Հա

Համայնք

15/08/2022 - 12:20

Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնն ու Խաղողօրհնէքը Թեհրանի բոլոր եկեղեցիներում

Կիրակի, 14 օգոստոսի 2022 թ.-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման եւ Խաղողօրհնէքի տօնի առիթով:

Կիրակի, 14 օգոստոսի 2022 թ.-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման եւ Խաղողօրհնէքի տօնի առիթով:

Սուրբ Աստւածածին եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ պատարագեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սպասարկողներն էին, արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանն ու արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը:

Արարողութեանը ներկայ էին նկատառելի թւով հաւատացեալներ:

Սրբազան Հայրը Սուրբ Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնի խորհրդին անդրադառնալով ասաց.- «Այս տօնը մեզ մղում է մտածելու, մեզ մղում է խորհրդածութեան եւ պատասխանատւութեամբ ապրելու: Այս տօնը պարտաւորեցնող է, որովհետեւ դարերի խորքից եկող այս տօնը մեր պարագային իր մէջ ունի ազգային եւ հոգեւոր իմաստ եւ նշանակութիւն»: Սրբազան Հայրը ընթացս իր քարոզի անդադարձաւ այն իրողութեան, որ դժբախտաբար ժողովուրդը մոռանալով տօնի հոգեւոր իմաստը եւ Աստւածածնի Վերափոխման տօնը, մտաբերում է միայն խաղողի օրհնութիւնը:

Սրբազան Հայրը յաւելեց, որ Աստւածածնայ Վերափոխման տօնին աւանդաբար օրհնւում է խաղողը եւ խաղողի օրհնութեամբ բոլոր մրգերը:

Նա նաեւ ասաց, Քրիստոսի հրաշափառ համբարձումից յետոյ Աստւածածինը մնաց առաքեալների հետ, ըստ Տէրունի պատւիրանի Յովհաննէս առաքեալի խնամատարութեան ներքոյ: Աստւածամայրը որպէս Տէրունի ժառանգ մնաց առաքեալներին եւ իր ամբողջ կեանքի ընթացքում մնաց առաքեալների հետ: Նա յաւելեց՝ մեր եկեղեցու հայրերն ասումն են, որ Աստւածամայրը իր շնորհների, հաւատքի, սիրոյն եւ նւիրումի պատճառով բոլորի մօտ սիրելի անձնաւորութիւն է եղել: Շարականագիր վարդապետը նրան բնութագրելով ասում է, Մայր եւ կոյս աղախին Քրիստոսի: Աստւածածինը ըստ եկեղեցու հայրերի իր կուսութեամբ եկեղեցու մէջ մնաց, որպէս խորհուրդ շնորհաց աղբիւր, սրբութիւն սրբոց եւ խորան լուսոյ: Նա յաւելեց, որ Աստւածամայրը մեր քրիստոնէական հաւատքի ռահվիրա եւ մայրն է եկեղեցու, ով իր հաւատքով ծառայել է եկեղեցուն եւ Քրիստոսին, եւ այդ իսկ պատճառով խաղողը, որպէս խորհրդանիշ նրա ծառայութեան արգասիքի օրհնում են, իր վերափոխման տօնի ժամանակ:

Ապա Սրբազան Հայրը հակիրճ բացատրութիւն տւեց խաղողի աստւածաշնչեան իամստի մասին, եւ ասաց.- «Յովհաննէսի Աւետարանի Քրիստոսը իրեն նմանեցնում է ճշմարիտ որթատունկի եւ հաւատացեալներին իր ողկոյզների, որոնք բարի պտուղներ տալով մնում են նրա վրայ. նաեւ յաւելեց, որ Քրիստոսը խաղողի հիւթը, որպէս փրկարար նիւթ ընտրելով, ասաց՝ «Առէք խմէք սրանից, որ թափւում է ձեր բազում մեղքերի համար»: Ահա թէ ինչու խաղողը նւիրական է Քրիստոնէութեան մէջ»:

Սրբազան Հայրը նաեւ յաւելեց որ ժամանակին մեր եկեղեցու արարողութիւնից յետոյ այգիներ ու անդաստաններ գնալով օրհնում էին դրանք եւ աշխատողները եւ խաղող նւիրաբերողներին:

Սրբազան Հայրը իր խօսքի վերջում առաւել օրհնութիւն ցանկացաւ հայ ժողովրդի ու հայրենիքի համար:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։