Հա

Համայնք

03/01/2023 - 11:20

2023 թւականի Ամանորի սուրբ պատարագ՝ Թեհրանի հայոց թեմում

Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ յունւարի 1-ի առաւօտեան, տնօրինութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում:

Սուրբ Սարգիս եկեղեցում Ամանորի պատարագը մատուցւեց նախագահութեամբ թեմակալ առաջնորդի եւ մասնակցութեամբ գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանի:

Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ յունւարի 1-ի առաւօտեան, տնօրինութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում:

Սուրբ Սարգիս եկեղեցում Ամանորի պատարագը մատուցւեց նախագահութեամբ թեմակալ առաջնորդի եւ մասնակցութեամբ գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանի:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում յայտնեց.-

Սիրելի եւ բարեպաշտ հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ՝

«Նոր տարւայ այս առաջին լուսապայծառ եւ արեւաշող առաւօտում, երբ Աստծոյ ներկայութեան մէջ ենք բոլորս, նախ գոհութիւն եւ փառք ենք յայտնում Ամենակալ Աստծուն, որ մի տարի եւս շնորհեց մեզ եւ մեզ հասցրեց Նոր Տարւան՝ 2023 տարւայ այս պահին: Ես գոհունակութեան եւ փառաբանանքի այս զգացումներով ողջունում եմ Ձեզ բոլորիդ սիրելիներ, շնորհաւորում եմ Ձեր Նոր տարին եւ գալիք Ս. Ծնունդը եւ աղօթում եմ, որ յառաջիկայ 2023 տարին բոլորիս համար լինի խաղաղութեան, առողջութեան եւ Աստւածային շնորհներով լեցուն տարի»:

Սրբազան Հայրը օրւայ խորհրդին անդրադառնալով շարունակեց.-«Օրւայ խորհուրդը մեզ մղում է եւ մեր ուշադրութիւնը կենտրոնացնում է հիմանական մէկ գաղափարի շուրջ՝ վերանորոգութեան Քրիստոնէական մեր հասկացողութեամբ, որը ոչ միայն մարդկային կեանքի անհրաժեշտ երեւոյթներից է այլեւ յատկապէս Քրիստոնեայ եկեղեցու եւ Քրիստոնեայ հաւատացեալների համար անհրաժեշտութիւն է, որպէսզի վերանորոգւած հաւատքով, սիրով եւ յոյսով կարողանանք մեր նոր տարին սկսել»: Նա շարունակեց.- «Նորը այն է, որ մենք մեր ներսիդին իսկապէս նորոգւենք, իսկապէս նոր մարդ լինենք եւ երբ մենք կարողանանք մեր կեանքի մէջ ամէն անգամ նորոգութեամբ ապրել, այն ժամանակ ամէն վայրկեանը մեզ համար նոր տարի է: Պօղոս Առաքեալը կասէ «Այն որ Քրիստոսին ընդունում է նոր արարած է լինում», եթէ կարողանանք Քրիստոսին Պօղոս Առաքեալի բառերով ընդունել եւ այդ մեզ նոր արարածի է վերածում, այն ժամանակ ամէն մի վայրկեանը մեր կեանքում նոր է: Մեր եկեղեցու նշանաւոր հայրերից Ս. Ներսէս Շնորհալին նաեւ իր հոգեւոր բանաստեղծութեան մէջ ասում է «Նորոգող հնութեանց, նորոգեա եւ զիս, նորոգ զարդարեայ»։

Սրբազան Հայրը իր քարոզի ընթացքում անդրադառնալով ներկայ օրերի մարտահրաւէրներին յայտնեց.- «Այս օրերին դժբախտաբար մենք տօնում ենք Նոր տարին աղօթքով եւ փառաբանանքով, բայց մեր սիրտը տխուր է, որովհետեւ մեր երկիրը այս օրերին կապրի իր պատմութեան ամենադժւար ճակատագրական եւ որոշադրիչ մէկ ժամանակաշրջան: Մենք դժբախտ ու անբաղձալի վիճակի մէջ ենք, որպէս ազգ, բայց սա, որպէս երեւոյթ առաջին անգամը չէ: Մեր պատմութիւնը մեզ յուշում է, որ մենք դժբախտաբար նման վիճակների մէջ գտնւել ենք, բայց դրանք մեր կեանքի մէջ երբեք մնայուն չեն եղել ընհակառակը այդ մարտահրաւէրներին դէմ յանդիման կանգնած՝ աղօթքով եւ Քրիստոսին մեր մէջ ունենալու կարողականութեամբ կարողացել ենք յաղթահարել այդ բոլորին եւ նոր արշալոյս ողջունել մեր կեանքի մէջ: Դժւարութիւնները եւ դժբախտութիւնները ժողովուրդների կեանքի անբաժան մասն է, բայց մեզ մնում է, որ տօնական այս օրերին յատկապէս Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան այս օրերին մենք մեզ Աւետարանական ճշմարտութեամբ վերանորոգենք: Վերանորոգել կը նշանակէ միեւնոյն ժամանակ մեզ զօրացնել՝ մեր հաւատքուվ եւ ազգային պատկանելիութեամբ: Ի վերջոյ չպէտք է մոռանալ, որ մենք որպէս Քրիստոնեայ ժողովուրդ աշխարհում առաջին ժողովուրդն ենք եղել որ քրիստոնէութիւնը ընդունել ենք, որպէս պետական կրօն եւ դրանով առաջնորդւել ենք եւ եթէ անցնող 2000 տարիների ընթացքին մենք Սաղմոսերգու բառերով մահւան ձորի միջից ենք անցել, բայց երբեք մեր յոյսը չենք կտրել, ընդհակառակը մենք մեզ վերանորոգել ենք, մեր կամքը ուժեղացրել եւ տոկունացրել եւ կարողացել ենք այդ փորձանքներից անցնել: Այսօր նաեւ այդ փորձանքների առաջ ենք գտնւում: Փորձանք, որ մեզ մեր հաւատքի մէջ կարող է տկարացնել: Փորձանք, որ մեր ազգային գիտակցութեան մէջ կարող է նահանջել տայ: Փորձանք, որ կարող է մեզ հեռացնել մեր ինքնուրոյնութիւնից, բայց ես հաւատացած եմ, որ երբ ամէն անգամ Հայր մեր ենք արտասանում եւ ասում ենք «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» վստահ եղէք, որ Աստւած մեզ կը հովանաւորի եւ մեր կեանքը կը վերածի երջանկութեան:

Քարոզի աւարտին Սրբազան Հայրը կրկին շնորհաւորելով Նոր տարին յայտնեց, որ նորոգութեամբ եւ Գերագոյն Նորոգիչի զօրութեամբ մենք պիտի կարողանանաք մեր կեանքը ապրել եւ Աստծոյ շնորհներին եւ Սուրբ Հոգու պտուղներին արժանանալ, որը ուրիշ բան չէ եթէ ոչ սէր, խաղաղութիւն, համբերութիւն, ժուժկալութիւն եւ տոկունութիւն, որն առաւելագոյն չափով մեզ ամրացնում է մեր հաւատքի եւ մեր յոյսի մէջ: Սրբազան Հայրը հաւատացեալներին կոչ արեց Քրիստոսի կենարար եւ յաւիտենական խօսքով նորոգւել՝ մտքով, հոգով ու սրտով եւ վերանորոգւած փառաբանել Աստծուն իր ամենասուրբ երրորդութեամբ: Ամէն.

Ս. պատարագին տարբեր եկեղեցիներում ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացել ժողովուրդ:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

 

Յարակից լուրեր

  • Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում
    Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-րդ տարեդարձի առիթով, Մայիսի 28-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք:

  • Այցելութիւններ ազգային առաջնորդարան
    Այցելութիւններ ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 20 մայիսի 2023 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էստոնիայի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս՝ Արմէն Մութաֆեանին եւ իր եղբօր՝ Ալբերտ Մութաֆեանին, ովքեր քաղաքավարական այցելութեամբ հանդիպեցին Սրբազան Հօր հետ:

  • Կասեցնել ՀՀ գործող իշխանութիւնների ոչ հայանպաստ եւ ազգակործան գործողութիւնների ընթացքը
    Կասեցնել ՀՀ գործող իշխանութիւնների ոչ հայանպաստ եւ ազգակործան գործողութիւնների ընթացքը

    Նիկոլ Փաշինեանի՝ մայիսի 22-ի ծայրայեղ վտանգաւոր մամլոյ ասուլիսից յետոյ, յայտարարում ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հակազգային յայտարարութիւնները ոչ միայն անընդունելի են, այլեւ՝ դրանք հակասում են ՀՀ Անկախութեան հռչակագրին եւ Սահմանադրութեամբ ամրագրւած Արցախի մասին յօդւածին՝ հատելով համայն հայութեան ազգային-պետական բոլոր կարմիր գծերը։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, 17 մայիսի 2023 թւականին, Թեհրանի հայոգ թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց՝ «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան ատենապետ Զաքար Քեշիշեանին, որը քաղաքվարական այցելութեամբ հանդիպեց Սրբազան Հօր հետ:

  • Լուսանկարիչ՝ Հրայր Բազէ Խաչերեանի այցն ազգային առաջնորդարան
    Լուսանկարիչ՝ Հրայր Բազէ Խաչերեանի այցն ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, 17 մայիսի 2023 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերեանին, ընկերակցութեամբ Իրանի Պատմական Եկեղեցիների կենտրոնի տնօրէնուհի ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։