Հա

Մշակոյթ

25/11/2017 - 11:50

Գիւլէրի հայկական աչքը. Ստամբուլն` առանց սուլթանական շքեղութեան

Լուսանկարչութեան կնքահայր ու կենդանի լեգենդ Արա Գիւլէրին իրաւամբ կարող է համարւել ոչ միայն իր հարազատ Կոստանդնուպոլիսի տարեգրողն, այլ նաեւ երկրի ու դարաշրջանի, կարծում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Գիւլէրը կենդանութեան օրօք դարձաւ ֆոտոռեպորտաժի դասական ու դիմանկարի ժանրի ճանաչւած վարպետ: Ոչ մի բեմադրւած նկար ու աւելորդ ձեւականութիւն, միայն ճիշտ պահին ճիշտ կադրը տեսնելու հանճարեղ կարողութիւն:

«alikonline.ir» - Լուսանկարչութեան կնքահայր ու կենդանի լեգենդ Արա Գիւլէրին իրաւամբ կարող է համարւել ոչ միայն իր հարազատ Կոստանդնուպոլիսի տարեգրողն, այլ նաեւ երկրի ու դարաշրջանի, կարծում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Գիւլէրը կենդանութեան օրօք դարձաւ ֆոտոռեպորտաժի դասական ու դիմանկարի ժանրի ճանաչւած վարպետ: Ոչ մի բեմադրւած նկար ու աւելորդ ձեւականութիւն, միայն ճիշտ պահին ճիշտ կադրը տեսնելու հանճարեղ կարողութիւն:

Արա Գիւլէրը ծնւել է Կոստանդնուպոլսում 1928 թւականին: Հայ ընտանիքը դեղատուն ունէր, իսկ արեւելեան քաղաքի համար այդպիսի հաստատութիւնն ասես սրճարան լինի, այստեղ գալիս էին ոչ միայն դեղերի համար: Հարեւանների մտերմիկ զրոյցները արագացնում էին արեւի մայր մտնելը, իսկ փոքր բիզնեսը բաւարար էր, որպէսզի ընտանիքի ոչ միայն իր գլուխը պահեր, այլ նաեւ օգներ հարազատներին:

Դա Պերէ կոչւող թաղամասն էր, այստեղ քրիստոնեաներն էին ապրում։ Ամենաշատը յոյներն էին, բայց հայերն էլ քիչ չէին։ Խաղաղ էին ապրում, հարեւանութիւն էին անում, բոլորն աշխատասէր էին, որպէս կանոն ամէն մէկը մի իւրօրինակ տաղանդ ունէր։ Թաղամասը յայտնի էր տարբեր արհեստանոցներով, գրքի ու հին իրերի հետաքրքիր խանութներով։

1955 թւականին, ինչպէս միշտ, թուրքական քրոնիկական հիւանդութեան սրացում եղաւ. Պերէ շրջանում ջարդեր սկսւեցին։ Հիմնականում յոյներին էին կոտորում, բայց հայերն էլ, իհարկէ, տուժեցին։ Տուժել են արդեօ՞ք Գիւլէրներն այդ ջարդերի ժամանակ` յայտնի չէ։ Ինքը` մաեստրոն, երբեք դրա մասին չի խօսում, բայց ակնյայտ էր`կեանքն իր բնականոն հունին չի կարող վերադառնալ։

Ամէն դէպքում, ներքաղաքական զրոյցների մշտական մասնակից էին ոչ միայն հարեւաններն, այլ նաեւ ստեղծագործ մարդիկ, Կոստանդնուպոլսի այն ժամանակւայ բոհեման։

Հաւանաբար, այդ պատճառով Արան մանկուց գիտէր` մեծանայ ինչ է դառնալու` թատրոնի դերասան։ Դպրոցում նա մասնակցում էր բոլոր բեմադրութիւններին, յաճախում էր նաեւ ռեժիսոր ու դերասան Մուսհին Էսթրուգուլի դրամատիկական արւեստի դասընթացները։

Թատրոնի հետ զուգահեռ, Արան կինեմատոգրաֆով տարւեց, ինչը, թերեւս չխանգարեց նրան ֆոտոլրագրող դառնալ, երբ եկաւ մասնագիտութեան ընտրութեան պահը։ Նա 22 տարեկան էր, երբ դարձաւ «Yeni Istanbul» թերթի ֆոտոթղթակից։ Միաժամանակ համալսարանում էր սովորում։ Որոշ ժամանակ անց Գիւլէրը մէկ այլ` աւելի տարածւած «Hürriyet» թերթում է աշխատում։

1958 թւականին ամերիկեան յայտնի «Time-Life» պարբերականը Թուրքիայում մասնաճիւղ է բացում, Գիւլէրը դառնում է Մերձաւոր Արեւելքում նրանց առաջին լուսանկարիչը։ Շուտով նա բաւականին յայտնի է դառնում ու սկսում է համագործակցել նաեւ այլ պարբերականների հետ` «Paris Match», «Stern», «Sunday Time»։ Այդ շրջանում Գիւլէրը դառնում է «վիզուալ պատմաբան» ու պնդում` եթէ կադրում մարդ չկայ, լուսանկարը նրա համար գոյութիւն չունի։ Գիւլէրի հիմնական կանոններից էր նաեւ ճշմարտութեանն ու իրականութեանը մօտ լինելը. «Լուսանկարիչը չպէտք է նկարիչ լինի։ Նրա գործը ճշմարտութիւնը որսալն է», –ասում էր նա։

Արդէն 1961-ին բրիտանական «Photography Yearbook» պարբերականը Գիւլէրին աշխարհի լաւագոյն լուսանկարիչների թւին է դասում։

Արա Գիւլէրը մինչ այժմ էլ սիրում է դիմանկարներ անել, նա իր դիմանկարներն անւանում էր «ֆոտոհարցազրոյց»։ Հիանալի բառ, որը նկարագրում է ժանրի անսահման հնարաւորութիւնները, եթէ կատարողը Գիւլէրն է։ Նրա հերոսների շարքում են Վինստոն Չերչիլը, Ինդիրա Գանդին, Ալֆրէդ Հիչքոքը, Սալւադոր Դալին, Պաբլօ Պիկասոն, Օդրի Հեփբերնը, Մերիլին Մոնրոն, Մարիա Կալասը։

«Եթէ մարդն իր ողջ կեանքում 100 լուսանկար է արել, նա իսկապէս մեծ լուսանկարիչ է։ Եթէ ինձ 20-30 լուսանկարով յիշեն, ես դա մեծ ձեռքբերում կը համարեմ»,- համեստօրէն ասել է Գիւլէրը։

«Time», «Life», «Horizon», «Newsweek» պարբերականներում աշխատելիս` Գիւլէրը շատ երկրներում է նկարահանումներ արել, դրանց շարքում են` Իրան, Ղազախստան, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան, Քենիա։ Հայաստանն ու Թուրքիան, բնականաբար, առաջին հերթին։

Օրհան Փամուքի գրքի հրատարակութիւններից մէկը` «Ստամբուլ. յիշողութիւններն ու քաղաքը» պատկերազարդւած են Գիւլէրի լուսանկարներով` սեւ-սպիտակ, որոնք, այնուամենայնիւ, բնականօրէն ու խորը փոխանցում են մեգապոլիսի տրամադրութիւնը, էութիւնն ու հոգին։ Երկու վարպետ` պրոզայի ու լուսանկարչութեան, իսկապէս գլուխգործոց են ստեղծել, որի նմանն աշխարհում չկայ։

Արա Գիւլէրի հեղինակային ալբոմների թիւը համեմատելի է նրա ստացած մրցանակների թւին։ Ու բնական է, որ նա ստացել է Թուրքիայում դարի լուսանկարչի կոչումը, դեռ կեանքի օրօք Կոստանդնուպոլսում հիմնադրւել է նրա գործերի երեք յարկանի թանգարան։

Բայց, ամէն դէպքում, հօր հիմնած դեղատունը չի «մահացել»` կեանք ստանալով Գիւլէրի «Արա» անունով սրճարանում, որտեղ կարելի է հանգստանալ քաղաքի աղմուկից ու զրուցել որեւէ մէկի հետ, ինչպէս տասնեակ տարիներ առաջ։ Այն հէնց նոյն Պերէում է, հիմա դա քաղաքի գլխաւոր պողոտաներից է։ «Արա» սրճարանում գրեթէ միշտ հերթ է, թեեւ այնտեղ ալկոհոլ չեն մատուցում։ Լաւ թէյ ու ընտիր սուրճ, տաք շոկոլադ ու խաղաղութիւն` ահա թէ ինչ են այստեղ փնտրում մարդիկ։ Իսկ եթէ բախտ ու պատիւ վիճակւի տեսնել ու խօսել զարմանալիօրէն իմաստուն աչքերով մարդու հետ, ապա կարելի է համարել, որ ձեր կեանքում անմոռանալի մի բան է պատահել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։