Խաղը ստեղծում է այն հեքիաթային գունեղ աշխարհը, որտեղ երեխան կատարում է առաջին քայլերը իր երեւակայութեանը թեւեր տալով, գտնելու իր եսը, ինքնաճանաչման առաջին փորձերը, որոնք կուղղորդեն նրան ճիշտ ընտրութիւններ կատարելու, ինքնագոհացման եւ կեանքում իր բաղձալի դերը ստանձնելու գործընթացում։
«alikonline.ir» - Խաղը ստեղծում է այն հեքիաթային գունեղ աշխարհը, որտեղ երեխան կատարում է առաջին քայլերը իր երեւակայութեանը թեւեր տալով, գտնելու իր եսը, ինքնաճանաչման առաջին փորձերը, որոնք կուղղորդեն նրան ճիշտ ընտրութիւններ կատարելու, ինքնագոհացման եւ կեանքում իր բաղձալի դերը ստանձնելու գործընթացում։
Երկուշաբթի, նոյեմբերի 14-ին «Արարատ» ազգ. դպրոցում տնօրինութեան եւ ծնողական խորհրդի միասնական ջանքերի շնորհիւ կայացաւ «Խաղերի աշխարհ» դասասենեակի բացման հանդիսաւոր արարողութիւնը։
Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, Կրթական խորհրդի անդամներ Մելինդա Քեարիմ Մասիհին, Ալենուշ Շահնազարեանը, Խաչատուր Խաչատրեանը, 8-րդ կրթադաստիարակչական կենտրոնի տնօրէն Ալի Ամերէն եւ կենտրոնի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետը խիստ շեշտեց ազգային արժէքների, նաեւ հայոց լեզւի ու գրականութեան եւ կրօնի պահպանման ուղղութեամբ տարւող աշխատանքների կարեւորութիւնը, որոնց երաշխիքն է կարող դառնալ մեր հայ կրթօջախը իր զարգացման նպատակային փուլերով։
Նա իր խօսքում նշեց նաեւ, որ հայերը հաւաքւելով այս թաղամասում մօտ 70 տարի առաջ սիրայոժար կառուցել են այս կրթօջախը եւ այն, այդ տասնամեակների ընթացքում կերտել է իր փառաւոր պատմութիւնը, որպէս ազգային արժէքների պահպանման կարեւորագոյն հաստատութիւն եւ այժմ էլ դպրոցը գտնւում է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում, ուսումնասիրւում է վերակառուցման հարցը եւ ելքեր են փնտրում Դպրոցների արդիականացման եւ կահաւորման կազմակերպութեան հետ, այդ ուղղութեամբ:
«Արարատ» դպրոցի տեսչուհի տկն. Բաղդադին իր ելոյթում բարի գալստեան խօսք ուղեց հիւրերին եւ շնորհակալական խօսք յայտնեց փոխտեսչութեանն ու ծնողական խորհրդին։
Նա անդրադարձաւ խաղի կարեւորութեանը նշելով, որ խաղալը միջոց է սովորելու այն ամէնը, որոնք ուղղորդելու են երեխաներին, կառուցել իրենց նպատակները՝ ապրելով խաղի խորհրդանշական աշխարհում, իմաստների եւ արժէքների աշխարհում, միեւնոյն ժամանակ փորձելով սովորել եւ իր փորձառութիւնները հասցնել շօշափելի մակարդակների։ Այսպիսով երեխաները խաղում են, եւ արդիւնքում խաղում ստանձնած դերերը կարող է դառնալ նրանց անհատականութեան մի մասը։ Վերջինս նաեւ խիստ կարեւորում է դպրոցում գիտելիք ձեռքբերման անհրաժեշտ գործընթացի կողքին ստեղծել միջավայր, որտեղ աշակերտները երկրորդ տուն իմաստալից հասկացութեան ներքոյ կը վայելեն նաեւ բերկրանքով լի պահեր եւ «արտայայտման ազատութիւն» վերնագրին համաձայն ազատօրէն կարտայայտեն իրենց սեփական գաղափարն ու կարծիքը։
Յաջորդիւ իր ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, կարեւորելով «Խաղերի աշխարհ» դասասենեակի նպատակային ստեղծմանը, նաեւ խաղի եւ ուսուցման իրար զուգորդելու կարեւորագոյն գործօնին։ Բարձր գնահատեց տնօրինութեան նման օրինակ նախաձեռնումները, քանի որ դա միմիայն ծառայելու է յանուն աշակերտութեան բարօրութեանը։
Նա քաջալերանքի իր խօսքն ուղղեց նաեւ առաջին դասարանի աշակերտուհիներին՝ երկու լեզւով կատարած խմբային երգի, իններորդ դասարանի աշակերտուհիներին՝ իրենց միասնական երգի կատարման եւ վեցերորդ դասարանի երկու աշակերտուհիներին՝ «Մեր Հայրենիք» հիմներգի ջութակով կատարման համար։
Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Հանրային կապի
տելեգրամեան ալիք