Հա

Մշակոյթ

16/03/2019 - 09:00

Ամերիկացիները հրէշ չեն. ինչպէս է Ջորջ Աւագեանն իր անունը գրել պատմութեան մէջ

Գեւորգ Աւագեանը Ջորջ է դարձել Նիւ Եօրքում, որտեղ յայտնւել է 1923. թ.-ին: Ընտանիքի հետ ԱՄՆ է հասել Թիֆլիսից։ Հէնց այդ անւան տակ էլ աշխարհը ճանաչել է ջազի խոշորագոյն պատմաբանին, պրոդիւսերին ու մանկավարժին։ Եթէ եւս մէկուկէս տարի էլ ապրէր, 2019 թ.-ի մարտի 15-ին կը տօնէր իր մէկդարեայ յոբելեանը։ 80 տարեկանում նա Երեւանում մասնակցել է ջազ փառատօնին։ 

«alikonline.ir» - Գեւորգ Աւագեանը Ջորջ է դարձել Նիւ Եօրքում, որտեղ յայտնւել է 1923. թ.-ին: Ընտանիքի հետ ԱՄՆ է հասել Թիֆլիսից։ Հէնց այդ անւան տակ էլ աշխարհը ճանաչել է ջազի խոշորագոյն պատմաբանին, պրոդիւսերին ու մանկավարժին։ Եթէ եւս մէկուկէս տարի էլ ապրէր, 2019 թ.-ի մարտի 15-ին կը տօնէր իր մէկդարեայ յոբելեանը։ 80 տարեկանում նա Երեւանում մասնակցել է ջազ փառատօնին։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Ջորջ Աւագեանը սովորել է Հելի համալսարանում եւ ստաժաւորում անցել «Columbia» ընկերութիւնում, փորփրել արխիւները, համակարգել դրանք, կարգի բերել։ Այդ աշխատանքը նրան շատ է դուր եկել, երազել է առաջ գնալու մասին, բայց սկսւել է Երկրորդ աշխարհամարտը։

«Չգիտեմ, թէ ինչը ինձ դրդեց, բայց ես իսկոյն կամաւոր գրւեցի` բանակ գնալու համար եւ զօրացրւեցի միայն 1946 թ.-ին։ Երբ վերադարձայ, ամուսնացայ համերկրացուս` Անահիտ Աճեմեան անունով չքնաղ աղջկայ, պրոֆեսիոնալ ջութակահարուհու հետ։ Իսկ յետոյ վերադարձայ արխիւներ։ Բայց այստեղ արդէն ամէն ինչ ծանօթ էր ինձ, եւ ես վերահրատարակութիւններից բացի, սկսեցի աստիճանաբար զբաղւել ձայնագրութիւնների պրոդիւսերութեամբ, համերգներ, նկարահանումներ կազմակերպելով։ Ինձ բախտ է վիճակվել համագործակցել մեծագոյն երաժիշտների հետ։ Ո՞ւմ հետ։ Դէ, օրինակ, Էդիթ Պիաֆի»,- գրել է Աւագեանն իր յուշերում։

Լինելով ինքնուս` նա նորարար-յեղափոխական է դարձել ձայնագրման ինդուստրիայում. սկսել է վերահրատարակել դասական ջազը։ Արդէն պատմութիւն դարձած պատմութիւնների վերաթողարկումից յետոյ բազմաթիւ անգամ օգնել է բացայայտել աշխարհահռչակ ջազմենների տաղանդը. Մայլս Դեւիսը եւ Դէյւ Բրուբեքը միայն երկուս են այդ լեգէոնից։

Ջորջ Աւագեանը դարձել է «Columbia Records»-ի փաստացի ստեղծողը` ներկայացնելով ձայնագրութեան նոր ձեւաչափ` երկար նւագող ձայնասկաւառակներ։ Մինչեւ մահը մնացել է ջազի առաջատար մասնագէտ եւ գրեթէ բոլոր յայտնի ջազային երաժիշտների մտերիմ ընկեր։ Աւագեանը թողարկել է ալբոմներ, որոնք լրջօրէն ազդել են Արմսթրոնգի ու Դիւկ Էլինգտոնի կարիերայի աճի վրայ, 1961 թ.-ին թողարկել է «Bill Haley & His Comets» ձայնասկաւառակը «Warner Bros Records» ընկերութիւնում, ինչպէս նաեւ Բոբ Նիւհարթի առաջին ալբոմը, որը «Գրէմմի»-ի է արժանացել։

