Կիրակի, յունւարի 29-ին, «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցած «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութիւնների կիզակէտում» թեման շօշափող դասախօսական երեկոյին, որը տեղի ունեցաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում, Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը կարեւորելով Սփիւռքի հետ դէմ առ դէմ շփումը յաւելեց, որ Արցախի ինքնորոշման իրաւունքը միջազգային ատեաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփիւռքը կարող է ունենալ անգնահատելի դեր:
Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան.
«Արցախի ինքնորոշման իրաւունքը միջազգային ատեաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփիւռքը կարող է ունենալ անգնահատելի դեր»
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր.
«Արցախի ինքնորոշման իրաւունքի խնդիրը պէտք է հասկանալ իւրաքանչիւր հայի պատասխանատւութեան դաշտում: Իսկ այդ պատասխանատւութեան չափաբաժինը տարբեր է, ըստ աշխարհագրութեան կամ զբաղեցրած պաշտօնի»
«ԱԼԻՔ» - Կիրակի, յունւարի 29-ին, «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցած «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութիւնների կիզակէտում» թեման շօշափող դասախօսական երեկոյին, որը տեղի ունեցաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում, Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը կարեւորելով Սփիւռքի հետ դէմ առ դէմ շփումը յաւելեց, որ Արցախի ինքնորոշման իրաւունքը միջազգային ատեաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփիւռքը կարող է ունենալ անգնահատելի դեր:
Գեղամ Ստեփանեանն անդրադառնալով 44-օրեայ պատերազմի ընթացքում հայրենազրկւած ու անօթեւան վիճակում յայտնւած արցահայութեան խնդիրներին այն համարեց պատերազմի շարունակութիւն՝ Արցախի համար, քանի որ իր գնահատմամբ ծառացած խնդիրները միայն ենթակառուցւածքների վերանորոգումը չէ, այլ նաեւ բնակարանով արցախցուն ապահովելն է, ինչն այս պահին յոյժ կարեւոր է 120 հազար բնակչութիւն ունեցող փոքրիկ Հանրապետութեան անվտանգային խնդիրները լուծելու առումով նաեւ:
«Աւելի քան 80 մարդ է մորթւել իր բնակարանում՝ 44-օրեայի ընթացքում ադրբեջանական բանակի ձեռամբ, ովքեր տարեց կամ անկարող լինելու բերումով քաղաքը ձեռքից ձեռք անցնելու պահին չեն հասցրել լքել բնակավայրը: Արցախի ճանաչւած սահմանների օկուպացման հետեւանքով եւս մեր քաղաքացիները հայրենազրկւել եւ գտնւում են կենցաղային ծանր վիճակում: Բազմաթիւ ահազանգեր են գրանցւել զինւած կողոպուտի դէպքերի մասին, որը կատարւել է ադրբեջանական բանակայինների ձեռամբ: Իսկ այսօր երբ 48-րդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը կեանքի ճանապարհը պահում է փակ, թւով 550 ծանր հիւանդութիւն ունեցող արցախցու, ում անհրաժեշտ է վիրահատութեան միջամտութեամբ բուժում, չի թոյլատրւում տեղափոխւել Երեւան: Դրա կողքին փաստ է, որ 3 հազարից՝ 3200 կկ. տարածութիւն ունի այսօրւայ Արցախի Հանրապետութիւնը, որը կորցնելով իր գիւղատնտեսական նշանակութեամբ տարածքները կորցրել է իր ապրուստի միջոցների մի մասը, ինչն էլ աւելի է խորացնում աղէտը արցախցու համար: Այս մասին չորս անգամ զեկոյց է ներկայացւել միջազգային բարձր ատեաններին»,- խօսելով իրավիճակի մասին նշեց Գեղամ Ստեփանեանը:
Ռուս խաղաղապահների գործունէութեան մասին բանախօսները նշեցին, որ սկզբնանկան շրջանում ադրբեջանական կողմը կարեւորում էր խաղաղապահների տեղակայման փաստը եւ ինչ որ տեղ նաեւ ենթարկւում պայմանաւորւածութիւններին: «Բայց Ռուս-ուկրայնական հակամարտութիւնից յետոյ փոխւեց նաեւ ադրբեջանական կողմի վերաբերմունքը: Թուրքիայի ձեռագիրն այստեղ ակնյայտ է, որի ցուցումներով ադրբեջանական կողմն սկսեց հաշիւ չտալ ռուս խաղաղապահների ներկայութեանը, քանի որ նրանց (խաղաղապահների) առաքելութիւն իրականացնելու մանդատը հրաժարւել է ստորագրել, որով ռուսական կողմը կարող էր աւելի կտրուկ քայլեր ձեռնարկել սադրիչ գործողութիւնների դէմ»,- նշեց ԱՀ Մարդու իրաւունքների պաշտպանը:
Ընթացքում բանախօսները կարեւորելով Իրանի Իսլ. Հանրապետութեան դերը տարածաշրջանի կայունութեան հարցում արձանագրեցին՝ Արցախի խնդրի լուծման հարցում Մինսկի համանախագահների կարեւորութիւնը, որպէս ԼՂՀ-ի հակամարտութեան կարգաւորման գործում միակ գործօնի, որի որոշումներից է կախւած նաեւ Արցախի խնդրի լուծումը: «Սակայն համանախագահներն այսօր Ուկրայինայում շարունակւող պատերազմի բերումով պատրաստ չեն նոյնիսկ միմեանց զանգերին պատասխանել: Սա նշանակում է, որ ուկրայնական խնդրի լուծումից է կախւած նաեւ տարածաշրջանային միւս հարցերը: Իսկ խաղաղապահների հարցում մենք հակւած ենք շարունակել Ռուսաստանի հետ համագործակցութիւնը, քանի որ նրանց ներկայութիւնից է կախւած նաեւ այսօր արցախցու անվտանգութիւնը»:
Գեղամ Ստեփանեանն իր ելոյթի աւարտին թւարկեց Արցախի կարգավիճակի հարցում շրջանառւող երկու վարկածները՝ ռուսականը եւ ԱՄՆ-ի առաջարկած ձեւաչափերով: «Ռուսական կողմն առաջարկել է կարգավիճակի հարցը թողնել ապագային եւ այժմ մտածել միայն խաղաղ համակեցութիւն վարել խաղաղապահների ներկայութեամբ: Իսկ ԱՄՆ-ը առաջարկել է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցութիւնների մասին, որի հետ մենք կարող ենք համաձայն լինել միայն այն դէպքում, երբ Արցախը չդիտւի որպէս Ադրբեջանի Հանրապետութեան ներքին խնդրի լուծման տեսակ, եւ յստակ նշւած լինի ազգերի ինքնորոշման իրաւունքի հարցը,- եզրափակեց նա:
Ասպրամ Կրպէեանն իր հերթին անդրադարձաւ Հայաստանի ներքաղաքական ներկապնակին յաւելելով. «Իշխող ապազգային հոսանքի իրականացրած պետական մակարդակի դաւաճանութիւնը ակնյայտ է, ինչն իրականացնելու համար յանցաւոր իշխանութեանը եւ նրա պարագլուխը գլխաւոր կապիտուլեանտին պէտք էր Հայաստանի քաղաքացիներին ենթարկել տեղեկատւական ահաբեկչութեան»:
Ասպրամ Կրպէեանն անդրադառնալով հայի ինքնութիւնը թիրախաւորած իր նշած տեղեկատւական ահաբեկչութեանը, որը յատկապէս իրականացւել է 2018-ի յեղաշրջման ժամանակ յաւելեց. «Մեզ բաժանեցին, որ տիրեն: Իսկ Արցախի ինքնորոշման իրաւունքի խնդիրը պէտք է հասկանալ իւրաքանչիւր հայի պատասխանատւութեան դաշտում: Բնական է, եթէ պատասխանատւութեան չափաբաժինը տարբեր է, ըստ աշխարհագրութեան կամ զբաղեցրած պաշտօնի: Արցախը մեզ համար քաղաքականութիւն չէ, Արցախը մեզ համար ինքնութեան խնդիր է: Իսկ դու, երբ Արցախի Հանրապետութեանը վերաբերւում ես որպէս քո ինքնութիւն, հետեւաբար քո գործողութիւններն էլ համապատասխանեցւում են գիտակցումիդ: Ամէն բան պէտք է անել, որ այդ համախմբումը վերականգնւի»:
Նիստի աւարտին իր հայրական պատգամը յղելով լսարանին Սրբազան Հայրը կարեւորեց այն զարթօնքը, որ համայն հայութիւնը ապրեց 44-օրեային յաջորդած շրջանում: «Սեւ ամպերը միշտ եկել եւ անցել են հայոց աշխարհի երկնքում: Շուրջ 6 դար պետականութիւն չունեցած ազգ ենք, բայց մեր մէջ շարունակում էր ապրել պետականութեան ոգին: Ու հէնց դա էլ եղաւ մեր հայրենիքը վերանկախացնելու եւ մեր Հայաստանը վերակառուցելու հիմքն ու հիմնասիւնը: Այսօր էլ պէտք չէ յուսահատւել: Արցախը նորից կապրի իր յաղթական շունչը ու կապրեցնի բոլորին»:
Սրբազան Հայրը վերջում ակնարկեց շուրջ երկու հազար տարի երկիր ունենալ երազող հրեայ ժողովրդի սովորոյթի մասին, ով Զատկւայ տօնին միշտ ասել է յաջորդ տօնը՝ Երուսաղէմում: «Ճիշտ է, դա արւեցին այլ ազգերից խլելով իրենց հայրենիքը, բայց ասածս սա էր, որ հայ ժողովուրդը, ով Արեւմտեան Հայաստան է կորցրել, երբեւէ նման երազանքով բաժակ չի բարձրացնում: Դա է, որ պիտի դարձնել տօնական կարգախօս: Յաղթանակների մասին մտածելն է, որ կարող է տօնը՝ տօն դարձնել»,- իր ելոյթը եզրափակեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Լսարանի շարքերն էին համալրել Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ ՊԺ-ի ներկայացուցիչները եւ համայնքի ազգային ու կրօնական դէմքերը:
Լուսանկարները՝ Հատիսի