Հա

Մշակոյթ

16/03/2016 - 09:20

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ - «Ազգային վեհ պարտականութիւն է՝ հայ երաժշտութիւնը այլազգիներին ճիշտ մատուցելը»

«Թիթեռնիկների պարը» եւ «Ծաղիկների շշունջը» խորագրերով դաշնամուրային կատարումների ձայնասկաւառակների հեղինակն է իրանահայ տաղանդաւոր երաժիշտ, դաշնակահար եւ խմբավար Համիկ Ալեքսանդրեանը: Նրա հեղինակային սկաաւառակները լայն ընդառաջում են գտել Իրանի մակարդակում՝ ի մասնաւորի երգ-երաժշտութեան ասպարէզում մասնագէտ անձանց մօտ:

Հարցազրոյց՝ դաշնամուրային կատարումների երկու ձայնասկաւառակների հեղինակ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի հետ


«Թիթեռնիկների պարը» եւ «Ծաղիկների շշունջը» խորագրերով դաշնամուրային կատարումների ձայնասկաւառակների հեղինակն է իրանահայ տաղանդաւոր երաժիշտ, դաշնակահար եւ խմբավար Համիկ Ալեքսանդրեանը: Նրա հեղինակային սկաաւառակները լայն ընդառաջում են գտել Իրանի մակարդակում՝ ի մասնաւորի երգ-երաժշտութեան ասպարէզում մասնագէտ անձանց մօտ: Մայեստրոյի ստեղծագործական ներաշխարհին եւ արւեստի բնագաւառում ծաւալած գործունէութեանն առաւել ծանօթանալու նպատակով՝ «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը յիշեալի հետ ունեցել է հարցազրոյց, որը ներկայացնում ենք ստորեւ:


- Խնդրեմ խօսէք ձեր երաժշտական գործունէութեան մասին:
160316e01a- Ծնւել եմ 1971 թւականին, Նոր Ջուղայում: Հինգ տարեկան էի, երբ ինքնաշխատութեամբ սկսեցի դաշնամուր նւագել: Շուրջ մէկ տարի յետոյ, վեց տարեկանից դաշնամուրի մասնաւոր դասընթացների յաճախեցի նախ Դիանա Ղազարեանի, ապա Արիս Նադիրեանի մօտ: 1992 թւականին ընդունւեցի Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիա, որն աւարտեցի 2001-ին մագիստրատուրայի (գերլիսանս) մակարդակով՝ մասնագիտանալով խմբավարական եւ սիմֆոնիկ-օպերայի դիրիժորութեան ճիւղերում: Ուսանողական տարիներին բախտ ունեցայ աշակերտելու անւանի երաժիշտներ Իւան Վարդանեանին, Իւրի Դաւթեանին, Եաշա Զարգարեանին, Սերգէյ Դանիէլեանին, Սերգէյ Աղաջանեանին եւ Ստեփան Շաքարեանին: Մասնագիտական բարձր կրթութեանը զուգահեռ մասնաւոր կերպով առաւել մասնագիտացայ յատկապէս վոկալի, դաշնամուրի եւ կոմպոզիցիայի ասպարէզներում: Ուսումը կատարելագործելու նպատակով 2006 թւականին մեկնեցի Ֆրանսիա, որտեղ մասնակցեցի Փարիզի «Էքոլ նորմալ սուպերիեր» երաժշտական բարձրագոյն դպրոցի Սիմֆոնիկ դիրիժորութեան ֆակուլտետի դասընթացներին՝ պրոֆ. Դոմինիք Ռուիթզի դասախօսութեամբ:


- Ինչո՞ւ ընտրեցիք հէնց դաշնամուրը:
- Դաշնամուրի նկատմամբ իմ սէրն ու տաղանդը յայտնաբերւեցին, երբ ծնողներս ինձ համար գնեցին մելոդիկա նւագարանը: Հետագայում ինձ նւիրեցին նաեւ երգեհոն: Այդ գործիքներով նւագելիս ես ինձ լաւ էի զգում եւ շարունակ ազատ ժամերիս զբաղւում էի դրանցով: Երաժշտական այլ գործիքներով այնքան էլ չեմ հետաքրքրւել:


