Հա

Մշակոյթ

14/01/2017 - 12:50

Ջիւան Գասպարեանի դուդուկի շունչը՝ «Միլադ»-ի բարձունքներից

Իրանի 32-րդ երաժշտական «Ֆաջր» փառատօնի շրջանակներում Իրան հրաւիրւած անւանի դուդուկահար Ջիւան Գասպարեանը «Միլադ» համալիրում իր ելոյթից յետոյ (այսօր առաւօտեան) մեկնեց ԱՄՆ:

Իրանի 32-րդ «Ֆաջր» երաժշտական փառատօն

 

Ջիւան Գասպարեան.

«Ծագումով իրանահայ եմ» 

 

«ԱԼԻՔ» - Իրանի 32-րդ երաժշտական «Ֆաջր» փառատօնի շրջանակներում Իրան հրաւիրւած անւանի դուդուկահար Ջիւան Գասպարեանը «Միլադ» համալիրում իր ելոյթից յետոյ (այսօր առաւօտեան) մեկնեց ԱՄՆ:

Ջիւան Գասպարեանին էր յատկացւել երկու ելոյթային երեկոներ, սակայն ելոյթներից առաջինը չեղարկւեց այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի վախճանման եւ երկրում յայտարարւած սգոյ օրերի բերումով:

Ջիւան Գասպարեանը պատասխանելով «Իրանեան միւզիք» երաժշտական հակումներով լրատւական կայքի հարցերին եւ ցաւակցելով Իրանի ժողովրդին կրած ծանր կորստի կապակցութեամբ նշել է, որ մտադիր էր երեկոյթներից մէկը յատկացնել տեսակով ուրախ երաժշտութեանը, սակայն յարգելով ե՛ւ հանգուցեալին, ե՛ւ ժողովրդի ապրած ցաւը, փորձելու է բաւարարւել միայն երկրորդ երգացանկով:

Անւանի դուդուկահարը ընթացքում նշել է նաեւ, որ սա արդէն Իրան կատարած իր երկրորդ այցն է: «Առաջինը սրանից 10-11 տարի առաջ էր, երբ օսթադ Ալիզադէի հետ միասին ելոյթ ունեցանք Թեհրանի «Նիաւարան» պալատում»:

Ջիւան Գասպարեանը լրագրողին պատմել է նաեւ իր տատի ու պապի ծագման մասին, ովքեր լինելով Սալմաստ շրջանի Խոյ քաղաքից ներգաղթել են Հայաստան, որով նա իրեն ինչ-որ տեղ նաեւ իրանահայ կարող է համարել:

90-ամեակի շեմին կանգնած Ջիւան Գասպարեանը քաղցրութեամբ փորձում է յիշել իր 80-ամեակին նւիրւած աշխարհահռչակ երաժիշտների՝ Պիտեր Գաբրիէլի, Զակերոյի, Ալէն Փարսոնի... մասնակցութեամբ տօնական փառատօնի մասին, ինչի ժամանակ էլ իրանցի լրագրողը Ջիւան Գասպարեանին է առաջարկում մտածելու 90-ամեակը Իրանում նշելու մասին:

«Գլադիատոր» եւ «Դոկտ. Ժիւագօ» ֆիլմերի երաժշտութեան հեղինակը «Գլադիատոր» ֆիլմում իր դուդուկը հնչեցնելու մասին բացելով փակագծերը զրոյցի ժամանակ նշել է, որ ռեժիսորը (Ռիդլի Սկատ) երեք ամիս փնտրել է մինչեւ գտել է իրեն, որպէսզի հայկական դուդուկը պատմութեանը հարկաւոր թախիծը ներարկի ֆիլմի երակներին:

Յիշեցնենք, որ Ջիւան Գասպարեանը Թեհրան էր ժամանել Իրանի «Ֆաջր» երաժշտական փառատօնին մասնակցելու համար: Իսկ Հայաստանից եւս մէկ խումբ՝ «Արազ»-ը նոյն շրջանակներում ելոյթ պիտի ունենայ երկուշաբթի, յունւարի 16-ին, Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում:

Փառատօնի հրապարակած ծրագրի համաձայն այսօր, շաբաթ, իրանահայ յայտնի դիրիժոր՝ Ռազմիկ Օհանեանի ղեկավարած երգչախումբը ելոյթ կունենայ «Ռուդաքի» դահլիճում:

Յիշեցնենք, որ Իրանի 32-րդ երաժշտական «Ֆաջր» փառատօնի մեկնարկը տրւեց երէկ, յունւարի 13-ին, որին իրանական խմբերի կողքին մասնակցում են Հայաստանից, Հոլանդիայից, Հնդկաստանից, Ուկրայինայից, Պորտուգալիայից, Տաջիկստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, եւ Իսպանիայից ժամանած երաժիշտներ: Փառատօնը մայրաքաղաքի 6 հեղինակաւոր՝ «Միլադ», «Վահդաթ», «Ազադի», «Նիաւարան», «Ռուդաքի», եւ «Միլադէ նամայեշգահ» դահլիճներում շարունակելու է իր աշխատանքը մինչեւ յունւարի 20-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։