Հա

Համայնք

22/09/2022 - 09:40

«Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի տեսչուհի՝ Մելինէ Բադալ. «Համախումբ աշխատանքով կը յաջողենք»

Մելինէ Բադալը դպրոցական ասպարէզում 22-ամեայ աշխատանքնային փորձառութիւն ունի, ելնելով իր մասնագիտութիւնից, 13 տարի եղել է խորհրդատու՝ ժամանակին «Ռոստոմ», ապա «Արարատ» եւ «Յ. Թովմասեան» աղջկանց դպրոցներում: Նա 6 տարի, այսինքն երեք շրջան հանդիսացել է Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անդամ, իսկ արդէն երրորդ տարին է ինչ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի տեսչուհի է նշանակւել:

Այս տարի սեպտեմբերի 24-ից Իրանում, ինչպէս նաեւ իրանահայ համայնքում իրենց աշխատանքներն են սկսելու բոլոր կրթօջախները: Քանի որ անցեալ երկու տարիներին կովիդի համաճարակի հետեւանքով կրթօջախները աշխատում էին իւրայատուկ կարգավիճակով կամ հեռակայ տարբերակով, իսկ այս տարի ուսումնական նոր տարեշրջանը մեկնարկելու է աշակերտների ներկայութեամբ, առիթը պատեհ համարելով հարցազրոյցներ ենք վարելու Թեհրանի հայոց թեմի հայկական բոլոր մեր կրթօջախների տեսուչների եւ փոխտեսուչների հետ:

Սիւնակը մեկնարկում ենք մեր նախակրթարան-մանկապարտէզների տեսուչներով, քանզի ուսումնական այս օղակները, դպրոց մուտք գործելու առումով հանդիսանում են առաջին հանգրւանները:

 

Ստորեւ ներկայացնում ենք «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչուհի Մելինէ Բադալին, ով այս պաշտօնին է նշանակւել համաճարակը սկսւելու ժամանակ:

Ինչպէս Մելինէ Բադալն է ասում, իր հետ զրոյցի ընթացքում, եղել է «Էլպիս Ֆերահեան» (Քուշեշ) մանկապարտէզի սանը, ապա իր ուսումը շարունակել է «Արաքս» եւ «Մարի Մանուկեան» դպրոցներում, աւարտելով միջնակարգի ուսումը, մասնակցել է համալսարանների մուտքի քննութեանը եւ ընդունւել է «Ազատ» համալսարանը «խորհրդատու՝ հոգեբան» ճիւղում, վկայւելով լիսանսի մակարդակով:

Մելինէ Բադալը դպրոցական ասպարէզում 22-ամեայ աշխատանքնային փորձառութիւն ունի, ելնելով իր մասնագիտութիւնից, 13 տարի եղել է խորհրդատու՝ ժամանակին «Ռոստոմ», ապա «Արարատ» եւ «Յ. Թովմասեան» աղջկանց դպրոցներում: Նա 6 տարի, այսինքն երեք շրջան հանդիսացել է Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անդամ, իսկ արդէն երրորդ տարին է ինչ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի տեսչուհի է նշանակւել:

Որպէս «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի տեսչուհի, նա այն պայմաններում է նշանակւել, երբ արդէն իսկ կովիդի պատճառով կրթօջախները փակւել էին եւ ինչպէս տեսչուհին է ասում. «Ես շատ ոչ սովորական պայմաններում ստանձնեցի տեսչութիւնը, որովհետեւ հէնց այդ տարի որոշւեց բոլոր դասաւանդումները լինեն հեռակայ, որը ընդհանրապէս նորութիւն էր բոլորի համար: Եւ այս խառնաշփոթ վիճակում երբ բաւականին պակասել էր մանկապարտէզի սաների թիւը այդ էլ հեռակայ ուսման կարգավիճակով, փորձեցի ինչ որ նոր միջոցներով եւ մանկապարտէզի կայքէջով, ինչու չէ նաեւ համագործակցութեամբ Կրթական խորհրդի, մանկապարտէզի ծնողական խորհրդի, ծնողների եւ ուսուցիչների, վիճակը կարգաւորել: Այդ տարի մանկապարտէզի սաների թիւը՝ 8, իսկ նախակրթարանինը 20 էր, ընդհանուր պատկերը՝ 28, որը ահաւոր քիչ էր: Սակայն միասնական աշխատանքի բերումով, եւ միայն իրավիճակը բարելաւելու մէկ հիմնական նպատակով, բոլորս աշխատանքի լծւեցինք եւ օնլայն տարբերակով սկսեցինք նշել մեր ազգային ու կրօնական բոլոր տօները, ակտիւացրեցինք մանկապարտէզի ինստագրամը եւ փորձեցինք ինչ որ աշխուժութիւն ու եռանդ փոխանցել»: Տեսչուհին ի պատասխան այն հարցին, թէ ի՞նչն է յաջողութեան գրաւականը, նա նշեց. «Ըստ իս մեր յաջողութեան գրաւականը, որ ներկայ դրութեամբ ունենք աւելի քան 65 աշակերտներ, հետեւեալն է՝ միասնականութիւն, փոխըմբռնում, ճիշտ աշխատել, փոխհասկացութիւն: Նաեւ անհրաժեշտ է նորութիւններ եւս կիրառենք մեր աշխատանքների մէջ եւ հնարաւոր է այս ոլորտում նոյնիսկ ծանօթանալ տարբեր երկրների մանկապարտէզների աշխատանքներին եւ մի շարք հին կաղապարներից գնանք դէպի նորը: Կարելի է լաւագոյնս օգտւել մեր ծնողների լաւ տեսակէտները, ճիշտ է, որ երբեմն կանգնում ենք նիւթական հարցերի դիմաց, բայց արդիականացման համար եւ մեր մատաղ սերնդին աւելի լաւը մատուցելու նպատակով անհրաժեշտ է երբեմն նիւթական զոհողութիւնների, քանի որ ծնողը երբ տեսնի նորութիւնը, ինքը եւս միջամուխ կը լինի:

Անհրաժեշտ եմ համարում շնորհակալութիւն յայտնել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, Կրթական խորհրդին եւ սիրելի ծնողներին իրենց համագործակցութեան համար: Անհրաժեշտ է նշեմ, որ երբ ինչ-որ աշխատանքների իրականացման համար դիմել ենք Կրթական խորհրդին, նիւթական աղբիւրների ապահովաման համար, ազգային իշխանութիւնը բիւջէ է տրամադրել մեր աշխատանքների իրականացման ուղղութեամբ: Իհարկէ դեռ շատ անելիքներ կան, բայց յուսանք միասնաբար յաջողենք»:

 

Հարցազրոյցը վարեց

Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։