Մաշհադ քաղաքի ազգային գրանցում ունեցող պատմա-մշակութային կոթողներից մէկը՝ հայկական Սուրբ Աստւածածին (Սուրբ Մեսրոպ) եկեղեցին վերանորոգւելու է:
«alikonline.ir» - Մաշհադ քաղաքի ազգային գրանցում ունեցող պատմա-մշակութային կոթողներից մէկը՝ հայկական Սուրբ Աստւածածին (Սուրբ Մեսրոպ) եկեղեցին վերանորոգւելու է: Այս մասին տեղեկանում ենք Խորասան Ռազաւի նահանգի մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան գերատեսչութեան հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
Եկեղեցում վերանորոգման համար յատկացւել է 120 մլն. թուման բիւջէ: Աշխատանքներին մասնակցելու են նաեւ մաշհադահայերը:
Այս կապակցութեամբ «alikonline»-ը կապւեց Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն Շեռլի Աւետեանի հետ, որը մասնակցել է եկեղեցու վերանորոգման կապակցութեամբ Մաշհադում կայացած խորհրդակցութեանը:
Շեռլի Աւետեանը տեղեկացրեց, որ խորհրդակցութեանը ներկայ են եղել եկեղեցու վերանորոգման ամբողջական նախագծի հեղինակ Ռեզա Սադեղին, նախագծի գործադրման պատասխանատու Վաֆա Սաբեթին եւ Ազգային իշխանութեան ներկայացուցիչ Ալֆրէդ Հաւանը:
Նա նշեց, որ յատկացւած բիւջէով նախատեսւում է հիմնանորոգել եկեղեցու փայտա-թիթեղածածք տանիքը, փայտեայ լուսամուտները, խորանի փայտէ մուտքը, յատակը, զանգակատունը եւ բակի յատակը: Մաքրւելու եւ նախկին տեսքի են բերւելու նաեւ եկեղեցու աղիւսէ պատերը, որոնք, ժամանակին ցեմենտապատւել են: Հիմնանորոգւելու եւ գեղեցիկ տեսքի է բերւելու նաեւ դէպի 10 դէյ հրապարակ նայող եկեղեցու տարածքի արտաքին պատը:
Շեռլի Աւետեանն ասաց, որ նիստի ընթացքում նախագծի հեղինակներին առաջրկել են վերանորոգել նաեւ եկեղեցուն կից աշխատող տարածքը, որը ժամանակին ծառայել է որպէս գրադարան: Ըստ նրա՝ այս տարածքն ապագայում կարող է ծառայել որպէս ցուցասրահ կամ թանգարան:
Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէնը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի Մաշհադի Սուրբ Աստւածածին (Սուրբ Մեսրոպ) եկեղեցուց բացի, յատուկ բիւջէ է յատկացւել նաեւ Ուրմիայի եւ Սալմաստի շրջանների երբեմնի հայաբնակ գիւղերի 7 եկեղեցիների վերանորոգման համար:
ՏԵՂԵԿԱՆՔ
Մաշհադի հայոց եկեղեցին հանրութեանը ծանօթ է առաւեալպէս Սուրբ Մեսրոպ անունով: Եկեղեցին, իրականում, կառուցւել է հէնց այդ անունով: Սակայն, 60-ական թւականներին թեմիս այն օրերի առաջնորդ երջանկայիշատակ Տ. Արտակ արք. Մանուկեանն այն օծել է՝ վերանւանելով Սուրբ Աստւածածին եկեղեցի: