Հա

Համայնք

29/06/2022 - 14:00

«Մատենադարանի ղաջարական արւեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդէսը կատարւեց

Երէկ՝ յունիսի 28-ին, Թեհրանի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում տեղի ունեցաւ Երեւանի Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւետ Թաջարեանի՝ «Մատենադարանի ղաջարական արւեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդէսը։ Աշխատանքում ընդգրկւած են թւով 20 ձեռագրից մօտ 100 մանրանկարներ եւ խեժապատ ստեղծագործութիւններ: Արւեստի ներկայացւած նմուշները լիովին ընդգրկում եւ լաւագոյնս պատկերում են ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչութեան ինքնատիպութիւնը:

«ԱԼԻՔ», Կ.Դ.- Երէկ՝ յունիսի 28-ին, Թեհրանի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում տեղի ունեցաւ Երեւանի Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւետ Թաջարեանի՝ «Մատենադարանի ղաջարական արւեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդէսը։ Աշխատանքում ընդգրկւած են թւով 20 ձեռագրից մօտ 100 մանրանկարներ եւ խեժապատ ստեղծագործութիւններ: Արւեստի ներկայացւած նմուշները լիովին ընդգրկում եւ լաւագոյնս պատկերում են ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչութեան ինքնատիպութիւնը:

Միջոցառումը մեկնարկեց ազգային թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանի ողջոյնի խօսքերով, ով անդրադարձաւ նաեւ թանգարանի աշխատանքներին: Գրքի մասին համապարփակ բացատրութիւն փոխանցեց հեղինակ Իւետ Թաջարեանը, ընդգծելով, որ հայերէնով, անգլերէնով եւ պարսկերէնով լոյս տեսած եռալեզու սոյն աշխատանքի մէջ հաւաքագրւած են Մատենադարանում առկայ Իրանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ լաւագոյն ձեռագրերից մի ծաղկաքաղ: Նա ընդգծեց, որ գիրքը հրատարակւել է Ռուսաստանից «Վիկտորիա» հիմնադրամի հովանաւորութեամբ եւ Գայիանէ Գէորգեանի ջանքերով, շատ քիչ տպաքանակով եւ մտադրութիւն կայ վերահրատարակել աշխատութիւնը, քանզի գիրքը յուշում է Իրան-Հայաստան սերտ կապերի մասին: Նա նշեց. «Ես փորձել եմ, որպէս իրանահայ իմ ներդրումը ունենալ այս գրքի կազմաւորման մէջ, ձեռագրերի հաւաքագրման եւ ուսումնասիրման հարցով»:

Գրքի շնորհանդէսին ելոյթներով հանդէս եկան՝ Իրանում ԻԿՕՄ-ի պատասխանատու Մոհիթ Թաբաթաբային, Իրանում ՀՀ դեսպանութեան դիւանագէտ Գարիկ Գրիգորեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը, իսկ եզրափակիչ խօսքով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Իր ելոյթի ընթացքում Սրբազան Հայրը կարեւորելով կատարւած աշխատանքը եւ բարձր գնահատելով հեղինակին, գիրքը բացայայտ օրինակը համարեց Իրան-Հայաստան մշակութային եւ պատմական սերտ կապերի եւ կարեւորեց Իրանում հայկական կոթողների նկատմամբ Իրանի կառավարութեան անվերապահ ուշադրութիւնը, ընդգծելով, որ թէ՛ արեւմտեան Հայաստանում, եւ թէ՛ այսօր Արցախում ցաւօք թուրքերն ու ադրբեջանցիները աւերում են հայկական կոթողները: Սրբազան Հայրը գնահատանքով անդրադարձաւ Իրանի նման բարեացակամ մօտեցման մասին եւ հրատարակւած գիրքը համարեց երկու ժողովրդի հոգեկան, մշակութային, մտաւորական կապը եւ գովեստով անդրադարձաւ գրքի հեղինակ Իւետ Թաջարեանի մասին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։