Հա

Մշակոյթ

25/06/2014 - 10:10

«Ոսկէ ծիրան» փառատօնի արտամրցութային ծրագիրը հարուստ է բազմաթիւ իւրօրինակ ֆիլմերով

Երեւանում յուլիսի 13-20-ն անցկացւելիք «Ոսկէ ծիրան» Երեւանի 11-րդ միջազգային կինոփառատօնի արտամրցութային ծրագրերի ֆիլմերի ցանկն արդէն յայտնի է: Այս տարի հանրութիւնը հնարաւորութիւն կը ստանայ դիտել եւ գնահատել շուրջ 100 կինոնկար: Ֆիլմերից շատերի հեղինակները բազմաթիւ փառատօների մասնակցած հեղինակաւոր ռեժիսորներ են: Տասնմէկ տարւայ պատմութիւն ունեցող «Ոսկէ ծիրան»-ը կը մեկնարկի մի քանի շաբաթից:

«armenpress.am» - Երեւանում յուլիսի 13-20-ն անցկացւելիք «Ոսկէ ծիրան» Երեւանի 11-րդ միջազգային կինոփառատօնի արտամրցութային ծրագրերի ֆիլմերի ցանկն արդէն յայտնի է: Այս տարի հանրութիւնը հնարաւորութիւն կը ստանայ դիտել եւ գնահատել շուրջ 100 կինոնկար: Ֆիլմերից շատերի հեղինակները բազմաթիւ փառատօների մասնակցած հեղինակաւոր ռեժիսորներ են: Տասնմէկ տարւայ պատմութիւն ունեցող «Ոսկէ ծիրան»-ը կը մեկնարկի մի քանի շաբաթից:
«Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի Միջազգային կապերի բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկեանը, յունիսի 20-ին հրաւիրւած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելով «Երեւանեան պրեմիերաներ» ծրագիրը, նշեց, որ այս տարի եւս ներկայացւելու են լաւագոյն ռեժիսորների լաւագոյն ֆիլմերը:
«Երեւանեան պրեմիերաներ» ծրագրում այս տարի կը ցուցադրւի Երւանդ Ջանիկեանի եւ Անջելլա Ռիչչի Լուկկիի «Բարբարոս երկիր» ֆիլմը, որը ներկայացւել է բազմաթիւ փառատօների ընթացքում: Կը ներկայացւի նաեւ Քշիշտոֆ Զանուսիի 1980 թւականին ստեղծւած «Հաստատուն գործօն» ֆիլմը, որը Կաննում յատուկ մրցանակ է ստացել: Այս տարի նշւում է Զանուսիի յոբելեանը: Նա նաեւ արժանանալու է Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լոյս» յատուկ մրցանակին»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տաթեւիկ Մանուկեանը:
Որպէս երեւանեան պրեմիերաներ՝ կը ցուցադրւեն նաեւ Նարեկացուն նւիրւած Վիտալի Մանսկիի «Գիրքը» ֆիլմը, Բեռլինի կինոփառատօնում «Ոսկէ արջ» մրցանակ ստացած Յինան Դիայոյի «Սեւ ածուխ, բարակ սառոյց» կինոնկարը:
«Բացի այդ՝ ունենք նաեւ Կաննից երեք մրցանակակիր ֆիլմեր՝ Նուրի Բիլգէ Ջէյլանի «Ձմեռային քուն»-ը, Դարդէններ եղբայրների «Երկու օր, մէկ գիշեր»-ը , Ժան-Լիւք Գոդարի «Հրաշետ լեզւին» 3D ֆիլմը, որով եւ կը փակւի այս տարւայ փառատօնը»,- նշեց Մանուկեանը:
Փառատօնի ծրագրերի տնօրէն Միքայէլ Ստամբոլցեանը նշեց, որ այս տարի փառատօնի շրջագծում կը կազմակերպւի երեք խոշոր ռեժիսորների ֆիլմերի յետահայեաց ցուցադրութիւն:
«Հանրութեանը կը ներկայացնենք կորէացի հանրայայտ ռեժիսոր Կիմ Կի-Դուքի ֆիլմերի ընտրանին: Նա էլ երկու օրով կը գայ Հայաստան, յոյս ունենք նաեւ մամուլի ասուլիս կը տայ: Կը ներկայացնենք նաեւ չինացի Ցզիա Չժանկէի 7-8 ֆիլմերը, ինչ պէս նաեւ իսրայէլցի ռեժիսոր Ամոս Գիտայի չորս կինոնկարները: Յարգանքի տուրք կը մատուցենք նաեւ վրացի ռեժիսոր Օթար Իոսելիանիին»,- նշեց Ստամբոլցեանը:
«Ոսկէ ծիրան»-ը պատիւ կունենայ «Փարաջանովեան թալեր» մրցանակով պարգեւատրել Կիմ Կի-Դուքին, Ցզիա Չժանկէին, Օթար Իոսելիանիին եւ Ամոս Գիտային, ովքեր փառատօնը կը պատւեն իրենց ներկայութեամբ:
Բացի այդ՝ այս տարի առաջին անգամ կը կայանայ «Ուկրայնական պոէտիկ կինօ» արտամրցութային ծրագիրը, որը կը լինի Փարաջանովի յոբելեանական ծրագրի մասը: Կը ներկայացւեն ուկրայնական կինոյի ոսկէ դարի ֆիլմերը:
Փառատօնի գեղարւեստական տնօրէն Սուսաննա Յարութիւնեանը, խօսելով «Սոցիալական փոփոխութիւնների կինօ» արտամրցութային ծրագրի մասին, նշեց, որ փառատօնին ներկայացւելու են տարբեր տարիների վաւերագրական եւ խաղարկային ֆիլմեր, որոնք նւիրւած են սոցիալական հարցերին: Բացի այդ՝ այս տարի կը ներկայացւեն նաեւ ժամանակակից գերմանական կինոյի նմուշներ:
Արդէն երրորդ տարին կայացող «Հայեր՝ հայեացք դրսից եւ ներսից» ծրագիրը կը ներկայացնի Հայաստանի մասին պատմող հայ եւ օտարազգի հեղինակների գործեր:
Նախորդ տարիների նման, այս տարի եւս փառատօնը կը մէկտեղի Երեւանում համաշխարհային կինոարւեստի եւ, մասնաւորապէս, հեղինակային կինոյի ինչպէս վերջին տարիների, այնպէս էլ նախորդ տասնամեակում ստեղծւած լաւագոյն ֆիլմերը եւ նշանաւոր ներկայացուցիչներին: Փառատօնի այս տարւայ մեկնարկը նւիրւած է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի 90-ամեայ յոբելեանին: «Ոսկէ ծիրան»-ի շրջագծում տեղի կունենան անւանի ռեժիսորի բոլոր ֆիլմերի յետահայեաց ցուցադրութիւնը, ինչպէս նաեւ կը ներկայացւեն Փարաջանովին նւիրւած ֆիլմեր՝ ստեղծւած տարբեր տարիներում:
«Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը Երեւանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձութիւններից մէկն է: Հիմնւել է 2004 թւականին՝ «Ոսկէ ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգէտների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկէ ծիրան»-ի հիմնադիրներն են՝ փառատօնի գլխաւոր տնօրէն կինոռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը, ծրագրերի տնօրէն, կինոքննադատ Միքայէլ Ստամբոլցեանը եւ գեղարւեստական տնօրէն կինոքննադատ Սուսաննա Յարութիւնեանը։ «Քաղաքակրթութիւնների ու մշակոյթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը՝ հիմնման պահից ի վեր: Փառատօնն ամէն տարի կինոարւեստի երկրպագուների ուշադրութեանն է ներկայացնում 120-150 ֆիլմ՝ մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։