Հա

Համայնք

22/06/2022 - 14:10

ՊԺ-ն շարունակելով իր հերթական նիստը ունկնդրեց ու քննարկեց Թեմական խորհրդի ֆինանսական աշխատանքները

Երէկ՝ յունիսի 21-ի երեկոյեան, երկրորդ անընդմէջ օրը լինելով իր աշխատանքը շարունակեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովը՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Վահիկ Աղաքեանի: Աւելի քան 26 պատգամաւորների ներկայութեամբ ընթացող ժողովը, նախ ունկնդրեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի աշխատանքային զեկոյցը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ՝ յունիսի 21-ի երեկոյեան, երկրորդ անընդմէջ օրը լինելով իր աշխատանքը շարունակեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովը՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Վահիկ Աղաքեանի: Աւելի քան 26 պատգամաւորների ներկայութեամբ ընթացող ժողովը, նախ ունկնդրեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի աշխատանքային զեկոյցը: Պատգամաւորը համապարփակ գծերով ներկայացրեց Սրբազան Հօր, ՊԺ-ի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հետ իր շարունակական կապերի եւ համատեղ բազմաոլորտ աշխատանքների մասին, որոնց նպատակն է համայնքային հարցերին ու խնդիրներին հնարաւորինս սահուն ընթացք հաղորդելը եւ դրանց կարգաւորելը: Նա անդրադարձաւ Իրանի կրօնական փոքրամասնութիւնների համար նախատեսւած պետական բիւջէի վերկանգնման հարցով պատգամաւորների տարած աշխատանքներին, ԿՕՄ-ին յատկացւած նպաստների, դպրոցների, միութիւնների եւ եկեղեցիների բարեկարգման համար, պետական յարակից բաժինների հետ իր կապերին ու ստացւած նպաստների մասին: Պատգամաւորը հակիրճ տողերով ընդգծեց, որ նմանօրինակ աշխատանքեր է իրականացնում նաեւ Ատրպատականի հայոց թեմում, որոնց նպատակն է ծառայել համայնքին:

Ապա ժողովը ունկնդրեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի 1400 տարեշրջանի նիւթական զեկոյցը, որը ներկայացրեց Թեմական խորհրդի նիւթականի պատասխանատու Արէն Յովսէփեանը: Նա ներկայացրեց Թեմական խորհրդի բոլոր այն ծախսերն ու եկամուտները, որոնք իրականացել են 1400 թւականին ընդգծելով, որ տարին սկսւեց 4 միլիարդ 300 միլիոն թուման բացով, սակայն տարեվերջին ինչ որ նպաստի շնորհիւ հնարաւոր դարձաւ 1400 թւականի մուտքի ու ելքի բացը ծածկել: Ապա անդրադարձաւ այն հարցին, որ ազգային իշխանութեան ամենամեծ ծախսը կազմում է ազգային համակարգի բազմաոլորտ պաշտօնեաների աշխատավարձերը, որը իրանական նոր տարում ըստ պետական օրէնքի բաւականին բարձրացել է եւ դա ինքնին մեծ խնդիր է ստեղծել: Զեկոյցից յետոյ պատգամաւորները մանրակրկիտ հարցումներով ու քննարկումներով անդրադարձան զեկոյցում ընդգրկւած բոլոր ծախսերին ու եկամուտներին, այդ թւում դպրոցների, մանկապարտէզների, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի ծախսերին ու եկամուտներին, ժամանակին Հայաստանում գնւած եւ վերջերս վաճառւած հողատարածքի գումարի լաւագոյնս շահագործելու եղանակների, ազգային որոշ կալւածների վարձակալման ու հասութաբեր դարձնելու եղանակներին, «Սասուն» փակ բաժնետիրական ընկերութեան կարգավիճակին: Ժողովը կարեւորեց, որ բանկային պահ դրւած գումարները անհրաժեշտ է գրանցել ոչ թէ մէկ, այլ առնւազն երեք հոգու անունով, նշւեց ծախսերը նւազեցնելու հարցով դպրոցների վերադասաւորման եւ պաշտօնեաների թւային պատկերը հաւասարակշռելու մասին եւ Թեմական խորհրդին յանձնարարւեց, որ ըստ ժամանակի պահանջին եւ ՊԺ-ի հետ համախորհուրդ անյապաղ քայլեր կիրառել հասութաբեր ծրագրեր մշակելու համար, որպէսզի անընդհատ բացերի դիմաց չկանգնենք եւ համայնքային հարցերը հնարաւոր լինի լաւագոյնս կարգաւորել:

Ժողովի ընթացքում անդրադարձ եղաւ «Թունեան» ազգ. դպրոցի զովացուցիչ սարքի անաւարտ եւ անօգտագործելի կարգավիճակին եւ ակնկալւեց, որ օր առաջ հարցին վերահասութիւն տրւի:

Ժողովի ընթացքում ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը կարեւորութեամբ անդրադարձաւ այն խնդրին, որ անհրաժեշտ է Թեմական խորհուրդը բոլոր մեծ ծախսերի համար խորհրդակցի ՊԺ-ի հետ, հետագայ խնդիրները եւ թիւրիմացութիւնները փարատելու համար: Կարեւորւեց նաեւ, որ անհրաժեշտ է Թեմական խորհրդի կողքին աշխատի, ֆինանսական հարցերով մասնագէտ մի յանձնախումբ, խորհրդատւութեան կարգով, քանի որ համայնքային բազմաոլորտ հարցերին ու խնդիրներին վերահասութեան համար, քանզի Թեմական խորհրդի անդամները կատարելապէս զբաղւած ու կենտրոնացած են առօրեայ համայնքային հոգսերը փարատելով:

Նիստին Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը պատասխանելով պատգամաւորների ուղղած հարցերին, ընդգծեց, որ Թեմական խորհուրդը աշխատանք է տանում ազգային առաջնորդարանը գրանցել որպէս բարեսիրական կենտրոն, որը բաւականին օգտակար է լինելու ծախսերի ու հարկերի կրճատման առումով:

Ժողովը, իր վերջին օրակարգով ունկնդրեց ու քննարկեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի 1401 տարեշրջանի ներկայացրած նախահաշիւը եւ հանգամանալի քննարկումներից, առաջարկներից ու խորհուրդներից յետոյ հաստատեց այն:

 

Յարակից լուրեր

  • Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը
    Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը

    Երէկ, յունիսի 20-ի երեկոյեան գումարւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Աւելի քան 27 պատգամաւորների մասնակցութեամբ եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ներկայութեամբ ժողովը զբաղւեց 5 օրակարգով: Ժողովին ներկայ էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

  • Հաղորդագրութիւն՝ 17-րդ շրջանի ՊԺ ընտրութիւնների վերաբերեալ
    Հաղորդագրութիւն՝ 17-րդ շրջանի ՊԺ ընտրութիւնների վերաբերեալ

    Սիրելի Հայրենակիցներ,

    Պատգամաւորական ժողովի կարեւորութեան մասին տեղեակ են մեր սիրելի հայրենակիցները:

  • Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը
    Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը

    Երէկ, դեկտեմբերի 4-ի երեկոյեան գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Առ ի գիտութիւն յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանի եւ պրն. Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ թւականիս սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 2-ին, գումարւած իր հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ.Հ.Թ Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի 28-ամսեայ գործունէութեան զեկոյցը։

  • ՊԺ-ի քառօրեայ նիստերի ընթացքում ընտրւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը
    ՊԺ-ի քառօրեայ նիստերի ընթացքում ընտրւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը

    Երէկ՝ հոկտեմբերի 2-ին իր աշխատանքը շարունակեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ընտրելով Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։