Հա

Համայնք

12/07/2022 - 13:50

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ` ներկայացւեց «Թաւրիզից Ստալինեան Գուլագ. ընդհատւած պատմութիւն» գիրքը

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ երէկ, յուլիսի 11-ի երեկոյեան, իւրայատուկ գրքի ներկայացում տեղի ունեցաւ հաստատութեան կենտրոնատեղիում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ երէկ, յուլիսի 11-ի երեկոյեան, իւրայատուկ գրքի ներկայացում տեղի ունեցաւ հաստատութեան կենտրոնատեղիում:

«Թաւրիզից Ստալինեան Գուլագ. ընդհատւած պատմութիւն» խորագիրը կրող գիրքը անդրադառնում է «ԱԼԻՔ»-ի (1960-1971) թւականների խմբագրապետ դոկտ. Բաղդիկ Մինասեանի կենսագրական տւեալներին, ով իր կեանքի աւելի քան 10 տարիները անց է կացրել ստալինեան ճիրաններում, աքսորւելով Սիբիր:

Գիրքը հեղինակել է նրա դուստրը՝ դոկտ. Ռուբինա Փիրումեան-Մինասեանը:

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնած միջոցառմանը, որին ներկայ էր հեղինակ՝ դոկտ. Ռուբինա Փիրումեանը, նախ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը անդրադարձաւ դոկտ. Ռուբինա Փիրումեանի կենսագրական տւեալներին, ով Իւ.Սի.Էլ.Էյ համալսարանի դասախօս է եւ հեղինակել է Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բազմաթիւ գրքեր, դասագրքեր եւ հետազօտական յօդւածներ: Ապա հրաւիրեց դոկտ. Փիրումեանին:

Դոկտ. Փիրումեանը իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ միշտ իր պարտքն է համարել իր հօր կենսագրութեան այդ դաժան տարիները պատկերելով, ներկայացնել ստալինեան ոճրագործութիւնները հայ ժողովրդի դէմ: Նա ընդգծեց, որ դա իր համար հանդիսացել է մղիչ ուժ եւ 2017 թւականին անգլերէնով հրատարակել է իր հօր յուշերը այդ մասին «My father, A man of Courage and Perseferance, A Survivor of Stalin's GULAG» գիրքը:

Նա ընդգծեց գրքի առաջին տարբերակը անգլերէնով տպագրելու դրդապատճառը այն էր, որ Սփիւռքը եւ ի մասնաւորի աշխարհը ծանօթանայ հայ ժողովրդի դէմ իրականացած այդ ժամանակաշրջանի ոճրագործութիւններին: Հեղինակը նկարագրում է հօր՝ Բաղդիկ Մինասեանի կեանքը՝ մանկութիւնից մինչեւ Չեկայի կողմից նրա առեւանգումը Թաւրիզից, աքսորը, աւելի քան 10 տարի անազատութեան մէջ եւ ապա՝ վերադարձը Իրան: Գրքի երկու գլուխներում բերւած են համահեղինակ Բաղդիկ Մինասեանի անաւարտ յուշերը: Դոկտ. Փիրումեանը լրացրել է հօր անաւարտ յուշերը: Իր ելոյթի ընթացքում դոկտ. Փիրումեանը հակիրճ տողերով անդրադարձաւ նաեւ այն հանագամանքին որ Հայաստան եղած ժամանակ, երբ ներկայացրել է գիրքը, առաջարկել են այն թարգմանել հայերէնի, սակայն ինքը քաջ գիտակցելով, որ հայ նոր սերունդը եւս անհրաժեշտ է իրազեկ դառնայ այդ տարիների պատմութեանը, ինքն հեղինակում է գրքի հայերէն տարբերակը, որը անգլերէնի համեմատութեամբ պարունակում է աւելի մանրամասներ: Նա ընդգծեց, որ գիրքը լոյս է ընծայել ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի Բանաւոր պատմութեան կենտրոնը:

Գրքի ներկայացումից յետոյ ներկաներին առիթ տրւեց հարցումների: Իսկ Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Իսիկ Իւնանէսեանը առաջարկեց, որ ՀՈՒՍԿ-ի միջոցով գիրքը թարգմանել պարսկերէնի ու տպագրել, որն էլ գոհունակութեամբ ընդառաջւեց հեղինակի կողմից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։