Շաբաթ, յունւարի 28-ին «ԱԼԻՔ» այցելեցին Թեհրանում գտնւող Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը:
Այցի ընթացքում հիւրերը «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցչի ընկերակցութեամբ հանդիպել են թերթիս գլխաւոր խմբագրին, ինչպէս նաեւ խմբագրակազմի անդամներին եւ ծանօթացել կատարւող աշխատանքներին:
Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան.
«Արցախի ինքնորոշման իրաւունքը սակարկելի չէ եւ պէտք է ամէնուր քաղաքական օրակարգ մտնի»
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր.
««ՀՀ Անկախութեան հռչակագրով է ամրագրւած, որ Արցախի նկատմամբ Հայաստանն ունի անվտանգութեան երաշխաւորի յանձնառութիւն»
ՎԵՐՋ ՏԱԼ Է ՊԷՏՔ ԱՅՍ ԱՆՀԵԹԵԹՈՒԹԵԱՆԸ, ՈՐ ԵԹԷ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ԱՊԱ ԴՈՒ ՌԵՒԱՆՇԻՍՏ ԵՍ
«ԱԼԻՔ», Հատիս - Շաբաթ, յունւարի 28-ին «ԱԼԻՔ» այցելեցին Թեհրանում գտնւող Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը:
Այցի ընթացքում հիւրերը «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցչի ընկերակցութեամբ հանդիպել են թերթիս գլխաւոր խմբագրին, ինչպէս նաեւ խմբագրակազմի անդամներին եւ ծանօթացել կատարւող աշխատանքներին:
Գեղամ Ստեփանեանի եւ Ասպրամ Կրպէեանի ուշադրութիւնից չվրիպեց թերթիս 92-ամեայ արխիւը, որտեղ պահւում են «ԱԼԻՔ»-ի 1931 թւականից ցայսօր լոյս տեսած համարների կազմւած հատորները:
Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանը «ԱԼԻՔ»-ի այն հարցին թէ՝ այսօր համայն հայութեան պայքարի առաջնագծում շարունակում է մնալ արցախահայութիւնը, որ արցախցու ոգու տոկունութեան ու գօտեպնդման գծով գործնականում ի՞նչ դեր է վերապահւած Սփիւռքին եւ յատկապէս Հայաստանի քաղաքացիներին, պատասխանեց. «Հարցը շատ կարեւոր է այն առումով, որ պէտք է հասկանալ այդ կարեւոր դերաբաշխումը: Պատերազմից յետոյ արցախցին իր որոշումը յստակ ընդունեց: Շուրջ 120 հազար մարդ է վերադարձել Արցախ թոյլ չտալու համար, որ եւս մէկ հողակտոր մեր հայրենիքից պակասի: Այո, չի բացառւում, որ կը լինեն մարդիկ, ովքեր աւելի լաւ կեանքի համար դուրս կը գան Արցախից, բայց հաւատացած եմ, որ Արցախն իր հայրենի հողին կպած ժողովրդով ունի իր մնայուն կորիզը»:
Գեղամ Ստեփանեանը յաւելեց. «Իսկ թէ ի՞նչ պիտի արւի հարցին պատասխանեմ՝ նախ պէտք է կապը չկորցնել Արցախի հետ: Եթէ որոշւում է Արցախի ճակատագիրը, ապա արցախահայութեանն է իրաւունքը, թէ ինչ ճակատագիր է ցանկանում ունենալ, ապա կարծում եմ Սփիւռքն ու Հայաստանը ականջալուր են լինելու եւ բոլոր հնարաւոր միջոցներով աջակից կը լինեն, որ խնդիրն ամենուր քաղաքական օրակարգ մտնի: Այնպէս, որ, եթէ արցախցին ինքնորոշում է ուզում, որը շատ արդարացւած որոշում է, յատկապէս այս օրերին, երբ ադրբեջանական կողմը փակել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը եւ թոյլ չի տալիս արցախցին կապ ունենալ արտաքին աշխարհի հետ, դա թարմ օրինակն է այն բանի, որ Արցախը Ադրբեջանի կազմում պատկերացնելը հաւասար կը լինի ցեղասպանութեան վտանգն անտեսելուն, որի մասին հարկաւոր է միջազգային բոլոր ատեաններում բարձրաձայնւի: Առաջինը՝ կանգնել ապրելու իր կամքը դրսեւորող արցախցու կողքին, երկրորդը՝ բոլոր խողովակներով առաջ մղել Արցախի ինքնորոշման իրաւունքի օրակարգը»:
ՀՀ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը նոյն հարցին անդրադառնալով նշեց, որ իր համար երբեւէ չի եղել նման տարբերակում՝ ասելով արցախցի, հայաստանցի, կամ սփիւռքահայ, յատկապէս, երբ իր մանկութիւնը Շուշիում է անցել եւ նման անջրպետներն իրեն հոգեհարազատ չեն եւ յաւելեց. «Իւրաքանչիւր հայ պէտք է գիտակցի իր ինքնութեան առջեւ պատասխանատւութիւնը յատկապէս այս օրհասական պահին: Արցախի օրինակով նա պէտք է զգայ իր ինքնութիւնը սպառնացող վտանգը, իր բոլոր ծաւալներով: Իւրաքանչիւր հայ պէտք է հասկանայ, որ ինքը Արցախի դեսպանն է: Որտեղ էլ որ նա լինի հայկական պետականութեան դեսպանն է: Նա պէտք է իր կամքը դրսեւորի արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի կողքին կանգնելով, Հայաստանի տարածքային ամբողջականութեան անսակարկելիութեան որոշումի կողքին կանգնելով: Եւ առհասարակ, հայկական պետականութեան գոյութեան վճռականութեան կողքին կանգնելով: Իւրաքանչիւր հայ պէտք է գիտակցի, որ հայկական պետականութիւնն է իր ինքնութեան անվտանգութեան երաշխաւորը: Իսկ այդ երաշխաւորութիւնը հէնց նրա գործողութեամբ է գոյանում: Սա չափազանց կարեւոր գիտակցում է»:
Ասպրամ Կրպէեանն անդրադառնալով հայի ինքնութիւնը թիրախաւորած տեղեկատւական ահաբեկչութեան փաստին, որն իրականացւել է նաեւ 2018-ի յեղաշրջման ժամանակ յաւելեց. «Մեզ յաղթել են, որովհետեւ մեզ կարողացել են պառակտել: Մեզ այն օրն են յաղթել, երբ ասել են, որ սա միայն արցախցու խնդիրն է: Կամ, սա միայն Հայաստանում ապրողի խնդիրն է: Սա այն դէպքում, երբ խնդիրը պէտք է հասկանալ իւրաքանչիւր հայի պատասխանատւութեան դաշտում: Բնական է, եթէ պատասխանատւութեան չափաբաժինը տարբեր է, ըստ աշխարհագրութեան կամ զբաղեցրած պաշտօնի: Արցախը մեզ համար քաղաքականութիւն չէ, Արցախը մեզ համար ինքնութեան խնդիր է: Իսկ դու, երբ Արցախի Հանրապետութեանը վերաբերւում ես որպէս քո ինքնութիւն, հետեւաբար քո գործողութիւններն էլ համապատասխանեցւում են գիտակցումիդ: Ամէն բան պէտք է անել, որ այդ համախմբումը վերականգնւի: Համախմբում, ո՛չ անձի կամ կուսակցութեան շուրջ, այլ՝ մեր պետականութեան գոյութեան, ինքնութեան յարատեւման, եւ հայրենիքի տարածքային ամբողջականութեան վերականգնման շուրջ»:
Ասպրամ Կրպէեանը յաւելեց. «Այս առումով շատ յստակ պէտք է հասցէաբար անդրադառնալ բոլոր նրանց, ովքեր թշնամական օրակարգին են սպասարկում եւ պէտք է անզիջում լինել այդ պայքարում: 90-ականների պատերազմը բոլորի տուն մտաւ, ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլ նաեւ Սփիւռքում, բոլորը ազդւեցին, անգամ եթէ պատերազմից հեռու էին...ցուրտ էր, մութ էր, սնունդ չկար, ոչինչ չկար, բայց նոյնիսկ այդ պայմաններում մենք բռունցք էինք, եւ բացառիկ ապրումակցման դրսեւորում ունեցանք»:
Գեղամ Ստեփանեանը հարցին, թէ երեք տարի է անցնում կապիտուլեանտի ստորագրած զինադադարի փաստաթղթից, իսկ այդ ընթացքում, յատկապէս, երբ գիտես քաղաքակրթութեան հետ կապ չունեցող թշնամու կեցւածքը, ինչու չի մտածւել միջանցքը փակելու հնարաւորութեան կամ հետեւանքների մասին պատասխանելով, յիշեցրեց, որ կար մեծ վստահութիւն խաղաղապահ ուժերի նկատմամբ եւ նշեց. «Պարենամթերքի պաշարի կուտակման մասին՝ այո, մտածւել է ժամանակին: Յատկապէս վերջին շրջանում պետական պահոցը կուտակւել է համապատասխան պաշարով: Սակայն երկար ժամանակով 120-հազար մարդու համար հնարաւոր չէ պաշար կուտակել: Ցանկացած երկիր երկար չի դիմանայ, եթէ տեղական արտադրանք չունի: Իսկ մթերքների պաշարման հարցում պէտք է նկատի ունենալ դրանց պիտանելիութեան ժամկէտը, որը տարբեր է լինում, օրինակ՝ հացահատիկի, կամ այլ տեսակների դէպքում: Իսկ ենթակառուցւածքների տեղափոխումը եւս միւս խնդիրներից էր, որը Հանրապետութեանը բարդ իրավիճակում թողեց, քանի որ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխութիւնը ժամանակից շուտ դրւեց սեղանին: Ճանապարհի հետ պէտք է գազատարը, ինչպէս նաեւ էլեկտրացանցը տեղափոխւէին, ինչը նոր խնդիրներ ստեղծեց ու փոխկապակցւած էր հէնց այդ ճանապարհը ժամանակից շուտ ադրբեջանցիներին յանձնելու որոշման հետ: Ֆինանսների հարցում այդ բոլորը միասին լուծել չի յաջողւի Արցախին, յատկապէս, երբ անօթեւան մնացած արցախցիների բնակարանային հարցերը լուծելը նոյնպէս առաջնային խնդիրներից է: Իսկ Արցախի Բանակը, որը Արցախի Հանրապետութեան անվտանգութեան հիմնական գործօնն է եւ այդ համատեքստից դուրս չէ, նոյնպէս պէտք է շարունակի սնւել Արցախի պետական բիւջէից, որն ինչպէս գիտեն բոլորը, այլեւս Հայաստանի բիւջէից մաս չի յատկացւում նրան: Այնպէս, որ ձեր հարցը թէեւ հասկանալի էր, այնուամենայնիւ Արցախի պետութեան եւ ժողովրդի ուսերին է դրւած այդ բոլոր խնդիրներին միաժամանակ դիմակայելու բեռը: Իսկ այստեղ պէտք է յստակեցնել, որ ինչքանով, որ մենք ենք մեղաւոր այդ հարցում, այդքան էլ մեղաւոր են խաղաղապահները: Որովհետեւ մեզ հետ շփումներում իրենք այդ երաշխիքը տալիս են՝ «որ հանգիստ եղէք, բան չի լինելու»: Ու համաձայն եմ, որ ոչ մէկի վրայ յոյս դնել պէտք չէ: Հէնց նման կերպ վարւելը մեզ այս օրը գցեց: Իսկ այդ գազատար տեղափոխելը տարիների աշխատանք է պահանջում եւ մեծ ռեսուրսներ, որ Արցախը, միանշանակ, չունի: Իսկ հեռահաղորդակցման լարը, որը պարբերաբար անջատւում էր, մինչեւ կտրւելը, դարձեալ անցնում է Շուշիից, որտեղ այդ չակերտեալ էկոակտիւստներն են փակել ճանապարհը: Պէտք է լինել այնտեղ, որ ճիշտ պատկերացում կազմես: Դու միանգամից լուծում ես բազմաթիւ հարցեր: Տեղահանւածին բնակարան ես կառուցում, բազմաթիւ հարցեր կան, որ պէտք է միաժամանակ լուծել: Չեղած գիւղատնտեսական հողերը փորձում ես գիւղատնտեսական դարձնել, սոցիալապէս անապահով խաւի խնդիրներն ես փորձում թեթեւացնել... ու այս բոլորը խիստ սահմանափակ բիւջէով ես ուզում անել»:
Ասպրամ Կրպէեանը Արցախի անվտանգութեան խնդիրների հետ կապւած հարցին պատասխանեց. «Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագրով է ամրագրւած, որ Արցախի Հանրապետութեան նկատմամբ Հայաստանի Հանրապետութիւնն ունի անվտանգութեան երաշխաւորի յանձնառութիւն: Այդ յանձնառութիւնը մեր պետականութեան ստեղծման հիմքում է դրւած: Եւ այդ յանձնառութիւնը ենթադրում է յստակ պետական քաղաքականութիւն եւ յստակ գործողութիւն: Այս յանձնառութեան իրականացումը մենք տեսել ենք մինչեւ 2018-ի յեղաշրջումը: Այս յանձնառութիւնը նաեւ սփիւռքեան կառոյցներն են իրենց հետեւողական աշխատանքներով իրականացրել՝ հաւատարիմ մնալով մեր պետականութեան ստեղծման յանձնառութեանը: Ցաւօք, այսօր պետական մակարդակով հրաժարւում են այս կարեւոր յանձնառութիւնն իրականացնելուց:
ՀՀ ԱԺ-ի Եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի անդամն արձանագրեց, որ Հայաստանում իշխանութիւնն օկուպացրած յանցախումբը բացառապէս սպասարկում է թուրքա-ադրբեջանական օրակարգը, որն էլ Արցախի անվտանգութիւնը երաշխաւորել պարտաւորեցնող յանձնառութիւնից հրաժարում էր ենթադրում: «Իսկ այն, որ Արցախն այսօր Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութիւնից զրկւած է՝ փաստ է: Նաեւ փաստ է, որ ՀՀ իշխանութիւնները ոչ մի փորձ չեն անում կատարելու իրենց պարտաւորութիւններն այդ յանձնառութեան գծով: Այս օրհասական իրավիճակի եւ հումանիտար աղէտի- հայրենազրկման, կորուստների ու ձախողումների առաջին պատասխանատուն հէնց իշխանութիւնն օկուպացրած յանցախումբն է:
Խաղաղապահների գործունէութեան մասին մեր դիտարկմանը պատասխանելով, Կրպէեանը յաւելեց. «Խաղաղապահները կարող են լինել լաւ կամ վատ, գործունեայ կամ ոչ գործունեայ: Բայց Արցախի Հանրապետութեան անվտանգութեան, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորը միայն Հայկական Բանակն է: Այն պահից, երբ հրաժարում եղաւ պետական մակարդակի այդ կարեւոր յանձնառութեան կատարումից եւ «առաքելութիւնը» զիջւեց երրորդ պետութեանը, մենք արձանագրեցինք ետ քայլ ու նահանջ ու հրաժարում եւ վերջապէս պարտութիւն: Սա է, որ հայ ժողովուրդը պիտի գիտակցի:
Հարցին թէ ի՞նչն է պատճառը, որ պատերազմին յաջորդած շրջանում, Հայաստանում իշխանամէտ թեւի լրահոսով է տարածւում, կամ նոյնիսկ պետական հեռուստաեթերից է հնչում, որ Բանակը կարեւորելու եւ մարտունակ դարձնելու կոչերը կարող են բերել էսկալացիայի ու լարւած վիճակի, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը պատասխանեց. «Փորձում են մարդկանց համոզել, որ եթէ բարեկեցիկ կեանք ես ցանկանում, պարտադիր պէտք է դէմ լինել Բանակին, Զինւած ուժերին, Արցախին, անվտանգութեան մասին հարցերին: Նոյնիսկ աւելի առաջ գնալով համոզել են փորձում, որ Արցախը բեռ է... կեղծ օրակարգեր են սրանք: Սրանք նարատիւ են, որի մասին ցաւով պիտի նշել, որ Հայաստանի անկախացումից ցայսօր իշխանաւորների, կամ համակարգում եղածների ուղեգիծն է եղել, ինչը շարունակւում է նաեւ այսօր: Հետաքրքիրն այն է, որ այսօրւայ մեր տարածքն օկուպացնողներն ու դրանց սատարողները իրենք այդ նարատիւի կամ գաղափարների կրողներն են:
Նա յաւելեց. «Միայն Հայկական Բանակն է իրաւազօր եւ իրաւասու իրականացնելու Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների անվտանգութեան գործառոյթը: Դրան հասնելու համար պէտք է բոլորիս ջանքն ուղղւած լինի Հայաստանում ազգային իշխանութեան ձեւաւորմանը եւ Հայկական երկու Բանակների կենսագործունէութեան բարձրացմանը: Մեր հասարակութիւնը տեղեկատւական ահաբեկչութեան զոհ է: Յանուն հանգիստ ու բարեկեցիկ կեանքի բանակից աչք փակող հասարակութեանը գիտակցել է պէտք, որ նոյնիսկ այն երկրներում, որտեղ բարեկեցիկ կեանք կայ հասարակութեան համար, կամ ինչպէս ասւում է պարբերաբար՝ ունեն հզօր ժողովրդավարութիւն, հէնց այն երկրներն են, որոնք ունեն հզօր եւ մարտունակ բանակ»:
Ասպրամ Կրպէեանն անդրադառնալով ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան երաշխիքին՝ անվտանգութեան համակարգի ստեղծման կարեւորութեանը յաւելեց. «Չես կարող առանց անվտանգային կուռ համակարգի ունենալ ժողովրդավարութիւն եւ հասնել արդարութեանը, որտեղ մարդու իրաւունքները պաշտպանւած են: Բանակը կազմաքանդելն ու հեղինակազրկելը համազօր է պետականութիւնը կազմաքանդելուն: Մենք պէտք է հասկանանաք, որ նախ պէտք է հայրենիքն ունենալ, որ հնարաւոր լինի այնտեղ ժողովրդավարութիւն հաստատել: Պէտք է պահպանել աշխարհագրական քո տարածքը, որ քո տեսակի իրաւունքները պաշտպանւած լինեն: Մեր առաքելութեան իմաստը դրա մէջ է՝ պարզ եզրոյթների մեկնութիւնը մեր հասարակութեան համար՝ նրան յստակ բացատրելով, որ ազգայինը հակադրելի չէ ժողովրդավարութեանը եւ մարդու իրաւունքներին, նոյնպէս էլ ազգը, բանակը, եւ անվտանգային կուռ համակարգը հակադրելի չեն բարեկեցիկ կենցաղի առիթներին: Ընդհակառակը, դրանք մէկը միւսին օժանդակող եւ մէկը միւսի կենսունակութիւնը ապահովող բաղադրիչներ են»:
Գեղամ Ստեփանեանը Բանակի հետ կապւած հարցին պատասխանելիս յիշեցրեց ժողովրդական ասացւածքը՝ «Եղունգ ունես գլուխդ քորի», միեւնոյն ժամանակ ցաւ յայտնելով, որ փորձում են մեր եղունգները քաշել: «Մինչեւ դու քեզ չպաշտպանես՝ դաշնակիցդ քեզ չի օգնի պաշտպանւել: Քո փոխարէն ոչ մէկը ոչինչ չի անի քեզ համար: Անհեթեթութիւն է մտածել, որ եթէ կենսունակ բանակ ես ցանկանում, ապա ռեւանշիստ ես թէ ինչ ես: Մեր կենսունակ բանակը Արցախի անվտանգութեան երաշխաւորը կարող էր լինել: Այնպէս ստացւեց, որ Բանակի օրւայ այս ազգային տօնին մենք ստիպւած ենք լինում պատասխանել ու հասարակութեան համար պարզաբանել բանակի կենսունակութեան կարեւորութեան մասին (այս հարցազրոյցը նոյն օրն է արւել, յունւարի 28-ին): Ժողովրդին Բանակից օտարելը աններելի է ու պետականութեանը դէմ քայլ: Իսկ Արցախի պարագայում ես յստակ կարող եմ ասել, որ ոչ միայն չի օտարւել, այլեւ Բանակն անցել է հասարակութեան միջով: Չկայ ընտանիք, որը բանակային չունենայ: Բացառւած է դա Արցախում: Բոլոր արցախցիների ընտանիքներից առնւազն մէկը ծառայում է կամ կապ ունի բանակի հետ: Բնակչութեան թիւը քիչ է եւ մեր յոյսը հէնց մենք ենք: Հայաստանից էլ, ցաւօք, այլեւս զօրակոչ չկայ, քանի որ Հայաստանի Բանակի ուժերն այլեւս Արցախում չեն: Մեզ մօտ զօրակոչն ամբողջութեամբ Արցախից է իրականացւում»,- նշում է մարդու իրաւունքների հարցով փորձագէտ արցախցին:
Ստեփանեանը յաւելեց. «Որպէս մարդու իրաւունքների պաշտպան, նոյնպէս իմ գործունէութեան շրջանակներում ինձ դուր չի գալիս, երբ շարունակ ուրիշներին պահանջ եմ ներկայացնում: Իհարկէ, որ միջազգային հանրութիւնը պարտաւորութիւն-պատասխանատւութիւն ունի, միջազգային կոնւենցիաներով ամրագրւած, որ մարդու իրաւունքների համատարած եւ լայնածաւալ խախտումների դէպքում կիրառի մարդուն պաշտպանելու պատասխանատւութեան սկզբունքը եւ փրկի այդ ժողովրդին հնարաւոր էթնիկ զտումներից, ցեղասպանութիւնից եւ հումանիտար աղէտից: Բայց երբ անընդհատ պահանջողի դերում ես, բայց ինքդ քայլ չես ձեռնարկում, առաւել հասկանալի ես դարձնում քո վճռակամութիւնը կամ դրա բացակայութիւնը տարբեր երկրների համար: Այնպէս, որ 2020 թւականի պատերազմից պէտք է մեծ դասեր քաղած լինէինք կենսունակ Բանակ ունենալու, կամ այն չհեղինակազրկելու համար: Պատմութեան մէջ Հայաստանն իր ոտքն ամրացրել է իր հողերի վրայ, եթէ պաշտպանութեան մասին է մտածել: Պաշտպանել ես՝ ստացել ես, չես պաշտպանել՝ կորցրել ես: Նժդեհի խօսքն է յիշեցնում պատմութեան տւած դասը «Ուժեղինն է յաղթանակը, ազատութիւնը, եւ ամէն ինչը»: Եթէ քո դերը վերաբացատրես անվտանգութիւն մուրացողի կերպարով, ոչ մի լաւ բանի սպասել չես կարողանայ»: