Հա

Մշակոյթ

31/10/2016 - 10:40

ԳՐԱՐՒԵՍՏ

Խաւար էր իջել աշխարհի վրայ,
Խաւար էր իջել եւ հոգիներին.
Լոյս չկար, անգամ գունատ, հեռակայ.
Հսկայ անդունդ էր բացւում ահագին։

«ՄԱՇՏՈՑ» բառի մեկնութիւնը

Գնալով զարգանում է այն մօտեցումը, որ հայոց գրերը, որով մենք հիմա կարդում ենք այս տողերը, բազմահազար տարիների պատմութիւն ունեն, ստեղծւած մեր նախնիների բազմաթիւ հանճարեղ սերունդների կողմից:
Հին Հայքի բնակիչների (Հայերի) Աստւածատան մէջ կար ՏԻՐ աստւածը: Տիրը աստւածն էր՝ գիտելիքի, իմաստութեան, գրերի, գրականութեան, կրթութեան, գիտութեան եւ արւեստի (նաեւ՝ Արամազդ հայր աստծոյ դպիրը):
Յատկապէս իմաստութիւն բառը շատ մեծ նշանակութիւն ունէր այդ մշակոյթում:
Իմաստութիւն բառն այնքան կարեւոր էր, յարգւած ու պաշտւած, որ այդ գաղափարը սրբացւել էր:

Իմաստութիւնից ածանցեալ բառ է ՄԱՇՏՈՒ բառը.-
(Իմաստ - իմաստութիւն - իմաստու - մաշտու):
Մաշտուն նաեւ ՍՈՒՐԲ իմաստն էր ստացել:

Իմաստ(ութիւն) բառից ծագած մի այլ բառ ունէր շատ կարեւոր կիրառական դեր: Հայերի՝ (Հեթան/հեթանոսական) ծէսերի, օրհնութիւնների, ձօների եւ աղօթքների գիրքը կոչւում էր ՄԱՇՏՈՑ, որ բառացիօրէն նշանակում է ե՛ւ Իմաստոց (իմաստութիւններ պարունակող գիրք), ե՛ւ Սրբութիւն:

 

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * 

 

Սրբազան երազ

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ


161031d05aԽաւար էր իջել աշխարհի վրայ,
Խաւար էր իջել եւ հոգիներին.
Լոյս չկար, անգամ գունատ, հեռակայ.
Հսկայ անդունդ էր բացւում ահագին։

 

Անդունդի եզրին կանգնել էր դողդոջ
Մի ողջ ազգ, երկրով բաժան ու տկար.
Եւ չկար յոյսի ոչ մի քար, թէ խոչ,
Որին յենւելով չընկնէր փոս ու դար։

 

Արեւն էր ծագում՝ ուրիշի համար...
Մեր դեմ խաւարն էր խաւարին պատում.
Ու աշխարհային խաւարից խաւար՝
Հոգու խաւարն էր ազգին թրատում։

 

Եւ նա էլ քուն էր խաւարում այն մութ,
Ու խաւար կեանքով յղփանում էր նա.
Բայց ընդոստ ծնւեց բոցով մի կապոյտ
Մի անմահ երազ մեծ սրտում նրա...

 

Մի երազ ծնւեց հրով սրբազան,
Ու վառեց այն ինչ խաւար էր ու սեւ.
Եւ այն երազում գոյներ զանազան
Իրար մերւեցին ու դարձան արեւ...

 

Ա՜... արեւ, արեւ... նա ձեռքը մեկնեց,
Մութը ճեղքելով բռնեց արեւին,
Արեւին բռնեց... Ա՜... աղաղակեց...
Ու Ա՜ քանդակեց երկնքի դէմքին...

 

Ա՜... այբ, նա գոչեց... արեւ ու Աստւած...
Ա... աշխարհարար, Ա... անմահութիւն...
Ա... աղբիւր կեանքի ամենատարած...
Ա... արդարութիւն, Ա... ազատութիւն...

 

Տառ... տառ ծնւում էր հրաշքն անպատում,
Ու մի կուռ բերդ էր յառնում բառ առ բառ...
Երկաթագրով հիմքն էր ամրանում,
Հարկն էր կամարւում երկաթաբարբառ...

 

Ամէն մի քիւը եւ սիւնը կայուն
Տաճար էր դառնում սրբազան ուխտի.
Մատաղ սերունդն էր դպրութեամբ սնւում,
Բացում ակօսը ապագայ բախտի...

 

Կայծը ընկել էր խաւարի շեղջին,
Ու մէկի՛ց շեղջը բռնկւեց հրով,
Որ լափեց նոյնիսկ հոգու խաւարչտին
Գիտութեան լոյսի ազգային բառով։

 

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * 

Գովք Սուրբ Մաշտոցին

ՔԱՐՄԷՆ ԹԱՀՄԱԶԵԱՆ

 

161031d05bՈ՜վ մեծագործ, Մեսրոպ Մաշտոց,
Հայաստանի բերդ ու ամրոց,
Դու փարոսը վառ մեր ճամբի,
Ու անմարող ջահը կեանքի:
Առանց քեզի՝ հայը, ի՞նչ հա՜յ.
Նա կը կորչէր դարերից դա՜ր,
Թէկուզ ունէր արհեստ, շնորհք ու մեծ համբաւ,
փառքն իր գործի,
Սակայն ինչպէ՜ս դրսեւորւէր՝ ներկայացնէր, առանց գրի,
առանց գրչի...
Քանի դարեր, դարե՜ր ապրինք...
Բայց գիր ու տառ մենք չունէինք.
Դու բացեցիր այնպէս մի դուռ, որ շնորհեց կեանք իրական,
Կառուցեցիր հրաշք ճամբայ հայի համար,
դէպի դրախտ յաւերժակա՜ն:

 

Այնպէս զէնք ես տւել հային, անսասան ուժ՝
սուրբ քո ազգին,
Այնպէս ամուր հի՛մք ես դրել հայոց հողին, հայ օջախին,
Որ այլեւս էլ ոչ մի ուժ, ոչ մի ոսոխ ժանտ ու դաժան,
Ի զօրու չէ քանդել նրան:
Բայց թէ յանկարծ նա երազի, դա լա՛ւ գիտի, որ չի՜ յաղթի,
Դրա փաստն է՝ Աւարայրը քաջ Վարդանի.
պատերազմը Ղարաբաղի, Հայաստանի,
Եւ այսպիսով, ո՜վ մեծ Մեսրոպ, Սուրբ ու բարի,
Հետեւելով Քրիստոսին՝ անմահացրի՜ր կեանքը հայի:

 

Կառուցեցիր տաճար ամուր, «36» Սուրբ հիմքերով
Ասես բերդին պաշտպան կանգնած,
Ամէն մէկը մի զօրավար,
Հայոց ցաւին մեծ դեղ ու ճար:

 

Ով իսկական Քրիստոնեայ,
Դու իրական թոռը Նոյեան.
Սրբոց դասից, «Սուրբ» անունով,
Արժանացար փառքին Տիրոջ...:
Պարգեւեցիր ժառանգութիւն,
այնպիսի գանձ սերունդներին,
Որի ցոլքն է անմահական ու կը շողայ փայլով խաչի:
Կը պահպանւի մինչ յաւիտեան,
Քանի հայը դեռ կայ ու դեռ պիտի մնա՜յ...

 

Վարձքդ ի կատար, մեծ գրագէտ.
Ստեղծագործդ՝ մարդկանցից մեծ.
Խոնարհւո՜ւմ եմ շիրմիդ առաջ,
Ո՜վ մեծանուն, վեհ բանաստեղծ:
Ոսկէ գրերդ են, հայ մօր ձեռքով, մեզի փրկել,
Թոյլատրել գոյատեւել, նորից ապրել...

 

Ես, ո՛չ մի բառ է՜լ չեմ ասի.
Թող Դեր Զորի աւազն խօսի՜...

8 հոկտ. 2016 թ.
Թեհրան

 

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * 

Ինչպէ՜ս չափսոսալ...

ՆԱԶԱՐ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ

 

161031d05cԱփսոսալ է պէտք...
Օտար աշխարհում, օտար ափերի
Հայ մանկանը երբ՝ դարձած պատանի՝
Չգիտի արդէն լեզուն մայրենի:
Ինչպէս չափսոսալ՝
Սեւուկ աչքերով այն տղաներին,
Ու աղջիկներին մեր հայ, նազանի,
Որոնք «Այո» ու «Ոչ»-ի փոխարէն
Օգտագործում են «Նօ»-ը եւ «Օքքէ»-ն,
Եւ «Սքիւզ-մի»-ն է դարձել
շուրթերի պատառը համեղ:
Ինչպէս չափսոսալ, պէ՛տք է՝ ափսոսա՜լ,
Իմ ժողովրդի նոր ծիլարձակած
Այդ բեկորներին,
Որոնք թիրախ են դարձել
ա՛յլ լեզւի ներթափանցումին:
Ի սէր Աստծոյ, ի սէր սրբերի,
Ու սուրբ Մաշտոցի,
Որ երկրում որ կաք, բերմամբ ձեր բախտի՝
Հեռու չմնա՛ք հայ գիր ու գրքից
Ու միշտ հետեւէք՝ Հայ մշակոյթին:

 

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * 

 

Ուզում եմ կրկին երեխայ դառնալ

ԱՆՆԻԿ


161031d05dԲացում եմ «Նայիրի» դպրոցի 60-ամեակի նոր ալբոմ-հատորը ու երազանքիս-յուշիս թեւերով թռչում եմ մանկութեանս գիրկը: Թողէ՛ք վայելեմ ու կրկին ապրեմ անհոգ աշխարհիս էջերի տողերը մէկ առ մէկ:
Ուզում եմ կրկին ու կրկին դառնալ աշակերտական աղմուկին գերի, ուզում եմ կրկին լինել անթերի, ուզում եմ դառնալ մեր դասարանի կարգապահն ընդմիշտ. օր. Սոնիկիս ասած՝ օրապահը, ուզում եմ կրկին տուփիկը բացել, բաժանել մէկ-մէկ թուղթ ու փոքրիկ մկրատը՝ ձեռքի աշխատանք անելու համար: Առաջին թուղթն ու մկրատը յանձնել փոքրիկ աղջնակին, որ չէր կարող գնել մեր աշխատանքի պիտոյքները պարզ:
Երեխայութիւն-մանկութեանս չափով հասկանում էի նրանց նեղ պայմանների վերաբերեալ-. թո՛ղ նա չտխրէր... հպարտ էի, որ ինձ մօտ ունէի այդ գաղտնիքը. սակայն հանելուկի նման մի առեղծւած միտքս տանջում էր: Փոքրիկ աղջնակը ոչ մկրատ էր յանձնել ոչ էլ թուղթ, բայց բաժանելուց յետոյ աւել էին գալիս թղթեր ու մի քանի մկրատներ...
Մի օր հարց տւի օր. Սոնիկին թէ՝ այս գոյքերը ինչու են վերջում միշտ աւել գալիս:
Վարսերս շոյեց ու բռնեց այտս, բարի ժպիտով ասաց՝ բացակայ աշակերտներ կան, բայց դու, օրապահ քո գործն արա: Շատ ուշ հասկացայ՝ օր. Սոնիկը գաղտնիքը գիտէր...
Ուզում եմ կանգնել այն օրերի դպրոցի բակում. բակ, որ այնքա՜ն մեծ էր ինձ համար...:
Երբ մի օր հայրս խօսեց ու պատմեց մեր Հայաստանից, շշմած լսեցի, յետոյ հարց տւի՝ պապ, հայրենիքը մե՞ծ է դպրոցից...: Ուզում եմ յիշել՝ ո՞վ յանձնարարեց նայել դպրոցիս թախծոտ դէմքերին եւ խաղի կանչեմ, նա դառնայ գայլն ու մենք ոչխարները, ու հպարտանամ յօրինած խաղից...:
Ուզում եմ կրկին սպասել զանգին, վարիչը-տէրը դառնալ մեր շարքի... գրպանից հանել կաւիճը փոքրիկ ու սահման գծել կրկին յատակին, յետոյ ստուգել թաշկինակները ու եղունգները փոքրիկ ձեռքերի: Ես այն օրերում դեռ չգիտէի շարել տառերը ու բառեր կազմել, դեռ չգիտէի գրել ու կարդալ, բայց եւ բանաւոր շատ բան գիտէի...
Այսօր չգիտե՜մ...:
Ուզում եմ կրկին տկն. Հերիքնազի չարաճճի աշակերտուհին դառնալ ու նոյն սեղան ու աթոռին նստած, դասերի պահին, հլու-հպատակ լսել ու սերտել...:
Ուզում եմ մին էլ տկն. Նւարդից ես մեր Եղեռնի վշտերը լսել ու այս անգամին է՛լ չզարմանալ աղեծւածային նրա յուզմունքից. կիսւել եմ ուզում այն արցունքի հետ, որ միշտ նստած էր պատմութեան ժամին նրա հոգատար, կարօտ աչքերին...
Կանգ ա՛ռ, ժամանակ, մի՛ փակիր գիրքը, թող մի պահ անցնեմ մանկութեանս գիրկը...

* * *

... Պրն. Շաւարշը ծանր հիւանդ էր, երկար ժամանակ տանը պառկած էր. ինձ յանձնարարւեց, որ այցի գնամ, աշակերտութեան՝ բարեմաղթանքի ուղերձը կարդում:
Դասերից յետոյ, պաշտօնական իմ շորերը հագիս, գրութիւնը ձեռքիս, պրն. Շաւարշենց դուռը թակեցի: Թոմիկը բակում խաղում էր ցեխով, միացայ խաղին շատ յօժար կամքով. կաւ էինք անում, բլուրներ շինում, մոռացել էի՝ յանձնարարւած եմ, եւ ուշ է լինում: Երբ ոտք ու գլուխ ցեխի մէջ կորայ մին էլ ուղերձը աչքիս յայտնւեց...: Ցեխաջրի մէջ բան չէր մնացել, օրը մթնել էր, ժամն էլ անցել...: Վազեցի սենեակ մահճակալի մօտ: Հիւանդը պառկած էր, նստած էին հիւրեր...: Չգիտեմ թէ ո՛նց ինչ որ յիշեցի, տող-մէ՞ջ թէ լրիւ՝ անգիր ասացի:
Պրն. Շաւարշը եւ իր հիւրերը մի լաւ, լիաթոք վրաս խնդացին... գլուխ տւեցի ու բակ վազեցի...

* * *

... Շա՜տ եմ կարօտել ես այն օրերին, աղիւս առ աղիւս, բոլոր-բոլորին, որ կրում էին յոյսը սրտներում ջահը գիտութեան: Կարդալ եմ ուզում տառապանքների գնով պահպանւած հայոց դպրոցը, ուզում եմ կարդալ գիրքը դպրոցի, ուզում եմ ընդմիշտ յիշել ու հիմնադիրներին գոնէ բանաւոր ու այս տողերով՝ ո՜վ ջահակիրներ գիր ու գրչութեան, ձեր վարձքը կատար, ձեր յիշատակը յաւերժ թո՛ղ ապրի, ապրի դարից դա՜ր...:

* * *

Սրանով շնորհակալութիւն եմ յայտնում Գասպար Ամիրխանեանին, «Նայիրի» դպրոցի գիրք-ալբոմը կազմել-լոյս ընծայելու ուղղութեամբ իր կրած նեղութիւնների համար, նաեւ անձամբ իմ շնորհակալութիւնն ու երախտապարտութիւնն եմ յայտնում՝ հատորի հովանաւոր-մեկենասներին եւ 60-ամեակի յանձնախմբին եւ բոլոր նրանց, որ նւիրւեցին՝ դպրոցիս գիրք-մատեանը յաւերժացնելու...

Հոկտ. 2016 թ.

 

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * 

 

ԱՐԱՄ ԳԱՌՕՆԷ (Տէր-Բաղդասարեան)

Գարնանային


161031d05eՍարից իջաւ, գաղտնագողի, այս գիշեր
Գարնան հով՝ սիրուց արբած ու խելառ,
Փռեց ճամբին թովչանք ու գեղ, փռեց սէր
Ու ծառերին գգւեց, փարւեց խանդավառ:
Սարսռացին խնձորենին, նշենին,
Հեշտանքի ջերմ արբեցումով դողացին,
Տարփանք ու սէր շաղւած՝ լուսնի շողերին՝
Երազի ողկոյզ դարձած՝ մնացին:
Հալւեց գիշերն բուրմունքների ծփանքում,
Դարձաւ փրփուր, դարձաւ բիւրեղ, դարձաւ լոյս,
Կեանքի բողբողջն նորից ծաղկեց իմ հոգում,
Ողջո՛յն, ողջո՛յն գարնան պայծա՜ռ արշալոյս:

 

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * 

ՎԱՐԱՆԴ

Մենք


161031d05fՄենք եկել ենք հայրենական Բասէնից,
Ու ջերմացել բարկ արեւով Իրանի,
Հեռացել ենք մեր դաշտերից ու շէնից,
Չենք մոռացել հորովելը հայրենի:

 

Փորձութիւնն է մեզ ներշնչել հաւատամք,
Որ միշտ պահենք մեր մայրենին անաղարտ,
Կառուցել ենք մեր շէնքն գրքով հայատառ,
Ու Նայիրուց այստեղ բերել մի Գեղարդ...

 

Թումանեանի Վերնատունն է տունը մեր,
Որտեղ մտքի ջահը մութ է փարատում,
Ուսման տենչն է հոգեկան վէմ - սիւնը մեր,
Ու լսում ենք մեր երգերը - Ուրարտու...

 

Մենք սերտել ենք կրթել հոգի ու մարմին,
Եւ սպասարկել բարուն, լաւին յաւիտեան,
Մենք գալիս ենք խոր հաւատքով մեր հերթին
Անմար պահենք մշակոյթը հայկական:

__________________________
Հիմն՝ Հ. ՈՒ. Չհարմահալ Միութեան

 

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * 

ՍԱԹՕ Ա.


Գիր կենարար


161031d05gՄատեանը հայոց բա՛ց, նայիր գրին,
Ըմբոշխնիր հրաշէն աչքերիդ գաւով,
Նա հուր գինի է տասնվեց-դարեան,
Զգոյշ, չարբենաս առաջին թասով:

 

Բառերը ցանիր հողի մէջ բերրի,
Կը տեսնես աճը լուսէ լարերի,
Փորձիր ցրելու խաւարն անկիւնի՝
Արեգակի պէս մութը կը ցրի:

 

Բառերը կրծքիդ շարիր խաչաձեւ,
Եւ օգտւիր որպէս փամփուշտ ու գնդակ,
Դու վստա՛հ եղիր նրա հարւածին-.
Նա շատ մարտեր է տեսել դժնդակ:

 

Հայոց մատեանը բա՛ց, նայիր գրին,
Հրաշքն ըմբոշխնիր աչքերիդ գաւով:
Նա անմահական աղբիւր է լոյսի,
Հացեկաց գիւղի ակունքից բխող:

 

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * 

 

ԱՆԻ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

* * *

 

161031d05hՍիրտ պոկեցի այս անարդար աշխարհից,
Յոյս չդրի էլ ոչ ոքի, դառնացած.
Գաղտնիքները չհանեցի սրտիս խորքից,
Տեսածներս քամուն տւի, մոռացա՜յ...
Շրթունքներս փակեցի սեղմ կողպէքով,
Չլսեցի ոչ մի խորհուրդ ու խրատ.
Տեսայ այն՝ ինչ արժանի չէր տեսնելու,
Լսեցի այն՝ ինչ որ նետեց ինձ կրա՜կ...
Հրկիզւեցի ամբոխի մէջ կոյրերի,
Խորտակւեցի ծովերի մէջ մենութեան,
Հազար անգամ կեանքս առին հեշտ, ձրի՜,
Ափսոսացի հազար անգամ՝ մարդկութեան...

 

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * 

 

ԱՐՄԱՆՏ

Յանգն ես երգիս


161031d05iՀիմա յանգն ես դու իմ երգի,
Զանգը հոգուս,
Որ մաքրում է ժանգը սրտիս
Ու ղօղանջում:
Արդեօք, ե՞ս եմ այդ երգում քեզ,
Թէ՞ դու ես ինձ
Երգում այսպէս մրրկայոյզ:
Մենք իրարու տէր ու գերի՝
Անցնում եմ ես
Լանջիդ հասուն արտով բերրի,
Եւ դու՝ սրտիս մարգով կանաչ
Ու դեգերում:
Ինչպէս մի վիթ ջուր եմ խմում
Հոգուս ակից սիրակարկաչ,
Եւ մենք իրար բոյրն ենք շնչում
Առանց հառաչ:
Հիմա յանգն ես դու իմ երգի,
Զանգը հոգուս,-
Ո՞ր մէկս է երգում այսպէս
Ու խլրտում.
Անցնում ենք մենք այնպէ՜ս արբուն,-
Ես՝ այգիով հասուն լանջիդ,
Դու՝ իմ սրտի դաշտով կանաչ,
Ու մենք իրար բոյրն ենք շնչում
Առանց հառաչ:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * 

 

ՍՕՍԷ

* * *

 

161031d05jԴու յիշո՞ւմ ես՝ փախչում էինք գիշերով
Մեզ ճանաչող ու մեզ սիրող բոլորից,
Դու յիշո՞ւմ ես՝ փախչում էինք երկուսով՝
Թաքնւելով իրար գրկում՝ իրարից:
Ու յիշո՞ւմ ես՝ ամէն անգամ նոյնութեամբ
Կորցնում ու գտնում էինք մեզ նորից...
Իսկ այս անգամ ինչպէ՞ս եղաւ, սիրելիս՝
Մենք հերթական պահմտոցն խաղալիս,
Թաքնւեցինք երկուսով ու կորցրինք... երկուսիս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։