Աւագեանի համար ջազը նաեւ դիւանագիտութիւն է դարձել. դրան նպաստել են միջազգային շրջագայութիւնները, այդ թւում` ԽՍՀՄ Բենի Գուդմէնի հետ։ Մի անգամ նրանց հարցրել են, թէ ինչու են ջազային կատարողները յայտնւում խորհրդային բանտերում, նա հետաքրքիր պատասխան է տւել. «Հաւանաբար այն պատճառով, որ նրանք ամերիկացիների նման լաւ չեն նւագում»։

ԽՍՀՄ շրջագայութեան մեկնելու որոշումն ընդունւել է Վաշինգտոնի վերին օղակներում։ Աւագեանը պատմել է, որ Գուդմէնին հարցուփորձ են արել իր քաղաքական հայեացքների մասին, բայց արագ հասկացել են, որ նա եւ քաղաքականութիւնն անհամատեղելի բաներ են, եւ հանգիստ սրտով թողել են ԽՍՀՄ։ Ամբողջ խմբին զգուշացրել են, որ նրանք իրենց պատշաճ կերպով պահեն եւ ոչ մի սկանդալներ թոյլ չտան։

Զարմանալի է, որ հսկայական պատւիրակութիւնից ոչ մէկի հետ նման խնդիրներ չեն եղել, թէեւ այնտեղ եղել են, Աւագեանի բնորոշմամբ, սանձարձակ տղաներ, որոնք միշտ արել են այն, ինչ խելքներին փչել է։ Իսկ շատերը նոյնիսկ ընկերացել են խորհրդային գործընկերների հետ։

«Ես հիանալի տղաների հետ եմ ընկերացել` Օլեգ Լունդստրեմի, Իւրի Սաուլսկու եւ յատկապէս Ալեքսէյ Բատաշովի հետ, որի շնորհիւ մեր առաջ շատ դռներ են բացւել։ Մենք ցոյց տւեցինք, որ ամերիկացիները հրէշ չեն։ Դա շատ կարեւոր էր ամերիկեան կառավարութեան համար, որովհետեւ այդ ժամանակ ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի յարաբերութիւններն այդքան էլ լաւ վիճակում չէին։ Խորհրդային երաժիշտները համերգից յետոյ մի քանի անգամ ամերիկացիներին տարել են ակումբներ եւ այնտեղ միասին ժամերով նւագել, բայց Բեննին երբեք չի մասնակցել դրանց, եւ ենթադրում եմ, որ նոյնիսկ չի իմացել այդ մասին։ Ես մի քիչ անհանգստացայ մեկնելուց առաջ, որովհետեւ միակ մարդն էի խմբից, որը ծնւել էր Խորհրդային Միութիւնում, եւ ինձ թւում էր, որ այդ պատճառով իշխանութիւնները կարող են ինչ-որ սադրանք սարքել իմ դէմ։ Հայրս զգուշութեամբ էր վերաբերւում խորհրդային իշխանութիւններին եւ նախազգուշացրել էր ինձ, որ շուրջբոլորս նայեմ եւ հեռու մնամ կասկածելի գործերից»,- այդ ուղեւորութիւնը յիշել է Աւագեանը։

Տարիներ անց Ջորջ Աւագեանը դառնում է «Listen to My Heart» ալբոմի պրոդիւսերը, որը համաշխարհային ճանաչում է բերում Տաթեւիկ Յովհաննիսեանին. դա առաջին հայկական վոկալային ալբոմն էր` էթնօ ջազ ոճով։

1990 թ.-ի գարնանն Աւագեանին զանգահարել են խորհրդային դիւանագիտական ներկայացուցչութիւնից եւ հրաւիրել ինչ-որ միջոցառման, նա կարգին չի էլ հասկացել, թէ ինչպիսի։ Գնացել է ու տեսել ամերիկեան եւ խորհրդային լրագրողների խմբին եւ նոյնիսկ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Իւրի Դուբինինին։

Խորհրդային դեսպանը մօտեցել է Աւագեանին, դահլիճում քար լռութիւն է տիրել, եւ Դուբինինը Լեւիտանի ձայնով յայտարարել է. «ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ մշակութային կապերն ամրապնդելու համար խորհրդային կառավարութիւնը որոշել է ձեզ պարգեւատրել ԽՍՀՄ բարձրագոյն պարգեւով` Լենինի շքանշանով»։

«Եթէ ասեմ, որ ես զարմացած էի, շատ մեղմ կը հնչի»,- յետոյ անընդհատ կրկնել է Աւագեանը։

Ջորջ Աւագեանի անունը յաւէրժացել է Ջազի փառքի պատում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։