Հա

Մշակոյթ

05/05/2019 - 09:30

Էկոտուրիզմ, փէյնթբոլ, ջիպ տուրեր, մրցոյթներ, երգ ու պար. Արցախը հրաւիրում է ժենգեալով հացի փառատօնի

Արցախի Հանրապետութեան Հաթերք գիւղում երկրորդ տարին անընդմէջ կազմակերպւում է Ժենգեալով հացի փառատօնը, որն իր շուրջ է հաւաքում տարբեր երկրների զբօսաշրջիկների:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Հաթերք գիւղում երկրորդ տարին անընդմէջ կազմակերպւում է Ժենգեալով հացի փառատօնը, որն իր շուրջ է հաւաքում տարբեր երկրների զբօսաշրջիկների:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այդ օրը կը թխւի աշխարհի ամենամեծ ժենգեալով հացը՝ աւելի քան 3 մետր երկարութեամբ, որը յաւակնում է գրանցւել Գինեսի ռեկորդների գրքում (անցեալ տարի այն գրանցւել է Դիւցազնագրքում):

«Մաքսիմալ թւով այցելուներ ներգրաւելու համար՝ նախատեսում ենք աննախադէպ գրաւիչ առաջարկներ անել: Օրինակ՝ այն տրանսպորտը, որով կը տեղափոխենք հիւրերին, արժէքի մի մասը կը փոխհատուցւի հովանաւորների կողմից եւ գները կը լինեն բաւականին մատչելի»,- ասաց Ժենգեալով հացի փառատօնի կազմակերպիչ Սամուէլ Միրզախանեանը:

Փառատօնը կազմակերպւում է «Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի կողմից, Արցախի Հանրապետութեան Մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութեան ու Մարտակերտի շրջանի վարչակազմի աջակցութեամբ:

«Մենք նպատակ ունենք նպաստել Արցախում էկոտուրիզմի զարգացմանը, ապահովել զբօսաշրջիկների մեծ հոսք, մեծացնել համայնքի ճանաչելիութիւնը եւ օգտագործելով էկոտուրիստական պոտենցիալը՝ համայնքը տանել համաչափ զարգացման ճանապարհով: Փառատօնի շրջանակներում նախատեսում ենք կազմակերպել ժամանցային եւ մշակութային մի շարք միջոցառումներ: Հաթերքի բարձրաւանդակներից մէկում կազմակերպւելու են արկածային ժամանցային միջոցառումներ՝ փէյնթբոլ, ջիպ տուրեր, ինչպէս նաեւ ողջ Արցախում տեսարժան վայրերի այցելութիւններ»,- նշեց փառատօնի կազմակերպիչը:

Միջոցառումը կուղեկցւի կենդանի երաժշտութեամբ, հրաւիրւած են տարբեր երգիչներ ՀՀ-ից, Ստեփանակերտից, Մարտակերտի շրջանից:

«Լինելու է աւելի քան 100 տաղաւար, որոնցից մօտ 90-ում կը թխւի ժենգեալով հաց: Այցելուները հնարաւորութիւն կունենան հետեւել ժենգեալով հացի պատրաստման ողջ ընթացքին: Տեղում պատրաստւելու են նաեւ ազգային այլ ուտեստներ՝ կորկոտ, խաշիլ, խաշլամա, խորոված, քեաբաբ, կը լինեն նաեւ տեղական արտադրութեան պահածօներ, թթի օղի եւ այլն»,- շեշտեց Միրզախանեանը եւ յաւելեց, որ փառատօնի մասնակիցներն իրենց աշխատած գումարների մի մասը հնարաւորութիւն կունենան ուղղել Մարտակերտի Մշակոյթի տան վերանորոգմանը:

«Արմէնպրես»-ի թղթակցի հարցին, թէ ինչ թւով հիւրեր են սպասում եւ յատկապէս որ երկրներից՝ Միրզախանեանը պատասխանեց, որ նախատեսում են ընդունել 12-15 հազար այցելուի՝ եւ Հայաստանից, եւ եւրոպական տարբեր երկրներից:

«Անցեալ տարի մեր միջոցառման մասշտաբներն աւելի փոքր էին, կար մօտ 3500 այցելու, տաղաւարներն ընդամենը 15-ն էին: Այս տարի դրանք կը լինեն աւելի քան 100-ը: Նախատեսում ենք, որ ներկայ կը լինի Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, ինչպէս նաեւ ակնկալւում է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի մասնակցութիւնը»,- ասաց փառատօնի կազմակերպիչը եւ յաւելեց, որ հիմնականում զբօսաշրջիկները կը լինեն Ռուսաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից:

Նա նաեւ շեշտեց, որ հրաւիրւած են տարբեր միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, նախարարներ:

Փառատօնի բացումը տեղի է ունենալու մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ին: Հիւրերի ժամանումը սկսւելու է առաւօտեան ժամը 10:00-ից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։