Հա

Համայնք

13/11/2022 - 11:30

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան Գնահատման երեկոյ

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութիւնը, չորեքշաբթի, 9 նոյեմբերի 2022 թ.-ի երեկոյեան «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նախաձեռնել էր «Գնահատման երեկոյ», ուր հրաւիրւել էին՝ միամեայ՝ 2021-22թթ. իրականացւած աշխատանքներին մասնակից մարզիկներն ու Միութեան կողքին կանգնած ընկերները։

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութիւնը, չորեքշաբթի, 9 նոյեմբերի 2022 թ.-ի երեկոյեան «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նախաձեռնել էր «Գնահատման երեկոյ», ուր հրաւիրւել էին՝ միամեայ՝ 2021-22թթ. իրականացւած աշխատանքներին մասնակից մարզիկներն ու Միութեան կողքին կանգնած ընկերները։

Միջոցառմանը ներկայ էին Կենտրոնական վարչութիւնը, միութիւնների վարչութիւնների ներկայացուցիչները, Մարզաւանի Վարիչ մարմինը, Հանրութեան հետ կապի օժանդակներն ու լուսանկարիչները ովքեր համահայկական խաղերի ընթացքին աշխատել են, 53-րդ Համահայկական խաղերի գործադիր կազմն ու մարզական խմբերը։

Բացման խօսքից յետոյ Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Հենրիկ Խալոյեանը օրւայ առիթով արտայայտւեց, նա ողջունելով մարզիկներին, գնահատեց նրանց հերթական յաղթանակներն ու նւաճումները նշելով երիտասարդութեան դերն ու կարեւորութիւնը կազմակերպութեան յարկի տակ եւ որ երիտասարդութիւնը իր նոր մտքերով ու առոյգ աշխատանքով մեր համայնքի ու հասարակութեան մէջ մեծ գործ ունի անելու։

Այնուհետեւ հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան փոխնախագահ՝ Արա Գալստեանը գնահատագրերի տւչութեան համար։

Կազմերն ու խմբերը hերթաբար ստացան գնահատագրեր, շնորհակալական նամակներ եւ նւէրներ, ապա ամրագրեցին յիշատակի լուսանկարներ։

Հրաւիրւեցին 2022թ.-ի Համա-ՀՄԸՄ-ական խաղերին մասնակցած խմբերն ըստ հետեւեալի՝

Իրանի 52-րդ Համահայկական խաղերի ընդհ. Պատասխանատու՝ Լուդւիկ Բ. Նազարեանը։

Իրանի 53-րդ Համահայկական խաղերի գործադիր կազմը նախագահութեամբ՝ Նորիկ Մինասեանի։

Համահայկական խաղերի ընթացքին մարզականի գրասենեակին օժանդակող երկու ընկերները։

Հանրութեան հետ կապին, օժանդակներին ու լուսանկարիչներին։

Մարզական միութեան գրասենեակի պաշտօնեային։

Մարզական միութեան՝

Տղ. վոլիբոլի երէց խմբին

Տղ. բասկետբոլի երէց խմբին

Տղ. բասկետբոլի թիւ 1 խմբին

Տղ. բասկետբոլի երիտ. խմբին

Սեղանի թենիսի խմբին

Ֆուտսալի թիւ 1 եւ 2 խմբերին

Վերջում ամբիոնի մօտ հրաւիրւեց Մարզական միութեան վարչութեան նախագահ` Արբի Գալստեանը, ով իր հերթին շնորհաւորեց խմբերին ու շնորհակալութիւն յայտնեց Միութեանը սատար հանդիսացող ընկերներին։

Աւարտւելով միջոցառման պաշտօնական բաժինը ընկերական ջերմ մթնոլորտում շարունակւեց ընթրիք-երեկոյթը:

Հ. Մ. «Արարատ» Կ.

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան Գնահատման երեկոյթի բացման խօսքը

 

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան յարգարժան Կենտրոնական վարչութիւն, Երէցների, Արւեստից եւ Սկաուտական միութիւնների վարչութիւնների յարգելի ներկայացուցիչներ, Մարզաւանի վարիչ մարմին, Հանրութեան հետ կապի կազմ, օժանդակներ ու լուսանկարիչներ

Սիրելի հիւրեր,

Շատ սիրելի մարզիկներ,

Բարեւ ու բարի գալուստ Մարզական միութեան աւանդոյթ դարձած Գնահատման երեկոյթին,

Մարզական միութիւնը խմբերի ու բաժանմունքի տեսքով աշխատել է հէնց «Արարատ»-ի ստեղծման օրւանից՝ 1944 թւականի յուլիս ամսից ու մրցումների է անցել 8 ամիս անց, արդէն 1945-ի մարտից բասկետբոլի, վոլիբոլի, բոքսի, ծանրաբարձութեան ու ֆուտբոլի հատւածներում ու նոյն թւականից սկսեալ երկրի մակարդակում արժանացել է անհատական եւ խմբային առաջնութիւնների։

Հաճելի է իմանալը, որ կազմակերպութեան մէջ առաջին համայնքային բարեգործութիւնը եւս կատարել է մարզական բաժանմունքը, 1945 թւականի մարտի 10-ի երեկոյեան տոմս է վաճառել յօգուտ «Քուշեշ Դաւթեան» ազգային դպրոցի, «Բոքսի մրցութիւն ու այլ մարզաձեւերի ցուցադրանքներ» խորագրով մեծ ընդառաջման արժանանալով։

Քիչ ժամանակ անց իհարկէ, աւելացել են՝ ժիմնաստիկ, մարմնամարզութիւն, թեթեւ ատլետ, սեղանի թենիս, թենիս, կարատէ-տեկւանդօ եւ լեռնագնացութեան բաժանմունքներն ու հետզհետէ աւելացել են լողն ու սրահային ժայռամագլցումը։

Մի առ ժամանակ ունեցել է հաքի ու հեծանւավազքի խմբեր եւս։

Այսքանը պատմականի մի բաժնից։

Մարզական միութիւնը 2020-2022 թւականներից մինչ այսօր ունեցել է բազմաթիւ աշխատանքներ, ծնողական ժողովներ, մրցումներ, ընկերական խաղեր, նւիրւած մրցումներ, քոյր միութիւնների հետ հանդիպումներ եւ այլն, որոնք իրականացւել ու նպատակի են հասել շնորհիւ միութեան անդամների ու միութեան կողքին կանգնած ընկերների՝ անկախ հանգամանքներից։

Միասնական աշխատանքը արդիւնաւորւում է երբ՝ միտք, կամք, կարգապահութիւն ու սէր է ներդրւում։

Ուրեմն այստեղ նստած ամէն մի հանդիսատես իրաւունք ունի պարծենալու, քանզի ինքն եղել է այս մեծ կազմակերպութեան հսկայ սայլի անիւների շարժողներից մէկը։

Այո, սիրելիներ հաւատացէք, որ երբ միասին ու միակամ ենք աշխատում մօտենում ենք նպատակին։

Արդէն 78 տարին բոլորած «Արարատ»-ի մեծ սայլը այդպէս է կանգուն մնացել, իր խելացի, անձնւէր ու համեստ անդամների շնորհիւ, որոնք մէկը միւսին յաջորդեմով, կատարել են հնարաւորը հայապահպանման ու ազգապահպանման գործում։

Այդու՝

Այստեղից նախ միութիւնը հնչեցնում է իր երախտագիտութեան ջերմ խօսքերը միութեանը սատար կանգնած օրւայ Կենտրոնական վարչութեանը, որ շրջանի սկզբից բոլոր հարցերում օգնել ու օժանդակել է յառաջխաղացքի համար։

Ապա միութեան անունից շնորհակալութիւն ենք յայտնում Մարզաւանի Վարիչ մարմնին, Երէցների, Արւեստից եւ Սկաուտական միութիւններին ու վարչութիւններին, որոնք միշտ օգտակար են եղել միութեանը։

Մանաւանդ պէտք է նշել վերջին՝ Իրանի 53-րդ Համահայկական խաղերի նախապատրաստական, բացման հանդիսութեանն ու ողջ ընթացքին Վարիչ մարմնի ամենածաւալուն օժանդակութիւնների համար ապա միութիւններին՝ տոմսերի վաճառման, օթեակում հիւրընկալման, գրասենեակների ու համակարգիչների տրամադրման, դրօշակի արարողակարգի եւ գեղարւեստական բաժնի յանձնառութիւնները իրականացման համար։

Շնորհակալական խօսքեր ունենք բոլոր պաշտօնեաներին որ միշտ եւ մանաւանդ համահայկական խաղերի օրերին սատար են կանգնում ամէն մի վայրկեանը եւ շնորհակալ ենք մշտարթուն կարգապահներին։

Շնորհակալ ենք բոլոր այն անձանց որոնք իրենց ներկայութեամբ ու շինիչ առաջարկներով կանգնած են մարզիկների մէջքին։

Շնորհակալական խօսքեր ունենք խաղերի առիթով հանրութեան հետ կապին միացած օժանդակներին ու լուսանկարիչներին, ովքեր մի մարմին դարձած միանում են յանձնախմբին ու շուրջօրեայ տեղեկատւութեամբ անցու դարձը հասանելի են դարձնում համայնքին, այսու՝ շնորհակալ ենք «Ալիք» օրաթերթին անվերապահ համագործակցութեան համար։

Այսօր առիթ է ընձեռնւել գնահատելու Մարզական միութեան շուրջ հաւաքւած բոլոր ընկերներին։

Գերագնահատւում են՝

- 2021-22 թւականներին 52 եւ 53-րդ Համահայկական խաղերի մասնակից խմբերն ու կազմերը։

Նաեւ առանձնապէս տղայոց երէց վոլիբոլի խումբը, որի մասնակցութեամբ այս մարզախաղի մրցոյթը ի մի եկաւ։

- 2022 թւականի ամռանը Երեւանում կայացած 11-րդ համա-ՀՄԸՄ-ական մրցումներին մասնակից պատւիրակութիւնը, խմբերը, մարզիչն ու խմբի պատասխանատուն։

- 2022 թւականի ամռանը Ուրմիայի մասնաճիւղում կազմակերպւած 4-օրեայ վոլիբոլի մրցաշարին մասնակից տղայոց երէց վոլիբոլի խումբը։

- 2022 թւականին Նոր Ջուղայում 32-րդ Գարնանային խաղերին մասնակցած բասկետբոլի խումբն ու անհատական սեղանի թենիսի մասնակիցը։

- Գնահատւում է Բասկետբոլի խմբերի փենալթիի մրցման կազմակերպիչ վետերան մարզիկ ընկեր Մելիք Սարգսեանը։

Շնորհակալ ենք մասնակցելու եւ դարձեալ ապացուցելու համար, որ մենք միասին ուժեղ ենք, ունենք կամք աշխատելու, միմեանց օժանդակելու ու միտւած ենք դէպի մեր վեհ նպատակը։

Ձեզ բարի վայելում եւ ուրախ ժամանց եմ ցանկանում։

Սիրենք իրար

Կեցցէ «Արարատ»-ը

Մեր բոլորի երկրորդ տունը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։