտութեան, որ Երկնային Փրկիչը աշխարհ էր եկել, փրկելու մարդկութեանը մեղքից ու յաւիտենական մահից, որովհետեւ մարգարէները վաղուց մարգարէացել էին կուսածին Փրկչի ծնունդը, որը պիտի կոչւէր Էմմանուէլ, որ նշանակում է Աստւած մեզ հետ, Նա որ մարդուն մեղքի դառապարտութիւնից փրկելով պիտի ատակ դարձնէր Սուրբ Հոգու ընդունման եւ յաւիտենական կեանքին: Սրբազան Հայրը փրկութեան գաղափարը լուսաբանելով ասաց. Աշխարհի բոլոր կրօններն ու ազգերը սպասում էին Փրկչին, որը պիտի ազատէր նրանց աշխարհի նեղութիւններից եւ տառապանքներից եւ նրանց մէջ սիրոյ եւ խաղաղութեան զգացում առաջացնելով, դարձնէր պիտանի անօթ Աստծու համար:

Նա յաւելեց, որ մեղքերից ազատագրումը մարդուն զօրացնում ու յաղթական է դարձնում:

Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին ասաց, որ մարդու փրկագործումը յանգում է Ատւածանմանութեան, գործընթաց որով մարդը վերագտնում է Աստւածային պատկերն եւ նմանութիւնը:

Յունւարի 6-ին, Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում յընթացս սուրբ եւ անմահ պատարգի՝ առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի մի մասում հաւատացեալներին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը:

Վեհափառ Հայրապետն իր պատգամում ակնարկել էր մեր հայրենիքի անորոշ վիճակին եւ անդրադարձել էր այն իրողութեան, որ հայաստանեան քաղաքական լարւած մթնոլորտը ջլատում է մեր հաւաքական ուժը եւ միւս կողմից՝ թշնամին յաղթապանծ դիրքերից պայմաններ է դնում Հայաստանին՝ անտեսելով Հայաստանին հողային ամբողջականութիւնը ու գերիշխանութիւնը, ինչպէս նաեւ՝ միջազգային օրէնքը:

Ապա ի շարս իր խօսքերի, հաստատել էր այն ճշմարտութիւնը, որ թէեւ Հայաստանը համաձայն է տարածաշրջանում համապարփակ ու մնայուն խաղաղութեան հաստատման, բայց երբեք չպիտի հանդուրժի իր իրաւունքների կորստին:

Սրբազան Հայրն եւս իր պատգամում, Պօղոս առաքեալի Տիմոթէոսին ուղղւած խօսքին անդադառնալով յորդորեց հաւատացեալներին իրենց յոյսը Փրկչի վրայ դնելով անդադար աղօթել որպէսզի արժանանան Տիրոջ կողմից պատրաստւած փրկութեան: «Որովհետեւ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծու վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց եւ մանաւանդ հաւատացեալների» (Ա. Տմ. 4։9)։

Ապա անդրադարձաւ Աստւածաշնչեան այն ճշմարտութեան, որ Աստւած թէ եւ Ադամին եւ Եւային, արտաքսեց դրախտից, միեւնոյն ժամանակ նա մղւելով իր հայրական սիրուց, գութից, ողորմածութիւնից փրկութիւն խոստացաւ մարդկութեան եւ ահա ի լրումն ժամանակի նա իր ծրագիրը իրագործեց իր միածին Որդուն աշխարհ ուղարկելով ու դրա համար է, որ Քրիստոսի ծննդեան գիշերը հրեշտակը աւետում է Փրկչին ծնունդն ու խաղաղութեան ու հաճութեան հաստատումը երկրի վրայ։

Թեմիս բարեխնամ առաջնորդը՝ եզրակացնելով իր խօսքն անդրադարձաւ այն դառն իրողութեան, որ հայ ժողովուրդը հայրենիքում ու Արցախում ապրում է ճակատագրական եւ անորոշ մի ժամանակահատւածում, որտեղ իր գոյութիւնը մեծ հարցականի առաջ է կանգնած։ Մի ժամանակահատւած՝ որի ընթացքում հայոց երկնակամարը պարուրւած է գորշ եւ մութ ամպերով, քանի որ սկսեալ 2021 թւականի նոյեմբերից կորցրինք Հայաստանի սահմանային որոշ հատւածներ ու Արցախի աւելի քան 70 տոկոսը: Նա յաւելեց, որ այդ դառն աղետին գումարւում է, որոշ քաղաքական գործիչների կողմից պատմութեան խեղաթիւրելը, Ցեղասպանութիւնը հարցականի տակ դնելը, ազգային ու հոգեւոր արժէքները մոռանալու փորձը եւ այդ իսկ պատճառով կոչ ուղղեց, որ մեր պատմութիւնը սերտելով զերծ մնանք մոլորութիւնից:

Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին յոյս յայտնեց, որ ամանորեան եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօներից մեզ փոխանցւող սիրոյ, խաղաղութեան ու հաճութեան զգացումներով լուսաւորւած շնորհաւորենք միմեանց աղօթելով միանգամայն աշխարհի խաղաղութեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ իր ժողովրդի, մեր պատմական հայրենիքի ու Արցախի, մեր եկեղեցու եւ նրա նւիրապետական աթոռների եւ նրանց արժանընտիր գահակալների արեւշատութեան, արդիւնաւէտ գործունէութեան եւ խաղաղութեան համար:

Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Ջրօրհնեաց արարողութիւնը: Այս տարի արարողութեան կնքահայր էր կանգնել ժամանակի Թեմական խորհրդի անդամ եւ ազգային գործիչ տիար Մինաս Աղանեանը:

Ուրբաթ, 7 յունւարի 2022 թ.-ին, Յիշատակ մեռելոցի օրը սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում նախագահութեամբ թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ու ձեռամբ արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի, իսկ Հին Բուրաստանի Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռում նախագահութեամբ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ ձեռամբ արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն հայ ազգի բոլոր հին ու նոր ննջեցեալների, ինչպէս նաեւ արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Սրբազան Հայրն այցելեց նորոգ հանգուցեալ Ալֆրէդ Շահմիրեանի եւ Խեչում Խեչումեանի գերեզմանները եւ «Հոգւոց» արտասանեց նրանց հոգիներին, այնուհետ Սրբազան Հայրը այցելեց նաեւ Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի, Թեհրան-Երեւան աւիավթարի զոհերի եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների շիրիմներին եւ աղօթեց նրանց հոգիների խաղաղութեան համար։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։