Տարիներ է ինչ գեղեցիկ աւանդոյթ է դարձել Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօնի առիթով՝ նախաձեռնութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ խորհրդին կից Մշակութային յանձնախմբի կազմակերպել միջոցառում եւ գնահատել հայ ուսուցչի անխոնջ աշխատանքը: Սակայն երկու տարի էր, որ կովիդ հիւանդութեան պատճառով չէր կազմակերպւել յիշեալ միջոցառումը:
«ԱԼԻՔ», Կ. Դ. - Տարիներ է ինչ գեղեցիկ աւանդոյթ է դարձել Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօնի առիթով՝ նախաձեռնութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ խորհրդին կից Մշակութային յանձնախմբի կազմակերպել միջոցառում եւ գնահատել հայ ուսուցչի անխոնջ աշխատանքը: Սակայն երկու տարի էր, որ կովիդ հիւանդութեան պատճառով չէր կազմակերպւել յիշեալ միջոցառումը:
Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնած յիշեալ ծրագիրը իրականացաւ ուրբաթ, հոկտեմբերի 28-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում: Ծրագիր, որի հիմնական դերակատարներն էին նոր սերունդի ներկայացուցիչները, այն նւիրելով իրենց դաստիարակներին: Տէրունական աղօթքով մեկնարկած հանդիսութեանը ելոյթներով հանդէս եկան Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, հանգստի կոչւած ուսուցչուհիներ Սիլւանա Աւասափեանը եւ Հրանուշ Սարգսեանը: Ծրագիրը զուգորդւած էր գեղարւեստական կատարումներով, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անցեալ մէկ ամեայ բազմաոլորտ աշխատանքները պատկերող պատկերների ցուցադրմամբ եւ ուսումնական անցեալ տարեշրջանում հանգստի կոչւած ուսուցչուհիներին գնահատականներ յանձնելով: Գնահատականները յանձնում էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը եւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը: Օրւայ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: