Պարոյր Սեւակի ծննդավայր Զանգակատանը, տուն-թանգարան տանող ճանապարհին կը տեղադրւի «Կոչեմ ապրողաց» խորագրով քանդակաշարը, որի բացումը տեղի ունեցաւ յունիսի 17-ին՝ Սեւակի մահւան տարելիցի օրը: Առաջին աշխատանքը՝ «Անլռելի զանգակատուն» պոէմի հիմքով, «Տօ լա՛ճ տնաւեր…» անւանւած կոթողն է:
«armenpress.am» - Պարոյր Սեւակի ծննդավայր Զանգակատանը, տուն-թանգարան տանող ճանապարհին կը տեղադրւի «Կոչեմ ապրողաց» խորագրով քանդակաշարը, որի բացումը տեղի ունեցաւ յունիսի 17-ին՝ Սեւակի մահւան տարելիցի օրը: Առաջին աշխատանքը՝ «Անլռելի զանգակատուն» պոէմի հիմքով, «Տօ լա՛ճ տնաւեր…» անւանւած կոթողն է: Կոթողում քանդակւած զանգերը խորհրդանշում են մեր ժողովուրդը, զանգերի կոչնակները մարդկանց հայեացքներն են, խաչը թեւատւած եւ գլխատւած մտաւորականութիւնն է, որի մարմնացումը Կոմիտասն է: Այսպէս մեկնաբանեց իր հեղինակած կոթողը Հայաստանի ժողովրդական վարպետ, նկարիչ, խաչքարագործ Վարազդատ Համբարձումեանը Պարոյր Սեւակի ծննդեան 100-ամեակին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իմ մէջ 6-7 տարի առաջ է առաջացել Պարոյր Սեւակին նւիրւած քանդակաշար ստեղծելու ցանկութիւնը: Եթէ ինչ-որ բան շատ ես ցանկանում, քո մէջ սկսում են ծնւել բազմազան պատկերներ, որոնք յետոյ կեանքի են կոչւում: Հէնց այսպէս ստեղծւեց այս կոթողը: Ես կարծում եմ, որ քարը նոյնպէս լեզու ունի, օրինակ՝ խաչքարը քեզ ստիպում է մտածել, խորհել:
Սեւակը մեր ժողովրդի համար ճանապարհ է դէպի լոյսը, նա մեզ համար Աստծոյ թարգմանիչն է: Իմ այս գործը կոչ է մարդկանց, որ լոյսից չհեռանան: Կուզէի, որ այս աշխատանքը բացէր մարդկանց հոգու դռները»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վարազդատ Համբարձումեանը:
Համբարձումեանի ասութեամբ՝ Սեւակի տուն-թանգարանն իր եւ հայ ժողովրդի համար ուխտատեղի է, որտեղ մարդկանց հոգիները լցւում են լոյսով:
Քանդակաշարը բաղկացած կը լինի 3 քանդակից:
Յաջորդ գործով հեղինակը ցանկութիւն ունի ցոյց տալու Պարոյր Սեւակի եւ Նարեկացու հոգեւոր կապը: