Հա

Մշակոյթ

05/10/2016 - 10:00

«Հայ երգի օր» նւիրւած՝ Կոմիտասին

Սեպտեմբերի 26-ին, ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Իմ Հայաստան» Համահայկական փառատօնի շրջանակներում Կոմիտասի անւան կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ «Հայ երգի օր» համերգային ծրագիրը՝ նւիրւած Կոմիտասին:
Երաժշտական երեկոն մեկնարկեց Կոմիտասի մասին պատմող տեսաֆիլմով:

Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւն - Սեպտեմբերի 26-ին, ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Իմ Հայաստան» Համահայկական փառատօնի շրջանակներում Կոմիտասի անւան կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ «Հայ երգի օր» համերգային ծրագիրը՝ նւիրւած Կոմիտասին:
Երաժշտական երեկոն մեկնարկեց Կոմիտասի մասին պատմող տեսաֆիլմով:
Երեկոն վարում էր հաղորդավար Սարգիս Նաջարեանը: Հնչեցին հայկական-ժողովրդական, դասական եւ էստրադային ստեղծագործութիւններ:
Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործութիւնը ներկայացրեց Նարէն (Լիբանան):
Սայեաթ-Նովայի «Քանի վուր ջանիմ» երգի կատարմամբ հանդէս եկաւ Սօսէ Գրիգորեանը (Իսրայէլ):
«Գուսանի երգը» կատարեց Արթուր Բաղդասարեանը (Թուրքիա):
Այնուհետեւ հնչեց Կոմիտասի «Հոյ Նազան» ստեղծագործութիւնը՝ Շւեդիայից ժամանած Քրիսթեր Վիկմարկի եւ Կարինէ-Հելման Գէորգեանի կատարմամբ:
Առնօ Բաբաջանեանի «Երեւան» երգով հանդէս եկաւ Ճապոնիայից ժամանած Ստեֆանիա Թոփալեանը:
Լիբանանահայ Գէորգ Հաճեանը կատարեց Գուսան Հայկազունի «Պիտի գնանք վաղ թէ ուշ» ստեղծագործութիւնը:
Կոմիտասի եւ միւս երգահանների ստեղծագործութիւնները ներկայացրին նաեւ Ադէլ Ազրոյեանը՝ Ռուսաստանից, Բեթինա Յովսէփեանը՝ Իրանից, Վահէ Թիլբեանը՝ Եթովպիայից, Մարինա Բերբերեանը եւ Իռենա Կոֆմանը՝ ԱՄՆ-ից, Քրիսթեր Վիկմարկը՝ Շւեդիայից, Սար Սարգսեանը՝ Արցախից, Արաքս Աւագեանը, Սիլւա Պետրոսեանը, Աննա Պօղոսեանը՝ Հայաստանից:
Հաղորդավար Սարգիս Նաջարեանը ներկայացրեց Փանոս Թերլեմեզեանի յուշերը Կոմիտասի մասին:
Այնուհետեւ ՀՀ Սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Յակոբեանը հանդէս եկաւ ողջոյնի խօսքով՝ նշելով. «Յարգելի՛ ներկաներ, սիրելի հայրենակիցներ, 2014 թ. ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ դրւեց Կոմիտասի ծննդեան օրը տօնելու հիմքը, որը հնարաւորութիւն տւեց ոչ միայն մեր յարգանքն ու խոնարհումը բերելու հայ երգի Մեսրոպ Մաշտոցին, այլեւ համախմբելու Հայրենիքի եւ Սփիւռքի հայ կատարողներին մէկ յարկի ներքոյ: Այսօր մենք նաեւ աւարտում ենք դեռեւս յուլիս ամսին մեկնարկած «Իմ Հայաստան» Համահայկական փառատօնը: Սփիւռքից ժամանած 25 պարախմբեր, 12 երգչախմբեր, դուդուկահարներ եւ երգիչներ մշակութային անկրկնելի զգացողութիւն հաղորդող միջոցառումներով հիանալու առիթներ ստեղծեցին մեզ համար: Եւ այսօր, ձեր շնորհիւ, մենք վայելեցինք հայ երգի հրաշալի մեղեդիներ, կրկին համոզւեցինք, որ մեր ազգային երաժշտութեան մէջ ամփոփւած է հայկական ջերմ ու հարազատ աշխարհը, որը ուժ է հաղորդում մեր համայնքներին, նպաստում, որ սերունդները հայ մեծանան՝ չենթարկւելով օտար ազդեցութիւններին: Այսօր մենք բոլորս հիացանք Ճապոնիայից ժամանած Ստեֆանիա Թոփալեանի կատարմամբ, ով դեռ չի տիրապետում մայրենիին, սակայն մեծ յուզականութեամբ հայերէն ներկայացրեց Առնօ Բաբաջանեանի «Երեւան» ստեղծագործութիւնը: Ձեզ մաղթում եմ ստեղծագործական նորանոր յաջողութիւններ եւ ձեռքբերումներ: Թո՛ղ, որ ՀՀ 25-ամեայ տարեդարձին նւիրւած «Իմ Հայաստան» փառատօնը եւ Հայրենիքում անցկացրած օրերը նոր նպատակների ու ձեռնարկների իրականացման մտայղացումներ առաջացնեն՝ նպաստելով համայնքների մշակութային կեանքի ակտիւացմանն ու Հայրենիք-Սփիւռք մշակութային գործակցութեան ամրապնդմանը»:
Համերգային ծրագրի աւարտից յետոյ ՀՀ Սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Յակոբեանը փառատօնի մասնակիցներին յանձնեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Իմ Հայաստան» յուշամեդալներ ու հաւաստագրեր:
Նշենք, որ մինչ համերգը Սփիւռքի նախարարութեան մի խումբ աշխատակիցներ՝ փոխնախարար Սերժ Սրապիոնեանի գլխաւորութեամբ այցելեցին Կոմիտասի անւան պանթէոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին վարդապետի շիրիմին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։