Այս տարի Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայի հիմնադրման 90-ամեակն է:
Համայն հայաշխարհի հետ երախտագիտական զգացումով դիմաւորում ենք այս բախտաւոր թւականը, որը նոր էջ բացեց մեր երաժշտութեան պատմութեան մէջ:
90 տարի առաջ Հայաստանում ազգային երաժշտութեան մշակման ջանքերը հաստատ հիմքերի վրայ դրւեցին պետական բազմաթիւ հիմնարկներով, որոնց շարքում Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիային ճակատագրական դեր վիճակւեց՝ ստանձնելու ապագայ երաժշտական գործիչների պատրաստման խիստ կարեւոր առաջադրանքը:
Երեւանի Կոմիտասի անւան Պետական կոնսերւատորիան, երաժշտական բարձրագոյն, բազմակողմանի կրթութեամբ զինւած սերունդներ դաստիարակեց եւ դեռ շարունակում է իր սրբազան առաքելութիւնը, որի շրջանաւարտները կարող են ներկայում պատիւ բերել գեղարւեստական բարձր ճաշակի տէր արեւմտա-եւրոպական որեւէ երկրի:
Երաժշտական մշակոյթի այս օջախը տիպար եւ օրինակելի հրաւէր էր՝ ուղղւած այն բոլոր հայորդիներին, որոնք իրենց գեղարւեստական մկրտութիւնը ստացան Կոմիտասեան սկզբունքների աւազանում, դառնալու համար հայոց դարաւոր մշակոյթի ապագայ նւիրեալ գործիչները:
Յուզիչ է մտածել, որ դժւարութիւններով եւ յաղթահարումներով կերտւած փառաւոր ու սրբազան գործունէութիւնն արդէն 90-ամեայ պատմութիւն ունի: Միաժամանակ, զարմանալի է, որ մեր երաժշտութեան նւաճումները հրաշքի համազօր երեւոյթներ են, որովհետեւ հակառակ միւս արւեստներին՝ հայ մասնագիտական երաժշտութիւնը Հայաստանում, նորահաս սերունդների հետեւողական ճիգերով եւ բազմազան լայնաշունչ ստեղծագործութիւններով, հայ երաժշտութիւնը դուրս բերեցին նախնական վիճակից եւ տարան դէպի միջազգային հորիզոններ:
Երբ այսօր այդ ստեղծագործութիւններից որոշները իրենց ինքնատիպ բնոյթով, տեղ են գրաւում Բախի, Հենդէլի, Մոցարտի, Բեթհովէնի կողքին, օտար մեծ ոստանների համերգային ծրագրերում, նշանակում է, որ մեր երաժշտութիւնը նշանակալի առաջընթացով է հասել Արեւմտեան երաժշտութեան մակարդակին:
Ներկայ գրութեան սեղմ տողերով անհնար է ներկայացնել այն բազմաթիւ երախտաւորների անունները, որոնք մեծապէս նպաստել են Երեւանի երաժշտական՝ սկզբնական աշխատանքներին:
Առաջին հերթին, յիշելու համար միայն մի քանի դէմքեր՝ Ռոմանոս Մելիքեանը, մէկը մեր երաժշտութեան մեծ վարպետներից, մասնաւորաբար՝ երգարւեստի բնագաւառում, հանդիսանում է հայ քնարական երաժշտութեան ամենավաւերական ներկայացուցիչներից մէկը, որը թարմ շունչ եւ նոր երանգ բերեց մեր երգարւեստին:
Հայաստանի նորաստեղծ երաժշտական շարժման կարեւոր գործիչներից մէկը եղել է նաեւ Անուշաւան Տէր-Ղեւոնդեանը, որը նոյնպէս Թբիլիսիից փոխադրւում է Երեւան՝ լծւելու համար երաժշտական գործիչների պատրաստման սրբազան նպատակին:
Երեւանի երաժշտական սկզբնական աշխատանքներին մեծապէս օժանդակել է երաժշտագէտ Սպիրիդոն Մելիքեանը, որը Երեւանում հաստատւելով, ստանձնել է կոնսերւատորիայի երգչախմբի կազմակերպումը: Շատ կարճ ժամանակից երգչախումբը սկսում է համերգային գործունէութիւն:
Միաժամանակ, կոնսերւատորիայի յաջորդական սերունդների շարքում, պարզապէս, յիշենք անուններն այն կոմպոզիտորների, ինչպէս՝ Գրիգոր Եղիազարեանի, Ղազարոս Սարեանի, Էդւարդ Միրզոյեանի, Ալեքսանդր Յարութիւնեանի, Առնօ Բաբաջանեանի, Գէորգ Արմէնեանի, Ալեքսանդր Աճեմեանի, Էդգար Յովհաննիսեանի, Խաչատուր Աւետիսեանի, Կոստանդին Օրբէլեանի, Աւետ Տէրտէրեանի, Տիգրան Մանսուրեանի եւ դեռեւս բազմաթիւ այլ երիտասարդ տաղանդներ, որոնք մեծ դեր ունեցան հայ երաժշտութեան զարգացման, ծանօթացման եւ Երեւանի Կոմիտասի անւան Պետական կոնսերւատորիայի գեղարւեստական ծրագրերի կազմակերպման առնչութեամբ:
Արդարեւ, հայ երգը պատկերացումն է հայ հոգու, հայ մտքի եւ հայ ոգու: Լուռ ճշմարտութիւն է, որ Կոմիտասեան երգին ու աւանդներին ծառայել՝ հայ ազգային ոգուն ծառայել է:
Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայի նկատմամբ մեր ունեցած երախտագիտական զգացումների եւ հայ երաժշտութեան հանդէպ մեր տածած պաշտամունքի խօսուն վկաներն են, մեր ջանքերով «Հայ երաժշտական պատմութիւն» հատորի հրատարակութիւնը, ինչպէս նաեւ Երեւանի Կոմիտասի անւան Պետական կոնսերւատորիայի ուսանողական հիմնադրամի հաստատումը, որով տասնհինգ տարիներից ի վեր անխափան՝ շարունակւում է մեր որդեգրած քսան ուսանողների կրթաթոշակի ապահովումը:
Առ այսօր, վաթսուն տարիների մեր երաժշտական յարատեւ գործունէութեամբ, յատկապէս վերջին մի քանի տասնամեակներում, հոգեկան եւ գեղարւեստական պահանջներ գոհացնելուց բացի, որոշ համերգներից գոյացած գումարները՝ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան, Հայ օգնութեան միութեան, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Նիւ Եօրքի առաջնորդարաների եւ Հայ օգնութեան ֆոնդի միջոցով, Հայաստան ենք առաքել՝ գործնապէս սատար հանդիսանալով հայրենաշէն նպատակների իրագործմանը:
Որպէս Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայի նախկին շրջանաւարտ, մեր կարծիքով, ժամանակն է ոչ միայն հպարտանալ յիշեալ բարձրագոյն ուսումնական հաստատութեամբ, այլ մանաւանդ կոնսերւատորիայի 90-ամեակի այս օրերում, շօշափելի եւ մնայուն նախաձեռնութեամբ զօրավիգ կանգնել դրան, որպէսզի միշտ վառ մնայ մեր երգի եւ Կոմիտասեան աւանդների ջահը:
ԱՐՍԷՆ ՍԱՅԵԱՆ
«Հայրենիք»