Հա

Մշակոյթ

19/08/2015 - 10:30

Կայացել է Հայկ Մելիքեանի մենահամերգը՝ նւիրւած Բախի 330-ամեակին

Գաֆէսճեան կենտրոնը օգոստոսի 10-ին հիւրընկալել էր դաշնակահար, ՀՀ վաստակաւոր արտիստ Հայկ Մելիքեանին, ով պատրաստել էր գերմանացի մեծանուն կոմպոզիտոր Եօհանն Սեբաստիան Բախի 330-ամեակին նւիրւած համերգային ծրագիր, որտեղ ներկայացւած էր 20-րդ դարի հանրաճանաչ դաշնակահարների՝ Ֆերուչիօ Բուսոնիի, Վիլհելմ Կեմպֆի, Ալեքսանդր Զիլոտիի բախեան փոխադրումները:

«news.am» - Գաֆէսճեան կենտրոնը օգոստոսի 10-ին հիւրընկալել էր դաշնակահար, ՀՀ վաստակաւոր արտիստ Հայկ Մելիքեանին, ով պատրաստել էր գերմանացի մեծանուն կոմպոզիտոր Եօհանն Սեբաստիան Բախի 330-ամեակին նւիրւած համերգային ծրագիր, որտեղ ներկայացւած էր 20-րդ դարի հանրաճանաչ դաշնակահարների՝ Ֆերուչիօ Բուսոնիի, Վիլհելմ Կեմպֆի, Ալեքսանդր Զիլոտիի բախեան փոխադրումները: Համերգի ընթացքում Հայաստանում առաջին անգամ հեղինակը հնչեցրեց իր ստեղծագործութիւնը՝ Բախին նւիրւած եռապատումը: Համերգը կազմակերպել էր ՀՀ-ում Գերմանիայի դաշնութեան դեսպանատունը եւ բացման խօսքով հանդէս եկաւ դեսպանի հաւատարմատար Նադիա Լիխտենբերգերը: Համերգի աւարտին Հայկ Մելիքեանն անակնկալ մատուցեց ունկնդրին՝ կատարելով հանդիսատեսի կողմից տրւած հայկական թեմաների վիրտուոզ իմպրովիզացիաներ՝ բախեան երանգներով:
«Այս երկար սպասւած համերգը Հայկի նւագացանկի ամենագեղեցիկ նախագծերից է: Բախի երաժշտութիւնն իր յուզական ներաշխարհով մարդու երաժշտական ընկալման ամենաուղիղ ճանապարհն է առաջարկում դէպի վերերկրայինն ու երեւակայականը: Հայկն ունի Բախի երաժշտութեան առանձնայատուկ կատարողականութիւն, այդ պատճառով նրա բախեան կատարումներն արժանացել են աշխարհի ճանաչւած երաժշտաքննադատների կողմից բարձր գնահատականի: Կարեւորում եմ նշել, որ ֆրանսիական «news.am» երաժշտական ընկերութիւնը կը թողարկի դաշնակահարի Բախի ստեղծագործութիւնների ձայնագրութիւնները»,- նշեց դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Յակոբեանը:
Նշենք, որ առաջիկայում աշխարհահռչակ երաժշտական «NAXOS» ընկերութիւնն իր «GRAND PIANO» շարքում կը թողարկի Հայկ Մելիքեանի ձայնասկաւառակը, որը ներառելու է Ալեքսանդր Յարութիւնեանի դաշնամուրային ամբողջական մենանւագ ստեղծագործութիւնները: Հայկ Մելիքեանի յաջորդ մենահամերգը տեղի կունենայ հոկտեմբերի 19-ին Կոմիտասի անւան կամերային երաժշտութեան տանը, որտեղ դաշնակահարը կը ներկայացնի չեխ կոմպոզիտորների ստեղծագործութիւններ: «1900+» համերգաշարի շրջանակներում համերգը կը ներկայացնի ՀՀ-ում Չեխիայի դեսպանութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։