Հա

Համայնք

21/06/2022 - 14:20

Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը

Երէկ, յունիսի 20-ի երեկոյեան գումարւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Աւելի քան 27 պատգամաւորների մասնակցութեամբ եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ներկայութեամբ ժողովը զբաղւեց 5 օրակարգով: Ժողովին ներկայ էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, յունիսի 20-ի երեկոյեան գումարւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Աւելի քան 27 պատգամաւորների մասնակցութեամբ եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ներկայութեամբ ժողովը զբաղւեց 5 օրակարգով: Ժողովին ներկայ էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Տէրունական աղօթքի եւ ներկաների թւային պատկերի ստուգումից յետոյ ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը ընդգծեց, որ երկար դադարից յետոյ, որի հիմնական պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր, անհրաժեշտ էր գումարել ժողով, սակայն ՊԺ-ի դիւանը օր-օրի կապի մէջ է եղել Թեմական խորհրդի հետ:

Ժողովի նախատեսւած օրակարգով, Կրօնական խորհուրդը ներկայացրեց մէկամեայ իր աշխատանքները թէ՛ համայնքային, եւ թէ՛ Սրբազան Հօր գլխաւորութեամբ պետական հանդիպումները նաեւ ծրագրերը, որը ներկայացրեց Տ. Գրիգոր քհնյ. Ներսիսեանը:

Նա նշեց, որ Սրբազան Հօր յանձնարարութեամբ կեանքի է կոչւել յանձնախումբ, ասորի, քաղդէական, կաթոլիկ եկեղեցու եւ արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ կոնկուրսի քննութեան «Ադիան»-ի հարցերի գծով:

Զեկոյցից յետոյ պատգամաւորները ուղղեցին իրենց հարցերը, որոնց պատասխանեց Սրբազան Հայրը, շեշտելով կոնկուրսի «Ադիան»-ի հարցերի ուղղութեամբ իրականացւած դրական քայլերը:

Յաջորդ օրակարգով Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը ներկայացրեց իր երկամեայ ծրագրի հիմնական գլուխները, որոնք ներառում էր խորհրդի զանազան մարմինների ծրագրեր, որը ներկայացրեց Արազ Սիմոնեանը: Ընթերցումից յետոյ ՊԺ-ի ատենապետը, նշեց, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ընտրութիւնից յետոյ ՊԺ-ն 12 կէտերով իր առաջարկ-որոշումներն էր ներկայացրել Թեմական խորհրդին եւ յղել նամակներ, եւ ընդգծեց, որ Թեմական խորհրդին յղւած ՊԺ-ի դիւանի նամակները դժբախտաբար գրաւոր որեւէ պատասխանի չեն արժանացել եւ քննադատեց այդ հանգամանքը: Թէժ քննարկումներից յետոյ ժողովականները ներկայացրեցին հարցումներ եւ եղան տեսակէտների արծարծումներ: Քննարկումներ եղան «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, Սուլթանի կալւածի, Բէյհաղիի կալւածի եւ մի շարք այլ կալւածների վիճակի մասին եւ խօսւեց թեմիս առաջնորդի աշխատանքները գնահատելու հարցով ժամանակին Թեմական խորհրդին ներկայացւած ծրագրի ընթացքի մասին:

Ներկայացւեց նաեւ ՊԺ-ի Տնտեսական ու Կրթական յանձնաժողովների քննարկումները կապւած՝ համայնքի մի շարք կալւածների, դրանց շահագործման եւ ներկայ կարգավիճակի, դպրոցների վերադասաւորման, աշակերտութեան եւ դպրոցների կարգավիճակի վերաբերեալ եւ պատգամաւորները ընդգծեցին, որ դպրոցների վերադասաւորման հարցով անհրաժեշտ է ամենայն բծախնդրութիւն: Ժողովը անդրադարձաւ Կրթական յանձնաժողովի յղած նամակին, վերջերս Թեմական եւ Կրթական խորհուրդների կիրառած մօտեցումը, քաղաքամասերում տարած քարոզչութեան նկատմամբ, որը մղում է դպրոցական աշակերտներին այլ քաղաքամաս գնալուն: Ժողովը անդրադարձաւ նաեւ թոշակի անցած պաշտօնեաներին կրկին աշխատանքի չընդունելուն:

Ապա ժողովը ունկնդրեց Թեմական խորհրդի զեկոյցը ՊԺ-ի կողմից տրւած որոշումների վերաբերեալ եւ ընթացիկ աշխատանքների մասին:

Ժողովի ընթացքում Հաշւեքննիչ մարմինը ընդգծեց, որ ազգային կառոյցների ու կրթօջախների հարցով եղել է հաշւեքննութիւն, որը դեռ ընթացքի մէջ է: Ժողովը շարունակւելու է այսօր, քննարկելով երկու հարց՝ 1400 տարեշրջանի նիւթական զեկոյցի ներկայացում եւ 1401 տարեշրջանի նախահաշւի քննարկում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։