Հա

Համայնք

18/03/2023 - 15:00

«Մենք ձգտեցինք առաւել միասնական եւ համակարգւած աշխատել». Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն ամփոփում է իրանական 1401 թւականը

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն ամփում է տարին՝ պատասփանելով մեր հարցերին։

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն ամփոփում է տարին՝ պատասխանելով մեր հարցերին։

 

-Ինչպէս էք գնահատում իրանական 1401 թւականն Իրանի դիտանկիւնից։

-Անցեալ մէկ տարւայ ընթացքին Իրանը դիմակայել է բազմաթիւ մարտահրաւէրների, վերիվայրումների, մասնաւորապէս՝ տնտեսական եւ հասարակական խնդիրները բազում են եղել։ Արտաքին ճնշումներն եւս Իրանի նկատմամբ չեն պակսել։ Իրանի ժողովուրդը 1401 թւականին ինչպէս նախորդ տարի դիմակայեց Իրանի դէմ սահմանւած դաժան պատժամիջոցներին, որոնք ազդել են ինչպէս Իրանում ապրող տարբեր ազգութիւնների, այնպէս էլ իրանահայութեան եւ առհասարակ Իրանի ժողովրդի կենսամակարդակին։

Այնուամենայնիւ, Իրանը նախորդ տարւայ ընթացքին վարել է դինամիկ արտաքին քաղաքականութիւն, որի արդիւնքներից եղան Շանհայի միջազգային կազմակերպութեան մեր երկրի լիիրաւ անդամակցութիւնը, չմիաւորւած երկրների շարժման նիստին մասնակցութիւնը, որը նոր դիւանագիտական արդիւնքներ ապահովեց երկրի համար։

Կարելի է նկատել, որ անցած տարի բարելաււեց հարեւան երկրների մօտեցումներն մեր նկատմամբ, այդ թւում՝ Սաուդական Արաբիայի եւ Բահրէյնի հետ յարաբերութիւնները վերականգնւեց։ Տարածաշրջանային երկրների հետ նաեւ արձանագրեցինք յարաբերութիւնների զարգացում, այդ թւում՝ Իրաքի եւ Սիրիայի հետ։

 

-Հայ-իրանական յարաբերութիւնները եւս արձանագրեցին դրական ձեռքբերումներ։

-Այո, Իրանը մասնաւորապէս՝ արցախեան պատերազմից յետոյ ջանքեր գործադրեց առաւել ակտիւացնել իր դերակատարութիւնը հարաւային կովկասում: Աչքի ընկաւ Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացում։ Բարձրաստիճան դիւանագէտների փոխայցեր եւ նոր պայմանաւորւածութիւնները նախորդ տարւայ կարեւոր ձեռքբերումներից եղան:

Իհարկէ, անհրաժեշտ է արձանագրել, որ այս բոլորը եղել են, յատկապէս Իրանի վարած հարեւանների հետ յարաբերութիւնները զարգացնելու քաղաքական դինամիկ կողմնորոշման արդիւնքում։

Իրանական 1401 թւական նշանակալի էր նաեւ այն առումով, որ Կապանում բացւեց Իրանի գլխաւոր հիւպատոսութիւնն, որը մեկնակէտ էր հայ-իրանական բազմադարեայ եւ բարիդրացիական յարաբերութիւնների պատմութեան մէջ:

Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխաւոր հիւպատոսութեան հիմնումն ու արդիւնաւէտ գործունէութիւնը յառաջիկայում նոր որակ կը հաղորդեն երկու երկրների առանձնայատուկ յարաբերութիւններին: Նոր տարւան առաւել կը զարգանայ երկկողմ փոխգործակցութիւնը, որոնք կը նպաստեն հայ-իրանական կապերի խթանման:

Իրանը նաեւ տարբեր մակարդակներով ջանքեր է գործադրում առեւտրի խթանման եւ նոր ճանապարհների կառուցման ուղղութեամբ: Մասնաւորապէս՝ որպէս Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխատենապետ հետեւել եմ Հիւսիս-հարաւ ճանապարհի կառուցման գործընթացին, որի նպատակներն են` հաղորդակցման դիւրինացումը, դէպի Կենտրոնական Ասիա, Եւրոպա ձգւող հաղորդակցութեան ուղիներով տարբեր շուկաներ մուտք գործելու հնարաւորութիւնների ընդլայնումը եւ տնտեսութեան հիմնական ոլորտների զարգացումը։

Հայ-իրանական յարաբերութիւններից խօսելով անհրաժեշտ է եւս մէկ անգամ, արձանագրել որ Իրանի կարմիր գծերից են եղել Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան պահպանումն, ինչպէս նաեւ՝ Ղարաբաղի հայերի անվտանգութեան ապահովման անհրաժեշտութեան մասին շեշտել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը 1399 (իրանական) թւականին, սակայն ցաւօք, այժմ էլ Արցախի ժողովուրդը գտնւում են ծանր իրավիճակում՝ Լաչինի միջանցքի աւելի քան 100 օր շարունակւող արգելափակման հետեւանքով:

 

-Նախորդ տարի երկրում տեղի ունեցան որոշակի հասարակական անհնազանդութիւններ, դրանք ստացան ոչ միանշանակ դրսեւորումներ՝ ժողովրդի տարբեր շերտեր առաջ էին քաշում զանազան օրակարգեր՝ սահմանադրութեան փոփոխութիւններ, տնտեսական ճգնաժամի նկատմամբ իշխանութիւնների անգործութեան վերաբերեալ հնչած բողոքներ։

-Նախորդ տարւայ որոշակի ժամանակաշրջան կտրուկ սաստկացաւ հասարակութեան դժգոհութիւնները։ Տագնապալի իրավիճակ հասունացաւ, որի ձեւաւորմանն իրենց որոշիչ դերակատարութիւնն ունեցան երկրից դուրս գտնւող ուժերն՝ արտերկրային ընդդիմադիր ուժերը։ Շարժումներին աջակցելու եկան ինչպէս ԱՄՆ-ի այնպէս էլ իսրայէլական գործօնները։

Այդուհանդերձ, տագնապալի իրավիճակն այսօր որոշակի չափով մարել է։ Հասարակութեան մօտ ճգնաժամային թւացող իրավիճակը թօթափել է։ Սակայն, կարծում եմ տնտեսական բաղադրիչով պայմանաւորած դժգոհութիւնները շարունակում են պահպանւել։ ժողովուրդն այսօր էլ իշխանութիւններից պահանջում է աւելի վճռական քայլեր ձեռնարկել տնտեսական իրավիճակը բարելաււելու համար։

Իհարկէ, կառավարութիւնն իր հերթին փորձեր եւ համապատասխան քայլեր կատարում է մարտահրաւէրներին դիմակայելու համար։ Սոցիալական եւ կենցաղային իրադրութիւնը բարելաււելու պլաններ մշակելով: Խորհրդարանը նոյնպէս ջանքեր է գործադրում։

Անհրաժեշտ է արձանագրել, որ խորհրդարանն այսօր լինելով ժողովրդի խօսափողը իր ներդրումն է ունենում իրադրութիւնը ժողովրդի օգտին բարեփոխելու համար։

1402 թւականի պետական բիւջէի օրակարգի լսումներին ընթացքին պատգամաւորներն առաւելագոյն ջանքեր գործնականացրեցին բիւջէի նախագիծը տրամաբանական ուղղութեան մէջ բերելու համար՝ ելնելով սոցիալական եւ տնտեսական առաջնահերթիւններից։

Բիւջետային ծրագրերը դարձնելով աւելի արդիւնաւէտ, ձգտելով ապահովել աւելի մեծ հանրային օգուտներ:

 

-Նախորդ տարւայ գլխաւոր ձեռքերումը, որպէս իրանահայութեան պատգամաւորի։

-Բնականաբար, իմ գլխաւոր ձեռքբերումն հէնց կապւած է իրանահայութեան հարցերի եւ խնդիրների լուծման։ Խորհրդարանական եւ պետական մակարդակում իրանահայութիւնն ունեցաւ երկու կարեւոր գլխաւոր ձեռքբերում։

Թերեւս, այս երկուսն ինձ համար ամենանշանակալիներն են։

Առաջինը՝ կրօնական փոքրամասնութիւններին եւս հնարաւոր դարձաւ զբաղեցնել գերզգայուն պաշտօններ։ Օրէնքը գործադրման համար պետական համակարգին փոխանցւեց նախագահ Ռէյիսիի (08.07.1401թ.) համար՝ 139275 հրամանագրով։

Երկրորդը՝ քաղաքացիական օրէնսգրքի 881-րդ յօդւածը սահմանադրութեամբ հաստատւած Աստւածային կրօնների հետեւորդների վերաբերեալ յօդւածի չկիրառելիութեան հարցն էր, որի համաձայն ժառանգութեան բաժանումը հաշւարկւում եւ կատարւում է քաղաքացու նախկին դաւանանքի օրէնքի համաձայն։

 

-Ձեռքբերումներից խօսեցինք, որի հակառակ կողմը, անկատար մնացած աշխատանքներն են, կա՞ն այդպիսիք ձեզ մօտ։

-Իհարկէ, եղել են դժւարութիւններ եւ կան նաեւ մտահոգութիւններ ապագայի համար։ Կարիքաւոր ընտանիքներին օժանդակութիւն, ուսանողներին աջակցութիւն, դպրոցների եւ կրթական ոլորտի բարելաււման հարցեր, այս բոլորը մշտապէս, շարունակում են մնալ իմ աշխատանքային օրակարգում, որպէս առաջնային կէտեր՝ շարունակ՝ հետեւողականութեան, ինչ-որ բան ձեռնարկելու առարկաներ։