- Գիտենք, որ դեռ ուսանողական շրջանից ղեկավարել էք Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը: Խօսէք խմբի հիմնադրման նպատակների եւ գործունէութեան մասին:
- 1999 թւականին, Սպահանի հայոց թեմի ժամանակի առաջնորդ հոգելոյս Տ. Կորիւն արք. Պապեանի եւ Կրօնական խորհրդի հովանաւորութեամբ հիմնադրւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը, որի ղեկավարութիւնը հիմնադրման օրից մինչեւ այսօր ես եմ ստանձնել: Խմբի հիմնադրման նպատակներից են եղել՝ համայնքում երիտասարդական երգչախումբ ունենալ եւ երիտասարդներին հայկական ու հոգեւոր երաժշտութեանն առաւել հաղորդ դարձնելը: Տարիների ընթացքում «Տաթեւ»-ի հետ բազմաթիւ համերգներ եմ ունեցել ոչ միայն Նոր Ջուղայում, այլեւ Թեհրանում ու Շիրազում՝ հայ եւ պարսիկ հանդիսատեսի համար: Երգչախումբն ամենամեայ կարգով ունեցել է իր տարեկան համերգները եւ մի շարք կարեւորագոյն առիթներին նւիրւած ձեռնարկներ: «Տաթեւ» երգչախմբի յիշարժան ելոյթներից են եղել Նիկոլ Գալանտէրեանին, Թաթուլ Ալթունեանին, Հայ մօր տարւան եւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած համերգները:
2006 թւականին «Տաթեւ» երգչախմբի երգեցողութեամբ ձայնագրել եմ մի ձայնասկաւառակ՝ անւանի երաժիշտ Նիկոլ Գալանտէրեանի ստեղծագործութիւններից:


160316e01b- «Թիթեռնիկների պարը» դաշնամուրային ստեղծագործութիւններից բաղկացած ձայնասկաւառակ է, որը միեւնոյն ժամանակ հանդիսանում է որպէս ձեր առաջին հեղինակային գործը: Բացատրէք թէ այն քանի՞ տարւայ աշխատանքի արդիւնք է եւ ինչպիսի՞ երաժշտական համարներ են տեղ գտել այդ ձայնասկաւառակում:
- Ձայնասկաւառակում տեղ են գտել 11 անուն երաժշտական ստեղծագործութիւն, ինչպիսին են՝ «Թիթեռնիկների պարը», «Մայրիկ», «Երազ», «Ծովի զեփիւռ», «Շառաչուն ալիքներ», «Կեանքի անցում», «Նոր Ջուղա» եւ …, որոնք ստեղծել եմ ուսանողական տարիներից մինչ այսօր: Որդիական երախտագիտութիւնից ելնելով սկաւառակը նւիրել եմ իմ ծնողներին՝ իրենց խրախուսանքների, կրած նեղութիւնների եւ անսահման սիրոյ համար: Ձայնասկաւառակի բոլոր համարները իւրօրինակ են եւ արտացոլում են իմ յոյզերն ու զգացումները. օրինակ՝ «Թիթեռնիկների պարը» համարը նւիրել եմ դստերս Տաթեւիկին, ով 2012 թւականին իր ծնունդով մեծ ապրումներ պատճառեց ինձ եւ, որը առիթ եղաւ այս համարի ստեղծման համար: «Նոր Ջուղա»-ի կապակցութեամբ նոյնպէս ոգեւորութիւնը մեծ է եղել, քանի որ միշտ ցանկացել եմ մի գեղեցիկ երաժշտութիւն ձօնել իմ ծննդավայրին, «Մայրիկ»-ը նւիրել եմ բոլոր մայրերին եւ յատկապէս իմ մօրը, «Յուշեր» ստեղծագործութիւնը իմ առաջին հեղինակային երաժշտութիւնն է՝ ստեղծւած ուսանողական տարիներին, Հայաստանում, իսկ «Ծովի զեփիւռ»-ը, որն ամբողջութեամբ ներշնչում է ծովային թարմութիւն, նւիրել եմ կնոջս՝ Արսինէին:


- Ինչպիսի բեմերից են հնչել «Թիթեռնիկների պարը» հաւաքածոյի երաժշտական համարները:
- Սկաւառակի առաջին շնորհանդէսը տեղի է ունեցել «Ֆարհանգ դիջիթալ» ձայնասկաւառակի կենտրոն-վաճառանոցում, ուր ելոյթ եմ ունեցել մի քանի համարների կատարմամբ, իսկ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեանը կայացած շնորհանդէսում հանդիսատեսի համար նւագել եմ ամբողջ համարները: Հետագայում այս ստեղծագործութիւնները կատարել եմ նաեւ պարսիկ հանդիսատեսի համար, «Ֆառշչիեան» դահլիճում:


160316e01c- Մենք ականատեսն ենք եղել, թէ ինչպէս էր Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում կայացած «Թիթեռնիկների պարը» մենահամերգ-շնորհանդէսին, հայ հանդիսատեսը բուռն ծափողջոյններով արձագանգում ձեր գեղեցիկ ու անզուգական կատարումներին: Իսկ ինչպէ՞ս է եղել պարսիկ հայրենակիցների եւ յատկապէս երաժիշտների արձագանգը այս ստեղծագործութեան մասին:
- Բաւականին դրական տեսակէտներ են հնչել թէ՛ հայ եւ թէ՛ պարսիկ հայրենակիցների կողմից: Բուռն արձագանգեց «Արարատ» եւ «Ֆառշչիեան» սրահներում ներկայ հանդիսատեսը՝ կատարումներս ունկնդրելուց յետոյ: Ինչպէս գիտէք «Թիթեռնիկների պարը» ներկայում միայն ձայնասկաւառակ է եւ մի շարք մասնագէտ երաժիշտներ այս սկաւառակի համարները լսելուց յետոյ ցանկացել են ստեղծագործութիւնների նոտաների գիրքը իրենց տրամադրել:


- Մի քիչ բացատրէք ձեր հրատարակած «Կապոյտ երկինք» երաժշտութեան գրքի եւ ձեր երկրորդ հեղինակային աշխատանքի՝ «Ծաղիկների շշունջը» ձայնասկաւառակի մասին:
- «Կապոյտ երկինք» գրքում եւ ձայնասկաւառակում տեղ են գտել մի շարք դաշնամուրային վերամշակումներ Իրանի անւանի փափ երգիչների կարեւորագոյն եւ հանրայայտ երգերի երաժշտութիւններից: Ցանկացողները կարող են գրքում ծանօթանալ վերամշակւած երաժշտութիւնների նոտաներին եւ նւագել դրանք: 88 էջից բաղկացած այս գիրքը՝ իր պատկան ձայնասկաւառակով հրապարակւել է 2013 թւականին, որը վաճառւում է Իրանի տարածքում:
160316e01dՇուրջ մէկ ամիս առաջ հրապարակել եմ իմ երկրորդ հեղինակային աշխատանքը, որը կրում է «Ծաղիկների շշունջը» խորագիրը: Այս ձայնասկաւառակը նւիրել եմ իմ թանկագին կնոջը: «Արարատ» միութեան եւ «Ֆառշչիեան» սրահներում կայացած «Թիթեռնիկների պարը» համերգներին նւագել եմ նաեւ այս հաւաքածոյից մի քանի համարներ, ինչպիսին են «Հայրենիք»-ը, «Զայանդէռուդ»-ը եւ «Մանկական եռանդ»-ը: «Մանկական եռանդ»-ը նւիրել եմ որդուս՝ Արամէին, քանի որ համարի ստեղծման համար նրա կենսուրախութիւնն ու աշխուժութիւնն է եղել իմ ներշնչման աղբիւրը: Սկաւառակն ունի 14 դաշնամուրային երաժշտութիւններ:
Աշխատում եմ երկու սկաւառակներիս համար հրատարակել մի ամբողջական գիրք, որտեղ ներառւած կը լինեն բոլոր համարների նոտաները:


- Երգ-երաժշտութիւնը միշտ էլ պահանջւած ասպարէզ է եղել: Մեծաթիւ պատանիներ ու երիտասարդներ ցանկութիւն ունեն այս ասպարէզում յաջողութիւններ արձանագրել: Դուք որպէս խմբավար, դաշնակահար, երգ-երաժշտութեան ուսուցիչ եւ ի վերջոյ երաժիշտ, ի՞նչ խորհուրդ կը տաք այս խաւին:
- Ճիշտ է, նախ պէտք է երգ-երաժշտութեան նկատմամբ սէր ունենալ, սակայն յաջողութիւն արձանագրելու եւ առաջադիմելու համար դա միայն բաւարար չէ եւ պէտք է հաստատ ունենալ այս բնագաւառում բարձրագոյն կրթութիւն եւ հետեւողականութիւն:


- Եթէ աւելացնելիք ունէք, խնդրեմ:
- Հայկական երաժշտութիւնն այլ ազգերին ճիշտ մատուցելը, հայ երաժշտի պարտականութիւններից է եւ բնականաբար նման մասնագիտական աստիճանի հասնելու համար երաժիշտը պէտք է լայն ուսումնասիրութիւններ կատարի այս ոլորտում: Որպէս ազգային պարտականութիւն՝ իմ վեհ նպատակներից է եղել հայկական երաժշտութիւնը ամբողջ աշխարհին ներկայացնելը:

Թղթակից՝ Նոր Ջուղա

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։