Հա

Մշակոյթ

22/07/2019 - 14:20

Հայաստանի Պետական կամերային երգչախմբի կատարմամբ՝ Կոմիտասի երաժշտութիւնը թեւածեց Թեհրանի «Վահդաթ» դահլիճում

Հասաւ սպասւած պահը եւ Հայաստանի Պետական կամերային երգչախումբն իր հրաշալի կատարմամբ Թեհրանի «Վահդաթ» դահլիճում հնչեցրեց Կոմիտասի բացառիկ ու անկրկնելի երգն ու երաժշտութիւնը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հասաւ սպասւած պահը եւ Հայաստանի Պետական կամերային երգչախումբն իր հրաշալի կատարմամբ Թեհրանի «Վահդաթ» դահլիճում հնչեցրեց Կոմիտասի բացառիկ ու անկրկնելի երգն ու երաժշտութիւնը:

Այն ամէնը ինչ կարելի է ասել մի ելոյթի մասին, որը երկու ժամ լեփ-լեցուն դահլիճի ունկնդիրներին գամել էր աթոռներին, իսկ աւարտին արդէն չէր դադարում ծափողջոյնների տարափը:

Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան կազմակերպութեամբ եւ Իսլ. մշակոյթի ու առաջնորդութեան նախարարութեան, նաեւ «Ռուդաքի» մշակութային ու գեղարւեստական հիմնարկի համագործակցութեամբ, երէկ՝ յուլիսի 21-ի երեկոյեան ժամը 21:30-ին մեկնարկեց Հայաստանի Պետական կամերային երգչախմբի երկօրեայ համերգի առաջին ծրագիրը նւիրւած՝ Կոմիտասի ծննդեան 150-ամեակին: Սկզբում մայեստրօ Ռազմիկ Օհանեանը լսարանին ներկայացրեց Կոմիտասին, եւ նրա կենսագրական տւեալների ընդմիջից՝ Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքը, որը աշխարհին զրկեց Կոմիտասի ստեղծագործական տաղանդից:

Ապա բեմահարթակ հրաւիրւեց Հայաստանի Պետական կամերային 30 հոգանոց երգչախումբը, հանրայայտ Ռոբերտ Մլքէեանի գեղարւեստական ղեկավարութեամբ եւ գլխաւոր դիրիժորութեամբ ու մեներգային եւ երգչախմբային աննախադէպ կատարումներով հանդիսատեսին հաղորդակից դարձրեց Կոմիտասի մշակումներին: Միջոցառումը նաեւ մերթընդմերթ զուգորդւում էր դաշնամուրային կատարումներով:

Համերգին ներկայ էր երգահան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արւեստի վաստակաւոր գործիչ Տիգրան Մանսուրեանը, որի 80-ամեայ յոբելեանին է նւիրւած երգչախմբի այս օրւայ (յուլիսի 22) ծրագիրը:

Համերգին ներկայ էին նաեւ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանում Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան արտակագ եւ լիազօր դեսպանները, Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորները, Թ. Հ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, Իրանում Հայ կաթողիկէ համայնքի առաջնորդը, պետական հրաւիրեալներ եւ արւեստասէր հոծ բազմութիւն:

Յատկանշական է, որ թւականիս, չորեքշաբթի՝ յուլիսի 24-ին հանդիսատեսը Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում հնարաւորութիւնն ունի ունկնդրելու Հայաստանի Պետական կամերային երգչախմբի կատարումները, որի ընթացքում ներկայացւելու է Կոմիտասին եւ Տիգրան Մանսուրեանին նւիրւած գործերի ծաղկաքաղը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։