Հա

Մշակոյթ

19/10/2016 - 10:00

«Հեռաւոր 1924 թւական՝ հողաշատ, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երեւան»... ՀՀ Ազգային պատկերասրահի բացման մասին

Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Ռուբէն Դրամբեանի ծննդեան 125-ամեակին նւիրւած գիտաժողով: Արւեստաբան, թանգարանագէտ եւ մտաւորական Ռուբէն Դրամբեանն անգնահատելի աւանդ ունի հայրենի մշակոյթի զարգացման ասպարէզում: Նա Հայաստանի Ազգային պատկերասրահի եւ հայ թանգարանագիտութեան հիմնադիրն է, երկար տարիների թանգարանային գործի հմուտ ղեկավար:

«panorama.am» - Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Ռուբէն Դրամբեանի ծննդեան 125-ամեակին նւիրւած գիտաժողով: Արւեստաբան, թանգարանագէտ եւ մտաւորական Ռուբէն Դրամբեանն անգնահատելի աւանդ ունի հայրենի մշակոյթի զարգացման ասպարէզում: Նա Հայաստանի Ազգային պատկերասրահի եւ հայ թանգարանագիտութեան հիմնադիրն է, երկար տարիների թանգարանային գործի հմուտ ղեկավար:
Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրէն Արման Ծատուրեանը գիտաժողովի բացմանն ունեցած ելոյթում ասաց, որ նման միջոցառումը կարեւոր իրադարձութիւն է հայ մշակոյթի կեանքում, ինչը պէտք է ազդադարի նոր փուլ արւեստաբանութեան, թանգարանագիտութեան ոլորտներում:
«Ռուբէն Դրամբեանի մասնագիտական եւ հաւաքչական ունակութիւնների, թանգարանային աշխատանքի փորձի, մեծ նւիրումի շնորհիւ Սովետական Միութիւնում Հայաստանի թանգարանը համարւում էր լաւագոյններից»,- նշեց Ա. Ծատուրեանը:
ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանի ասութեամբ՝ դժւար է պատկերացնել, թէ ինչ դժւարութիւններով, ահռելի ջանքերով, տիտանական աշխատանքով է Ռուբէն Դրամբեանը ստեղծել այս ամէնը:
161019e01a«Հեռաւոր 1924 թւական՝ հողաշատ, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երեւան, այդ Երեւանում կերպարւեստի պետական թանգարանի բացում, տարօրինակ ու ուտոպիստական է կարծես թէ թւում: Երկրորդ համաշխարհային պատերազմ, ամէն բան ռազմաճակատի համար կարգախօս, դժւար թէ պատկերասրահի, դրա խնդիրների մասին մտածելու ժամանակ ու միջոցներ լինէին: Բայց Դրամբեանը հաւատում եւ տեսնում էր այս օրը, երազանքները շատ իրական էին, առարկայական: Այսպիսի նւիրեալ գործիչների, ազգային մտածողութեամբ օժտւած մարդկանց շնորհիւ է, որ այսօր ունենք պատկերասրահ, թանգարան, նման նւիրեալների շնորհիւ է, որ այսօր կարողանում ենք հպարտանալ մշակոյթով, պատմութեամբ, անցեալով»,- ասաց նախարարը:
ՀՀ ԳԱԱ Արւեստի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ Հենրիկ Յովհաննիսեանն իր ելոյթում նշեց, որ գիտաժողովի մասնակիցների շրջանում երեւի միակն է, ով եղել է Ռուբէն Դրամբեանի ուսանողը, համարում է իր առաւելութիւնը, որ մէկ տարի լսել է Դրամբեանի դասախօսութիւնը՝ ռուս արւեստի պատմութիւն:
«Հետագայում տեսել եմ արւեստի ինստիտուտում, գիտաշխատող էր: Միջավայրում տպաւորութիւնն այնպիսինն էր, թէ նա հայերէն չգիտի, որովհետեւ ռուսագիր, ռուսախօս էր: Բայց նա շատ լաւ հայերէն գիտէր, 1955-56 թւականների ուսումնական տարւայ ընթացքում ռուսական արւեստի պամութիւնը ներկայացրել է օրինակելի հայերէնով: Պարզապէս ամաչում էր հայերէն խօսել: Այդ մարդու մէջ կար մի տեսակ ամօթխածութիւն, շատ զուսպ էր, խօսում էր միջին տոնով, երբեք ձայնը չէր բարձրացնում: Մարդկանց հանդէպ վերին աստիճանի ուշադիր, բարեկիրթ, բարեշնորհ անձնաւորութիւն էր»,- այսպէս ներկայացրեց Դրամբեանին գիտութեան վաստակաւոր գործիչը:
Շարունակելով նկարագրել իր դասախօսին, Հ. Յովհաննիսեանն ասաց, որ նրանից շատ բան է սովորել ու այսօր էլ կիրառում է իր գործում. «Քննութիւն ընդունելիս շատ մեղմ էր, անչափ մեղմ, ամաչում էր մարդուն հարց տալ: Ես էլ հիմա քննութիւն չեմ ընդունում, ասում եմ՝ ստուգարք թող լինի: Տեսայ, որ դա է ճիշտ: Խստութիւն անող եւ ուսանողներին սարսափացնող դասախօսները ծայրագոյն տգէտներ են: Որքան մարդ գիտակ է, այնքան մեղմ է չիմացութեան հանդէպ»:
Հ. Յովհաննիսեանի ասութեամբ՝ այն, ինչ արեց Դրամբեանը Հայաստանի, Հայ մշակոյթի համար, անգնահատելի ծառայութիւն է:
161019e01b«Մտաւորական մարդն ու մշակոյթի մարդը միշտ էլ այդպէս պէտք է լինի, որովհետեւ հոգեւոր արժէքները ոչ մէկի անձնական սեփականութիւնը չէ, եթէ անգամ նրա տանն է: Սա շատ լաւ գիտի ամէն բարեկիրթ, մշակոյթի մարդ: Տանը պահելը, ծախելը, ընդօրինակելը խորամանկ, գործնական մարդկանց գործն է»,- ասաց նա:
Հ. Յովհաննիսեանն ընդգծեց, որ Ռուբէն Դրամբեանի նման մարդկանց կարիք այսօր շատ կայ:
Երկօրեայ գիտաժողովի շրջանակում, Ռ. Դրամբեանի կեանքի, թանգարանային գործունէութեան, արւեստաբանութեան ասպարէզում ունեցած դերի, ինչպէս նաեւ ժամանակակից թանգարանային ոլորտի զարգացման վերաբերեալ զեկոյցներով հանդէս եկան մի շարք գիտնականներ, թանգարանային ասպարէզի գործիչներ: Գիտաժողովի ընթացքում ներկայացւեցին Ռ. Դրամբեանի՝ տարբեր արւեստագէտների կողմից ստեղծած դիմանկարները, տեղի ունեցաւ արւեստագէտի եւ հասարակական գործչի յօդւածների համապարփակ ժողովածուի շնորհանդէսը (հեղինակ՝ Իրինա Դրամբեան): Գիտաժողովի աւարտին Հայաստանի Պետական կամերային նւագախումբը հանդէս եկաւ համերգով:
Ծանօթագրութիւն
Ռուբէն Գրիգորի Դրամբեանը ծնւել է 1891 թւականի յունիսի 29-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գիւմրի) ունեւոր ընտանիքում: Մանուկ հասակում կորցրել է ծնողներին եւ եղբօր հետ միասին դաստիարակւել ազգականների մօտ: Միջնակարգ կրթութիւնը ստացել է Թիֆլիսում, առաջին գիմնազիայում, որն արծաթէ մեդալով աւարտել է 1909 թւականին եւ նոյն տարում ընդունւել Պետերբուրգի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը: 1910-11 թթ. ուսումն ընդհատւել է եղբօր հիւանդութեան պատճառով, ում հետ նա տեղափոխւել է Լայզէն (Շւէյցարիա): Եղբօր մահւանից յետոյ վերադառնալով Ռուսաստան՝ հաստատւել է Մոսկւայում, փոխադրւել Մոսկւայի համալսարան, որն աւարտել է 1916 թւականին: Ապա զինւորական ծառայութեան է անցել նաւատորմում. Պետրոգրադում ընդունւել է նաւատորմի գարդեմարինների կուրսեր, որոնք աւարտելով, յաջորդ տարւայ՝ 1917 թւականի վերջին ուսումնական նաւարկութեան է մեկնել Վլադիւոստոկից Ճապոնիա: 1918 թւականին զօրացրւել է, իսկ 1919 թւականին կրկին զօրակոչւել նաւատորմ, ուր մնացել է մինչեւ 1922 թւականը՝ վարելով հրամանատարական տարբեր պաշտօններ:
Դեռեւս գիմնազիայում սովորելու տարիներին արւեստի նկատմամբ ծագած հետաքրքրութիւնը յատկապէս բարեբեր հող գտաւ Պետերբուրգում եւ Մոսկւայում 1910-20 թթ.: Նա մտերմանում է բազմաթիւ ռուս նկարիչների, առանձնապէս «Արւեստի աշխարհ» խմբաւորման վարպետների՝ Ալեքսանդր Բենուայի, Սոմովի, Օստրոումովա-Լեբեդեւայի, Դոբուժինսկու, Կուստոդիեւի եւ շատ ուրիշների հետ: Նոյն այդ տարիներին սկսել է կազմել գեղանկարչական գործերի հաւաքածոյ:
161019e01cԶօրացրւելուց յետոյ, 1923 թւականին ընդունւել է Պետրոգրադի Ռուսական թանգարան իբրեւ գիտաշխատող, ուր պահոցային հաւաքածոների վարիչի պաշտօնում աշխատել է մինչեւ 1924 թւականի աշունը, երբ ստանալով Հայաստանի Լուսժողկոմի հրաւէրը՝ տեղափոխւել է Երեւան եւ գլխաւորել երեք տարի առաջ հիմնադրւած Հայաստանի պետական թանգարանի գեղարւեստական բաժինը:
1924-ից սկսած, 27 տարի շարունակ, եղել է տնօրէնը գեղարւեստական բաժնի հիման վրայ ստեղծւած Հայաստանի կերպարւեստի պետական թանգարանի, որը 1941 թւականին վերանւանւեց՝ Հայաստանի Պետական պատկերասրահ: 1951 թւականին ազատւել է տնօրէնի պաշտօնից՝ մինչեւ 1954 թւականը աշխատելով որպէս ռուսական եւ արեւմտաեւրոպական արւեստի բաժինների վարիչ:
Բոլոր այդ տարիներին կապը ռուսական երկու մայրաքաղաքների գեղարւեստական հասարակութեան հետ չի ընդհատւել: Նա մտերիմ է եղել բազմաթիւ ռուս նկարիչների, արւեստաբանների, թանգարանային աշխատողների հետ, եւ այդ անձնական յարաբերութիւնները մեծապէս նպաստել են նրա հաւաքչական գործունէութեան յաջողութեանը: Միւս կողմից, ակտիւօրէն հետեւել է նաեւ գեղարւեստական պրոցեսներին, հետաքրքրւել ժամանակակից հայ արւեստի զարգացմամբ (ինչն իր հերթին նպաստել է հայկական բաժնի կազմաւորմանը) եւ մինչեւ 60-ականների սկիզբը եղել է, եթէ ոչ միակ, ապա գոնէ գեղարւեստական առաջատար քննադատը Հայաստանում:
1925 թւականից սկսած, հաւաքչութեանը զուգահեռ, ուսումնասիրել է հայ կերպարւեստը եւ այդ գիտահետազօտական աշխատանքը շարունակել է մինչեւ կեանքի վերջը: 1943-1948 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ ԳԱ արւեստի սեկտորում որպէս աւագ գիտաշխատող: 1954-ից, թողնելով Պատկերասրահը, աշխատանքի է անցել այդ սեկտորում, իսկ 1958-ից, երբ այն վերակազմաւորւեց Արւեստի ինստիտուտի, տարիներ շարունակ գլխաւորել է կերպարւեստի եւ կիրառական արւեստի սեկտորները: Ինստիտուտում աշխատել է մինչեւ 1981 թւականը:
Ռ. Դրամբեանի գրչին են պատկանում մենագրութիւններ, նւիրւած Ե. Թադէոսեանին, Մ. Սարեանին, Յ. Կոջոյեանին, Յ. Գիւրջեանին եւ Ա. Բաժբեուկ-Մելիքեանին: Բազում տարիներ է նւիրել 17-19 դդ. հայկական եւ յատկապէս Յակոբ Յովնաթանեանի արւեստի ուսումնասիրութեանը:
Ռուբէն Դրամբեանը մահացել է Երեւանում 1991 թւականի մարտի 10-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։