Դրանով հանդերձ, անհրաժեշտ է արձանագրել, որ անցեալ տարւայ ընթացքում տասնեակ եթէ ոչ հարիւրաւոր հանդիպումներ եմ ունեցել, Թեմական խորհրդի, Կարիքաւորներին օժանդակող մարմնի, սոցիալապէս անապահով ընտանիքների, անհատների, Կրթական խորհրդի, ուսանողների հարցերով զբաղւող մարմինների եւ ուսանողների հետ։

Տարբեր հանդիպումերի ընթացքում քննարկել ենք, առանձնապէս՝ դպրոցների օպտիմալացման թեման, որը հնարաւորութիւն է ընձեռնում միաւորելու ներուժը, այնպէս, որ ստանանք եղածից որակապէս աւելի դրական եւ լաւ արդիւնքներ։

Օպիտիմալացման թեմային համատեղ նաեւ կարեւորում եմ նորարար կենտրոնների ձեւաւորման ծրագիրը, որը աշակերտներին հնարաւորութիւն կը տայ կրթութեան զուգահեռ զարգացնել՝ ստեղծագործական ունակութիւնները, ինչպէս նաեւ՝ գնալ աշխարհին համընթաց ձեռքբերելով ՏՏ ոլորտի ուղղութեամբ ժամանակակից գիտելիքներ։

Անցած տարի դպրոցներ կատարած իմ բազմաթիւ այցելութիւնների ընթացքում ես խոստումներ եմ տւել աշակերտներին՝ կապւած տարբեր տեխնիկաների տրամադրման եւ ձեռքբերման։ Դրանցից, միայն, մի քանի օր առաջ յաջողեցի իրականացնել։ Այդ խոստումներից մէկն էր՝ «Թունեան-Թովմասեան» եւ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցներին պինգ-պոնգ սեղաների տրամադրումը։

1401 թւականը նաեւ այս առումով կարեւոր տարի էր, պետական տարբեր շրջանակների հետ համագործակցութեամբ, ինչպէս նաեւ ազգային մարմինների հետ համատեղ քայլերով, ֆինանսական միջոցներ փոխանցեցինք հայկական դպրոցներին։ Այդ միջոցներն ուղորդեցինք օրինակ «Թովմասեան» դպրոցի սրահի վերանորոգման աշխատանքներին, «Թունեան-Թովմասեան» եւ «Սողոմոնեան» դպրոցները նոր համակարգիչներով համալրեցինք: «Մարի Մանուկեան» դպրոցի լաբորատորը եւս այսպիսով վերանորոգեցինք։ Չորս մանկապարտէզների խաղավայրերի արդիականացում կատարեցինք։

Ինչպէս նշեցի իմ յառաջիկայ ծրագրերից է նաեւ նորարար կենտրոնների, գիտելիքահեն կենտրոնների հիմնումը։

Պէտք է միասնական ջանքեր գործադրել կառուցելու գիտելիքի վրայ հիմնւած հասարակութիւն, որն էլ, իր հերթին, պէտք է հիմնւի ուժեղ կրթական համակարգի վրայ։

Այս տարի նաեւ ստացանք փոքրամասնութիւններին տրամադրւող ֆինանսական յատկացումն Իսլ. խորհրդարանից։ Ինչպէս Ատրպատականի հայոց թեմի, Թեհրանի հայոց թեմի, այնպէս էլ՝ Հայ Կաթիողիկէ եւ Հայ Աւետրանական եկեղեցիների մարմինների եւ ներկայացուցիչների հետ հանդիպումներ եմ ունեցել եւ փորձեր կատարել լուծելու համայնքների հարցերն ու առաջացած խնդիրները։ Մասնաւորապէս՝ «Հայկաշէն»-ի հետ կապւած դատական գործընթացն ընթանում է, իսկ ես որպէս պատգամաւոր թոյլ չեմ տալու մեր ժողովրդի որեւէ իրաւունք ոտնահարւի։

 

-Ամփոփե՞նք իրանական 1401 թւականը։

-Այո, շնորհակալ եմ։ Այսօր կարող ենք նշել, որ ընդհանուր առմամբ նորոգութեան ժամանակաշրջանում ենք, եւ շատ ուրախ եմ արձանագրել, որ արդիականացման, գիտելիքի վրայ հիմնւած հասարակութեան զարգացումը ձեւաւորելու օրակարգի ուղղութեամբ աշխատում են տարբեր բաղադրիչներ՝ ազգային իշխանութիւն, դպրոցներ, միութիւններ, եկեղեցիներ։ Մենք ձգտում ենք աւելի ու աւելի միասնական եւ համակարգւած աշխատել, որը կարեւոր ձեռքբերում է։

 

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։