Հա

Համայնք

16/08/2022 - 13:30

Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնն ու Խաղողօրհնէքը Արաքի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

Այս տարի Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի Վերափոխման եւ խաղողօրհնէքի տօնը ոգեկոչեց օգոստոսի 14-ին: Այս առիթով, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի կարգադրութեամբ Արաքի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ այցելու հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի:

Այս տարի Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի Վերափոխման եւ խաղողօրհնէքի տօնը ոգեկոչեց օգոստոսի 14-ին: Այս առիթով, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի կարգադրութեամբ Արաքի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ այցելու հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի:

Արարողութեանը ներկայ էին նկատառելի թւով արաքահայ հաւատացեալներ եւ Թեհրանից ժամանած ուխտաւորներ:

Տէր հայրն իր քարոզի ընթացքում անդրադառնալով Սուրբ Կոյսի Վերափոխման տօնի խորհրդին, ներկայացրեց տօնի պատմականը եւ անդրադարձաւ այն ճշմարտութեան, որ Աստւած հաւատարիմ է եւ կատարում է իր հաւատացեալներին տւած խոստումները: Նա ապա մէջբերելով մի կնոջ կողմից Սուրբ կոյսին տրւած երանութեան՝ թէ Օրհնեալ լինի այն կինը, որ իր ստինքներով քեզ կերակրեց, ասաց՝ Տէրը նրան պատասխանելով՝ երանի նրան ով լսում եւ կատարում է Աստծու խօսքը, ուզեց ակնարկել այն իրողութեան՝ որ ով Իր մօր նման իր մէջ ընկալի Աստծու Բանը եւ Նրան հաւատարիմ մնայ, պիտի արժանանայ վերին կոչման եւ երկնքի արքայութեան:

Տէր հայրն ապա անդրադառնալով Ս. Կոյսի Տիրակոխ վայրերում կատարած միաշաբաթեայ ուխտագնացութիւններին ու աղքատներին ողորմութիւն տալուն, հակիրճ բացատրութիւն տւեց ուխտագնացութեան եւ ողորմութեան վերաբերեալ:

Ապա կարեւորելով Սուրբ Հաղորդութեան ընդունումը, անդրադարձաւ Սուրբ Կոյսի կողմից Սուրբ Հաղորդութեան տածած կարեւորութեան եւ ասաց՝ Սուրբ Կոյսը նախքան իր հոգու աւանդումը Ս. Յովհաննէս առաքեալին պատւիրում է Ս. Պատարագ մատուցել եւ իրեն Տիրոջ մարմնով եւ արիւնով հաղորդել: Նոյն այդ պահին, առաքեալները ի բացառեալ Բարթողիմէոս առաքեալը, Սուրբ Հոգով յափշտակւելով հաւաքւում են Ս. վերնատունը: Ս. Պատարագի աւարտին, Տէրն ըստ Իր խոստման հրեշտակների գլուխը անցած, երկիր իջնելով իր գիրկն է առնում Սրբուհու մաքուր հոգին եւ երկնային սրբարան բարձրացնում: Ս. Առաքեալները Պետրոս, Պօղոս եւ Յովհաննէս առաքեալների գլխաւորութեամբ Ս. Կոյսի մարմինը սաղմոսներով ու աղօթքներով ամփոփում են Գեթսեմանի պարտէզում տոհմական գերեզմանատնում:

Կան վկայութիւններ, որ երեք օր շարունակ Սրբուհու գերեզմանի շուրջ հրեշտակային երգեցողուղութեան ձայներ էր լսւում:

Երրորդ օրը գալիս է Բարթողիմէոս առաքեալը ու երբ գերեզման են գնում, նկատում են, որ Ս. Կոյսի մարմինը տեղում չէ: Յանկարծ տեսնում են Քրիստոսին, որ նրա մարմինն ու հոգին միաւորած երկինք է բարձացնում:

Նա ապա անդրադառնալով Խաղողօրնէքին եւ բերքի օրհնութեան յաւելեց.- Հին Կտակարանում հանդիպում ենք բերքերի օրհնութեան, երկրորդ օրինաց գրքում կարդում ենք․ «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալու իբրեւ սեփականութիւն, երբ ժառանգես այն ու բնակւես այնտեղ, ապա կը վերցնես քո Տէր Աստծու քեզ տւած երկրի պտուղների առաջին բերքը, կը լցնես զամբիւղի մէջ եւ կը գնաս այնտեղ, ուր կընտրի Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնի դարձնի այնտեղ»․

Հայոց մէջ եւս եղել է այդ սովորութիւն, ըստ որի տարւայ բերքի երախայրիքը նւիրաբերւում էր մեհեաններին։

Ընծայւում էին նուռը, խնձորը եւ խաղողը։ Քրիստոնէութեան ընդունումից յետոյ բոլոր պտուղներից առաւել ուշադրութեան արժանացաւ խաղողը, որի օրնութեամբ, օրհնւում են մեր հանդերի ու այգիների երախայրիքը, մշակողներն ու աշխատողները։ Ապա տեսնենք թէ ինչու է առաւել պատւի արժանացել խաղողի ողկույզը․ քանի որ Աստւած խաղողի որթը, ամենազօրաւոր ծառերից աւելի վեր բարձրացրեց եւ պատւեց եւ Իրեն Խաղողի որթ անւանեց՝ ասելով. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Յովհ. 15 1): Իսկ իր հաւատացեալներին ճիւղեր անւանեց, որպէսզի Աստծու փառքի համար պտղաբերեն։

Յիսուս Քրիստոսը գինին, որ խաղողի հիւթն է, Իր փրկական Արեան նիւթն արեց եւ Վերնատանը Իր ձեռքերի մէջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՜ է Նոր ուխտի Իմ Արիւնը» (Մատթ. 26։ 28)։

Այդ պատճառով էլ Ս․ Աստւածածնի Վերափոխման տօնին, սուրբ եւ անմահ պատարագից յետոյ, կատարւում է Խաղողօրհնէքի արարողութիւնը, որի ընթացքին քահանաները հանդերի ու այգիների բերքի համար գոհութիւն են յայտնում Աստծուն եւ խնդրում, որպէսզի Նա օրհնի տաճարին ընծայւած խաղողի այս պտուղներն իր սրբութեամբ եւ դրանով մեզ ուրախութեան գինի եւ հոգու եւ մարմնի կերակուր առողջութիւն շնորհի:

Քահանան նաեւ օրհնում է ժողովրդի կողմից ընծայւած խաղողի ողկոյզները, պտղին, որպէսզի այդ պտուղների ճաշակմամբ ժողովուրդը իր հոգում ընդունի Աստծու հոգեւոր շնորհները՝ ստանալով մաքրութիւն, մեղքերի թողութիւն։

Յաւարտ ս. եւ անմահ պատարգի տեղի ունեցաւ խաղողի օրհնութիւն, որից յետոյ Զղջման աղօթքով մօտեցան Սուրբ Խորանին եւ հողորդւելով ու օրհնւած խաղողը ստանալով, թողեցին եկեղեցին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։