Հա

Մշակոյթ

06/07/2019 - 11:30

Ռոհանիի` դոլարից հրաժարւելու առաջարկը. ի՞նչ կը շահի եւ ի՞նչ կը կորցնի Հայաստանը

Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին հերթին ազդում են բանկային ոլորտի վրայ, եւ այդ առումով դոլարից հրաժարւելը թոյլ կը տայ հարեւան երկրների հետ աւելի հեշտ իրականացնել առեւտրային գործողութիւններ։

«alikonline.ir» - Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին հերթին ազդում են բանկային ոլորտի վրայ, եւ այդ առումով դոլարից հրաժարւելը թոյլ կը տայ հարեւան երկրների հետ աւելի հեշտ իրականացնել առեւտրային գործողութիւններ։

Իրանը ձգտում է ամերիկեան պատժամիջոցների պայմաններում պահպանել գործընկերների հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնների մակարդակը։ Հէնց այդ համատեքստում պէտք է դիտարկել ԻԻՀ նախագահի առաջարկը Հայաստանի հետ փոխհաշւարկներում ազգային արժոյթի անցնելու մասին։ «Sputnik» Արմենիայի հետ հարցազրոյցում նման կարծիք յայտնեց Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը։

Յուլիսի 3-ին Թեհրանում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին առաջարկել է փոխադարձ առեւտուր իրականացնել ազգային արժոյթով։ Նրա կարծիքով` այդ քայլը թոյլ կը տայ երկու երկրներին զգալիօրէն աւելացնել ապրանքաշրջանառութեան ծաւալները։

Ոսկանեանը յիշեցրեց, որ Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին հերթին ազդում են բանկային ոլորտի վրայ, եւ այդ առումով դոլարից հրաժարւելը թոյլ կը տայ հարեւան երկրների հետ աւելի հեշտ իրականացնել առեւտրային գործողութիւններ։ Թեհրանը հիմա նման առաջարկներ է անում իր միւս գործընկերներին` Ռուսաստանին եւ Չինաստանին։

«Իհարկէ, այդ առաջարկին լաւագոյն գնահատական կարող են տալ տնտեսական հատւածի ներկայացուցիչները։ Այնուամենայնիւ, հարցն առնւազն կարելի է քննարկել։ Եւ եթէ տնտեսական հետեւանքներն ուսումնասիրելիս պարզւի, որ մեզ դա ձեռնտու է, ապա ինչու ոչ, եկէք անցնենք ազգային արժոյթով առեւտրի»,- նշեց Ոսկանեանը։

Նա յիշեցրեց, որ Իրանի հետ յարաբերութիւնները չափազանց կարեւոր են Հայաստանի համար, եւ դրանք ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաեւ աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Գրիգորեանի հետ վերոյիշեալ հանդիպմանը կրկին հնչել է Պարսից ծոց - Սեւ ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցը։ Հայաստանին այդ միջանցքի ստեղծման մէջ յատկացւում է շատ լուրջ տեղ։

Իրադրութիւնն այլ տեսանկիւնից է դիտարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերի յանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկեանը։ Նա կարծում է, որ ազգային արժոյթի անցնելն առաջին հերթին կախւած է փոխադարձ առեւտրի ծաւալներից։ Ցաւօք, այդ ծաւալներն այդքան զգալի չեն, բացի այդ իրանական ռիալն աւելի շատ է հակւած փոխարժէքի տատանումների, քան հայկական դրամը։ Այդ տատանումները կարող են չափազանց բացասական ազդեցութիւն ունենալ կողմերից մէկի վրայ։

«Բանն այն է, որ իրանական ռիալը ազատ կոնւերսիայի ենթարկւող արժոյթ է, ուստի այստեղ ռիսկերը չափազանց շատ են։ Այդ ռիսկերը կարող էին աւելի քիչ լինել, եթէ ներկրումն ու արտահանումը մօտաւորապէս նոյն մակարդակի վրայ լինէին։ Հայաստանն աւելի շատ ներկրում է Իրանից, քան արտահանում այնտեղ»,- ասում է Մանուկեանը։

Նրա խօսքով` ազգային արժոյթի անցնելը տւեալ փուլում յատկապէս արդիական է Ռուսաստանի դէպքում, որից Հայաստանը գազ է ստանում։ Ազգային արժոյթով էներգակիրների առեւտուրն օգուտ կը տար հայկական տնտեսութեանը, քանի որ էներգակիրների գինը կախւած չէր լինի արժոյթների փոխարժէքի տատանումներից։ Բայց Իրանի դէպքում դժւարութիւններն աւելի շատ են, քան լուծումները։

«Մենք Իրանի հետ ունենք ֆինանսական շրջանառութեան, փոխանցումների այն մասշտաբները, որոնք ունենք Ռուսաստանի դէպքում։ Բացի այդ, իրանական արժոյթը չափազանց խոցելի է տւեալ փուլում` ի տարբերութիւն հայկական դրամի։ Դա լրացուցիչ խնդիրներ կը ստեղծի Հայաստանի համար»,- նշեց պատգամաւորը։

Փոխադարձ հաշւարկներում ազգային արժոյթների անցնելն իրատեսական եւ շահաւէտ կը լինի այն դէպքում, եթէ Իրանը միանայ ԵԱՏՄ-ին։ Այդ դէպքում միաւորման ներսում առեւտրի ապադոլարացումն աւելի շատ օգուտ կը բերեր բոլոր անդամ երկրներին։

Յարակից լուրեր

  • «Պաշտպանական կարողականութեան բարձարցումն ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու միջոցներից է». ՊՆ
    «Պաշտպանական կարողականութեան բարձարցումն ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու միջոցներից է». ՊՆ

    ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների դիմակայման առանցքային միջոցը կենսական նշանակութեան ամենատարբեր ոլորտների, մասնաւորապէս՝ պաշտպանութեան ինստիտուտների զարգացման ապահովումն է:

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • Կառավարութիւնը որքանո՞վ է աջակցելու ընտանիքների տնտեսութեանը
    Կառավարութիւնը որքանո՞վ է աջակցելու ընտանիքների տնտեսութեանը

    Ներկայացնում ենք ԻՌՆԱ-ի հրապարակած ինֆոգրաֆիկ պատկերը, որում նշւած է, թէ բենզինի գնի թանկացման արդիւնքում գոյացած գումարներն ինչպէս են բախշւելու ընտանիքներում:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք
    «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք

    Վերոյիշեալ կարգախօսը կը ցոլացնէ Չորեքշաբթի, Նոյեմբեր 13-ին, Սպիտակ Տան նախագահական գրասենեակին հանդիպումը Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ իր թուրք պաշտօնակից Ռեճէպ Թայիպ Էրտողանի միջեւ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։