Մայիսի 11-ին՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» եւ ապա «Արցախ» սրահներում կազմակերպւել էր գեղարւեստական եւ իւրայատուկ ծրագիր, որի հիմնական դերակատարներն էին Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաները:
Մայիսի 11-ին՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» եւ ապա «Արցախ» սրահներում կազմակերպւել էր գեղարւեստական եւ իւրայատուկ ծրագիր, որի հիմնական դերակատարներն էին Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաները:
Այդ առիթով՝ միութեան «Սուքերեան» սրահում կազմակերպւել էր գեղարւեստական միջոցառում, իսկ «Արցախ» սրահում ՝ կենտրոնի սաների նկարչութիւնների ցուցահանդէս-վաճառքը:
Օրւայ գեղարւեստական յայտագիրը իրականացրեցին հէնց կենտրոնի սաները: Նրանք հնչեցրին Տէրունական աղօթքը՝ Լուիզա Աւետիսեանի ղեկավարութեամբ եւ դաշնամուրային կատարումներով:
Բացման խօսքով եւ հաղորդավարութեամբ հանդէս եկաւ Շարիս Մելքոմ Աբգարը, ով գնահատանք յայտնեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին եւ բոլոր նրանց, ովքեր միշտ իրենց բարոյա-նիւթական հովանաւորութիւնն են ցուցաբերում կենտրոնի նկատմամբ: Իր խօսքի ընթացքում, նա այսպէս ասաց. «Արւեստը եւ յատկապէս նրա ծառին պատկանող ճիւղերից մէկը՝ նկարչութիւնը գունաւորում է աշխարհը, գունաւորում պատկերը նայողի միտքը, հայեացքը եւ գուցէ ընդամէնը մի կարճ ժամանակով՝ նրա մտահորիզոնը...: Սակայն «Ակունք» կենտրոնի սաների միջոցով նկարւած նկարչութիւնները, ոչ միայն զարդարում են դիտողի միտքը եւ անջատում նրան ներկայիս խաւարած աշխարհի խնդիրներից, այլեւ իրենց վառ ու գունազարդ երեւակայութեամբ մի պահ ականատես ես լինում նրանց հոգու մաքրութեանը եւ կարծես դու տեսնում ես այդ մաքրութեան արտացոլանքի կաթիլները»:
Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու կենտրոնի փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանը, ով իր ողջոյնի ու շնորհակալական խօսքը փոխանցելով ներկաներին ընդգծեց. ««Ես կարող եմ այն ինչ դու»: 25 տարի է, որ «Ակունք» կենտրոնի մեր սաները այս կարգախօսով դանդաղ, բայց վստահ քայլերով քայլում են դէպի առաջ»:
Ընթացքում ցուցադրւեց կենտրոնի անցեալ 25 տարիները ներկայացնող տեսաֆիլմ, որը պատրաստել էր Թէօ Մարկոսեանը: Ընթացքում հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում նա նշեց, որ «Ակունք» կենտրոնի աշխատանքները Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի առաջարկութեամբ եւ ժամանակի Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հաստատումով փոխադրւեց Ս. Աստւածածին եկեղեցուն կից տարածքը: Պատգամաւորը անդրադառնալով կենտրոնի սաների օրէցօր առաջընթացին, անդրադարձաւ մի շարք դժւարութիւններին, որոնց դէմ-յանդիման է կանգնած կենտրոնը եւ ընդգծեց, որ ըստ հնարաւորին աշխատանք է տարւում կարգաւորել դժւարութիւնները: Նա բարձր գնահատեց կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանի, փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանի, ուսուցչական կազմի եւ ծնողների անխոնջ աշխատանքը, կենտրոնի սաներին հայեցի եւ անհրաժեշտ դաստիարակութիւնը եւ ուսուցումը փոխանցելու առումով: Պատգամաւոր Արա Շահվերդեանը նշեց. ««Ակունք» բառը, որը նշանակում է սկիզբ, կենտրոնի սաների համար հէնց սկիզբ է, որպէսզի կարողանան զարգացնեն իրենց: «Ակունք»-ը յոյսի փարոս եւ հաւատքի կամուրջ է»: Նա կարեւորութեամբ նշեց կենտրոնի աշխատանքների շարունակման անհրաժեշտութիւնը:
Միջոցառմանը, կենտրոնի սաներին գնահատագրեր յանձնւեց՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանի, փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանի եւ նկարչութեան ուսուցչուհի Հերմինէ Ղարաբէգեանի ձեռամբ:
Վերջում, եզրափակիչ խօսքի համար բեմ հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Իր ելոյթի ընթացքում Սրբազան Հայրը նշեց, որ 24 տարի է, որ անձամբ առնչւում է «Ակունք» կենտրոնի աշխատանքներին, եւ ընդգծեց, որ մեր այս երեխաները անցեալ տարիների ընթացքում իրապէս զարգացում են արձանագրել, որի ականատեսը եղանք նրանց բեմային կատարումների ժամանակ: Թեմակալ առաջնորդը իր գնահատանքը յայտնեց «Ակունք»-ի տեսչութեանը եւ ուսուցիչներին, ովքեր Աստծու օրհնութեան իրականացնողներն են: Սրբազան Հայրը նշեց, որ ամէն գնով անհրաժեշտ է պահպանել «Ակունք» կենտրոնը եւ իր խօսքը ուղղեց բոլոր նրանց, ովքեր հնարաւորութիւնը ունեն իրենց նիւթական ու բարոյական աջակցութիւնը ցուցաբերել կենտրոնին, եւ ընդգծեց, որ չխնայեն իրենց կարելին, որը մարդկային պարտականութիւն է:
Գեղարւեստական յայտագրի իրականացումից եւ ելոյթներից յետոյ, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում բացումը կատարւեց «Ակունք» կենտրոնի սաների նկարչական ցուցահանդէս-վաճառքի:
Միջոցառմանը առընթեր հարցազրոյց ենք ունեցել կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ակունք» կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանը անդրադառնալով կենտրոնի աշխատանքներին, ընդգծեց. «Մենք ունենք 20 աշակերտ-աշակերտուհիներ, որոնցից 16-ը մասնակցել էին նկարչութեան ցուցահանդէսին: Ընդհանրապէս նման ցուցահանդէսների նպատակը հետեւեալն է, որ մենք ապացուցենք մեր կարգախօսի՝ «Ես էլ կարող եմ այն, ինչ դու» ճշգրտութիւնը եւ անհրաժեշտ է բոլորը իմանան, որ մեր երեխաները կարող են հմտութիւն ձեռք բերել արւեստի տարբեր բնագաւառներում: Իսկ ցուցահանդէսի բացման հանդիսութեանը, մենք մասնակից աշակերտներին գնահատագիր յանձնեցինք, որպէսզի ժողովուրդը քաջալերի սաներին եւ նրանք եւս ոգեւորւած աւելի եռանդով շարունակեն իրենց աշխատանքը»:
Անդրադառնալով «Ակունք» կենտրոնի առաջիկայ ծրագրերի մասին, նա նշեց. «Մօտ ապագայում ներկայացնելու ենք գեղարւեստական ծրագիր, որը պարփակելու է՝ երգ, թատրոն, երաժշտական կտորներ եւ նպատակը մէկն է՝ հանրութեանը ծանօթացնել կենտրոնի աշխատանքներին ու երեխաների կարողութիւններին: Նաեւ ժողովուրդը ծանօթանալով կենտրոնին, ըստ հնարաւորին իր նւիրատւութիւնը ցուցաբերի կենտրոնին, քանի որ ինչքան բարւոք պայմաններում է գտնւում կենտրոնը, սաների համար հնարաւոր է լինում առաւել դիւրութիւններ ընձեռնել, եւ այսպիսի ցուցահանդէսները վկան են այդ իրականութեան: Նա վերջում իր շնորհակալութիւնը յայտնեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, ազգային իշխանութեանը, բարերարներին եւ ծնողներին, ովքեր չեն խնայում իրենց կարելին»:
Միջոցառմանը ներկայ էին Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ վերապատւելի Միշէլ Աղամալեանը, Տ.Վաղինակ ծ.վրդ.Մելոյեանը,ազգաին մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, բարերարներ եւ հիւրեր:
Թղթակցութիւնը կազմեց Կ. ԴԱՒԹԵԱՆԸ