Հա

Համայնք

18/05/2022 - 09:50

«Մոսկւայի պայմանագիրը եւ ընթացող բանակցութիւնը» Երէցների միութեան մայիսի հանդիպումին

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ մայիսի 6-ին, մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ մայիսի 6-ին, մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Սկզբում ցուցադրւեց Եղեռնի 100-րդ տարելիցին նւիրւած երաժիշտ Արա Գէորգեանի «Յիշում ենք» երաժշտական ստեղծագործութիւնից մի հատւած՝ կատարւած Ծիծեռնակաբերդում հեղինակի ղեկավարութեամբ:

Օրւայ ձեռնարկը բացւած յայտարարեց միութեան նախագահ՝ Հենրիկ Բ. Ահարոնեանը եւ անդրադարձաւ միութեան աշխատանքներին՝ սկսած 2021-ի հոկտեմբերից, ինչպէս նաեւ գալիք ամիսներին կատարւելիք ձեռնարկներին:

Ապա բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ դոկտ. Սերժիկ Մարգարեանը՝ նիւթ ունենալով «Մոսկւայի պայմանագիրը եւ ընթացող բանակցութիւնը»:

Բանախօսը անդրադառնալով 1921 թւականի մարտի 16-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Մոսկւայում կնքւած պայմանագրին, նախ ամփոփ տեղեկութիւն հաղորդեց սրանից 100 տարի առաջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, եւ այն, որ պայմանագրի կողմերը՝ Խորհրդային Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան, պայմանագրի կնքման պահին միջազգայնօրէն ճանաչւած երկրներ չէին. իսկ Խորհրդային Հայաստանը, որը հազիւ երեք ամսւայ կեանք ունէր, թուրք պատւիրակութեան պահանջով չմասնակցեց նիստերին: Ռուս սոցիալիստները եւ Մուսթաֆա Քեմալը մեկուսացումից դուրս գալու համար եղբայրութեան ձեռք էին մեկնել միմեանց, որոնց բարեկամութեան արգասիքը դարձաւ Մոսկւայի պայմանագիրը, նկատեց բանախօսը:

«Պայմանագիրը կնքւեց Ռուսաստանի բարձրագոյն ղեկավարութեան կողմից, առանց լուրջ քննարկման, որով Թուրքիային յանձնւեց Կարսը, Արտահանը, Սուրմալուն՝ ներառեալ Արարատ լեռը, նաեւ Ադրբէջանին յանձնւեց Նախիջեւանը, ընդհանուր 25 հազար ք.կմ. տարածք, որից 5.5 ք.կմ. Նախիջեւանի տարածքն էր: Մոսկւան հայկական հողերի հաշւին, առանց Հայաստանի մասնակցութեամբ, տարածքային զիջումներ կատարեց քեմալականներին ու Ադրբէջանին»,- շեշտեց բանախօսը ու յաւելեց՝ «Այնպէս ստացւեց, որ Մոսկւայի պայմանագրով բոլոր հարեւան երկրները շահեցին. Թուրքիան ու Ադրբէջանը լրացուցիչ տարածքներ ստացան, Վրաստանը ստացաւ Բաթումը, իսկ Հայաստանը միայն տարածքներ կորցրեց»: Հետագային, 1921 թւականի հոկտեմբերի 13-ին, Կարսի պայմանագրով, ամբողջապէս հաստատւեցին Մոսկւայի պայմանագրի դրոյթները: Կարսի պայմանագիրը ստորագրեցին նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբէջանի Սովետական, Սոցիլիստական Հանրապետութիւնները:

Բանախօսի դիտարկմամբ՝ «Մոսկւայի պայմանագրի կնքումը Թուրքիայի համար ունեցաւ ռազմաքաղաքական այն նշանակութիւնը, որ ապահովեց նրա վերջնական յաղթանակը Յունաստանի դէմ՝ Ռուսաստանի ցուցաբերած ռազմական, ֆինանսական ու դիւանագիտական վիթխարի աջակցութեան շնորհիւ»:

Նիւթի ներկայացման եւ բազմաթիւ հարց ու պատասխանների ընթացքին անդրադարձ եղաւ այդ դաշնագրերի հետեւանքներին ու հայ-թուրքական յարաբերութիւններին:

Ապա նշւեց մայիս ամսւայ տարեդարձները եւ ներկաները հիւրասիրւեցին համեստ ընդունելութեամբ՝ ընկերական ջերմ մթնոլորտում: Միջոցառմանը ներկայ էին շուրջ 50 միութենականներ ու հիւրեր:

 

Հանրութեան հետ կապը նիւթը ստացել է Էդւարդ Յարութիւնեանից

Հ. Մ. «Արարատ» Կ.

 

Image Gallery

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։