Հա

Մշակոյթ

15/10/2014 - 09:45

Մի գաւաթ սուրճ Ալէն Ղազարեանի հետ GIFFONI-ում նրա «Միայնակ խրտւիլակը» անիմացիայի գրանցած յաջողութեան առիթով

Նորօրեայ արւեստը ոչ միայն իր կրած գաղափարներով արդի մարդուս համբերատարութեան սահմաններն է սեղմել, այլ ինքը նոյնպէս գնալով համապատասխանեցւել է նոյն այդ համբերատարութեան չափսերին:
Հեռուները տանելուն ունակ թեմաներից խոյս տալով, սահմանափակւենք այսով, որ նոյն այդ ձեւաչափով նաեւ կարելի է հասկանալի դարձնել էկրանաւորւած որեւէ կարճամետրաժ կամ հակումներով սնկի պէս աճող՝ մինիմալիստական անիմացիոն երեւոյթները:

Նորօրեայ արւեստը ոչ միայն իր կրած գաղափարներով արդի մարդուս համբերատարութեան սահմաններն է սեղմել, այլ ինքը նոյնպէս գնալով համապատասխանեցւել է նոյն այդ համբերատարութեան չափսերին:
Հեռուները տանելուն ունակ թեմաներից խոյս տալով, սահմանափակւենք այսով, որ նոյն այդ ձեւաչափով նաեւ կարելի է հասկանալի դարձնել էկրանաւորւած որեւէ կարճամետրաժ կամ հակումներով սնկի պէս աճող՝ մինիմալիստական անիմացիոն երեւոյթները:
Նոյն այդ շնչով եւ 3 րոպէի սահմանները չհատած «Միայնակ խրտւիլակը» շարժանկարին եւս յաջողւում է մնալ «Շատը՝ նւազագոյնով»-ի ձեւաչափի սահմաններում: Իսկ իրարայաջորդ տարիների հոսքը «խրտւիլակի» ստւերի ներքոյ արագօրէն երեւակւում է աչքերով էկրանին գամւած երեխաների մտապաստառի վրայ:
«Միայնակ խրտւիլակը» յուլիսին Իտալիայի նոյն՝ GIFFONI փառատօնի անւանումը կրող գիւղաքաղաքում արժանանալով 5-րդ մրցանակի՝ տուն բերեց պատւաւոր դիպլոմը:
Ֆիլմի հեղինակն է Ալէն Ղազարեանը:
Սա Ալէնի առաջին փորձն էր նմանօրինակ ֆիլմերի պատրաստման գծով:
«Միայնակ խրտւիլակը» ինքնին կարող էր լինել յարմար առիթ Ալէնի հետ մեր այս զրոյցի համար, իսկ GIFFONI-ում գրանցած յաջողութիւնն արդէն պարտաւորեցնող էր լուրը հանրութեան սեփականութիւն դարձնելու գծով:
Ալէնի հետ մեր հանդիպումը տեղի ունեցաւ «Ալիք»-ի յարկի ներքոյ, որտեղ կարծես մեր զրոյցը եղաւ մեր յաջորդ հանդիպումների հիմնաքարը: Խոշոր կազմւածքով ու միեւնոյն ժամանակ վարակիչ հանգստութեամբ շարժ ու ձեւով Ալէնը նոյն համբերատարութեամբ ու ինչպէս իր խրտւիլակն էր՝ պերճախօսութեամբ պատասխանեց հարցերին...
Ալէնը ծնեւլ է Նոր Ջուղայում եւ յաճախել՝ «Արմէն» եւ «Կատարինեան» կրթօջախներ: Շրջանաւարտ լինելուց յետոյ՝ տեղափոխ ւում է Թեհրան, որտեղ եւ ամուսնանում ու հաստատւած է մինչեւ այսօր:

Միշտ բաց են խրտւիլակի թեւերը

Մինչեւ GIFFONI -ին անցնելը կուզենայի պարզել, թէ աւելի հեշտ կը լինէր ստեղծագործել մեծահասակների համար թէ մանուկների:

Ես նախընտրում եմ ստեղծագործել հէնց մանուկների համար: Հաղորդակցւելն այս դէպքում, այո, մի քիչ դժւարանում է երեխաների գիտակցութեան ու փորձապաշարի պակաս լինելու հաշւին, բայց այդ դժւարութեան տակ այնքան քաղցրութիւն կայ: Քեզնից անկախ՝ արթնանում է էութեանդ քուն մտած ներքին մանուկը...

Ինչքան գիտեմ, «Միայնակ խրտւիլակը» GIFFONI-ի որոշմամբ ցուցադրւել է 3-ից 6 տարեկան երեխաների տարիքային խմբի մրցոյթում:

«Միայնակ խրտւիլակը»-ն մասամբ աւելի մեծահասակ հանդիսատեսի համար էր նախատեսւած...
Դուրս է գալիս, որ մեր մեծահասակները Իտալիայի մանուկների հետ են համեմատւում:

(Ծիծաղում է) - կամ մերոնց մօտ աւելի շուտ է արթնանում այդ ներքին մանկիկը: GIFFONI -ում ֆիլմի ցուցադրման ժամանակ նստեցի հանդիսատեսին դէմ-դիմաց՝ փորձելով որսալ հանդիսատեսի դէմքի արտայայտութիւնն ու նրա ելեւէջները: Ասեմ, որ GIFFONI-ի հիմնական հանդիսատեսը կազմւած էր 1000-ից աւելի 3-ից 13 տարեկան մանկիկներից, որոնք նաեւ հանդիսանում էին եզրափակիչ փուլ դուրս եկած ֆիլմերի ժիւրին... Այնպէս, որ նրանց ընկալման տարողութիւնը հաստատ կարող էր իր դերն ունենալ ֆիլմի հաւաքագրած միաւորների առումով: Ասեմ նաեւ, որ այդ ժիւրիի կազմում ես նկատեցի նաեւ Հայաստանը ներկայացնող 4 հրաշամանուկի:

20141015e02

«Միայնակ խրտւիլակը» քանի ֆիլմերի միջից հասցրեց եզրափակիչ փուլ անցնել:

Յայտագրւած 76 ֆիլմերի միջից GIFFONI-ի հիմնական ժիւրին, որի կազմում էին նաեւ հոլիվուդեան նշանաւոր աստղեր ու դերասաններ, ինչպիսիք են՝ Ռիչարդ Գէյրը եւ ուրիշներ, ընտրութեան գնաց եւ նախնական փուլից 25 ֆիլմերի արժանի տեսաւ երկրորդ փուլ անցնելու համար: Այս 25-ից լաւագոյն 8-ին յաջողւեց անցնել եզրափակիչ փուլ՝ երկրորդ դիտումներից յետոյ, որտեղ արդէն դրանք յանձնւեցին հրաւիրւած երեխաների դատին: Ի դէպ, այս երեխաները հրաւիրւում են տարբեր երկրներից, որոնք հիւրընկալւում են Ջիֆոնիի բնակիչների բնակարաններում՝ մինչեւ փառատօնի աւարտը: Սա աւանդոյթ է, որն իրականացւում է աւելի քան 54 տարի: Այսինքն՝ փառատօնի պատմութեանը համատարիք:

Նման փառատօներին մասնակցելու ձեր քանիերորդ փորձն էր սա:
Առաջինն էր այդ առումով: Մինչեւ Ջիֆոնին ինձ յաջողւել էր Իրանի Համադան քաղաքում կայացած մանկա-պատանեկան ֆիլմերի փառատօնից ստանալ «Համակարգչային արւեստ» անւանակարգի առաջին մրցանակը «Նոխուդի» ֆիլմի ֆանտաստիկ էֆեկտների համար:

Երեխաներ ունէ՞ք:
Այո: Երկու փոքրիկ բալիկների հայր եմ:

Նրանց դուր են գալիս ձեր ֆիլմերը:
Հա ոնց որ: Նրանք են իմ առաջին քննադատները:

Ֆիլմից զատ էլ ինչո՞վ էք զբաղւած:
Հիմնական աշխատանքս գովազդային հոլովակների պատրաստումն է: Դրանք նոյնպէս ունենում են իրենց կարճամետրաժ պատմութիւնները:

Ցուցադրւե՞լ է արդեօք «Միայնակ խրտւիլակը» տեղական ալիքներով... ի դէպս ինչու «Միայնակ խրտւիլակը» եւ ոչ՝ «Խրտւիլակը», չէ-որ ինքը՝ խրտւիլակը հէնց այդպիսին է...
Սկսենք վերջին հարցից: Անունը սկզբից հէնց «Խրտւիլակ» էր նշւած: Բայց, քանի որ այն արտադրւած է պետական հեռուստաընկերութեան միջոցներով, եւ կար այդ նոյն անունը կրող մէկ այլ ֆիլմ, որը նոյնպէս պատրաստւել էր այդ հիմնարկութեան միջոցներով, արտադրող կողմի առաջարկով կցւեց Միայնակ բառը, իսկ ֆիլմը՝ այո՛ ցուցադրւել է տեղական ալիքներով:

Այսինքն՝ եթէ ընթերցողին հետաքրքրի, նա կը կարողանա՞յ իւթուբով դիտել այն...
Ոչ դեռ: Ինչքան գիտեմ, դեռ ոչ մէկը չի նախաձեռնել նման բան:

Պարզեցինք, որ «Միայնակ...»-ը մանկական պատմութիւն շօշափող անիմացիա է: Այժմ պարզենք, թէ ֆիլմում կա՞յ արդեօք որեւէ գերակշռող գոյն: Երեւի խրտւիլակից կարելի է մտածել ցորենի հանդերի ու համապատասխան դեղնանարնջագոյնի մասին: 

Այո, գուցէ եւ հնարաւոր լինի այդպէս մեկնաբանել...

... Մի քիչ մռայլ գոյն չէ նարնջագոյնը: Դիտաւորեա՞լ է այդպէս արւած:
Մռայլ է, բայց աննկարագրելիօրէն՝ արեւահամ:

Ի՞նչ էք կարծում: Սա չխանգարեց, որ մանկահասակ ժիւրին աւելին սիրի «...Խրտւիլակը»:
Չեմ կարծում, որ այդպէս է: Այն միեւնոյն ժամանակ ե՛ւ մայրամուտ յուշող հանգստութիւն ունի, ե՛ւ տերեւաթափը նշմարող սառնութիւն:

... Շարունակելո՞ւ էք անիմացիաների այս ճանապարհը:
... Արդէն յաջորդ գործի գաղափարն է հասունանում: Այս անգամ այն իրականութիւն կը դարձնեմ սեփական միջոցներով: Մտածում եմ նաեւ Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած վաւերագրական կարճամետրաժ մի ֆիլմի մասին: Թեման տանելու է երիտասարդութեանը յուզող խնդիրների ուղղւածութեամբ:

«Միայնակ խրտւիլակը»-ն արդեօք տեսե՞լ են Հայաստանում:
Դեռ ոչ: Պատրաստւում էի նոյեմբերին կայանալիք մի փառատօնի մասնակցել, որը տեղի կունենայ Երեւանում, սակայն բազմազբաղ լինելու պատճառով՝ բաց թողեցի յայտագրւելու հնարաւորութիւնը:
Հաստատ ընթերցողս դեռ պատկերացում չունի, թէ ինչպիսի մուլտֆիլմի մասին էր մեր այս զրոյցը: Չէիք պատմի պատմութիւնը: Բայց խնդրեմ կարճ, ինչպէս ինքը՝ «խրտւիլակ»-ն է:
Դէ: մի խրտւիլակ հանդերում, որտեղ թռչունների երամներ կան վայելող: Եղանակների ակնթարթային փոփոխութիւն՝ գոյների միջոցով, որով հեռուստադիտողն իրեն միանգամից գտնում է աշնանային ցրտում:
Փոքրիկ մի թռչնակ կայ, որը չի հասցնում միանալ հեռացող երամներին:
Ձմռան ցրտին նրան իր գիրկն է առնում խրտւիլակը: Փոխւում են գոյներն ու վրայ է հասնում գարունը: Թռչնակն իր թեւերից պոկելով մի փետուր է թողնում խրտւիլակի ծոցում, որտեղ ինչքան ասես նման փետուրներ կան դաջւած...

Զրոյցը վարեց ՀԱՏԻՍԸ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։