Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատօնի շրջանակում Երեւանի Կապոյտ մզկիթում ներկայացւեց հայկական արմատներ ունեցող Իրանի յայտնի լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգինի եւ հայկական հոգեւոր-մշակութային ճարտարապետութիւնը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդէսը:
«alikonline.ir» - Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատօնի շրջանակում Երեւանի Կապոյտ մզկիթում ներկայացւեց հայկական արմատներ ունեցող Իրանի յայտնի լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգինի եւ հայկական հոգեւոր-մշակութային ճարտարապետութիւնը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդէսը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդէսը բացւեց օգոստոսի 31-ին:
«Մէկ ամիս շարունակ Երեւանում մարդիկ առիթ ունեն տեսնել 39 ցուցահարթակներում ցուցադրւած լուսանկարչութեան ցուցահանդէսներ: Այդ հարթակներից մէկն էլ Կապոյտ Մզկիթն է: Ցուցահանդէսներին ներկայացրել ենք 20 երկրների մասնակիցների 500-ից աւելի աշխատանքներ»,- ասաց Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատօնի կազմկոմիտէի նախագահ Տաթեւ Մնացականեանը:
Ցուցադրութիւններ են եղել նաեւ մետրոյի կայարաններում: Ազգային ժողովում եւս բացառիկ ցուցադրութիւն են կազմակերպել: Սեպտեմբերի 12-ին նախագահական նստավայրի բակում եւս տեղի կունենայ ցուցադրութիւն:
Փառատօնի շրջանակում կազմակերպւել է նաեւ մրցանակաբաշխութիւն, ընտրւել են երեք լաւագոյնները: Փառատօնի շրջանակում Իրանի մշակոյթի կենտրոնի աջակցութեամբ ու ջանքերով նաեւ մասնակցել են մեծ թւով իրանցիներ: Երրորդ տեղը զբաղեցրել է հէնց իրանցի Մահբուհէհ Ֆարաջօլլահին, ով լուսանկարչական գործունէութիւնը սկսել է 2008 թւականից: Ներկայում Իրանի թատրոնի տան գլխաւոր լուսանկարիչն է:
Ֆարաջօլլահին ներկայացրել է «Մէկ ժպիտ» լուսանկարը: «Նկարել եմ երեխաների ուրախութիւնը բակում իրենց խաղի ժամանակ: Դրա համար էլ լուսանկարը կոչւում է «Մէկ ժպիտ»,- պատմեց նա:
Կապույտ մզկիթում ցուցադրութիւնը կազմակերպւել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան Մշակոյթի կենտրոնի խորհրդական Սէյէդ Մոհամմադ Ռեզա Հէյդարիի աջակցութեամբ:
«Չնայած նրան, որ Կապոյտ մզկիթը վաղուց արդէն վերածւել է զբօսաշրջիկների ամենասիրելի վայրերից մէկի, սակայն այն իր ոչ ճիշտ ներուժով է ներկայանում հանրութեանը, ընկալւում է որպէս հաւատքի կենտրոն: Սակայն Կապոյտ մզկիթի ներուժն աւելի մեծ է, այն պատմամշակութային մեծ կենտրոն է, մեծ գործունէութիւն է ծաւալում: Իրականացնելով այս միջոցառումը՝ եւս մէկ անգամ շեշտադրել ենք այդ ներուժը եւ ցոյց ենք տալիս պատրաստակամութիւնը՝ համագործակցելու բոլոր մշակութային կենտրոնների հետ, սերտացնելու հայ-իրանական մշակութային կապերը»,- ասաց Սէյէդ Մոհամմադ Ռեզա Հէյդարին:
Ցուցահանդէսին ներկայացւած էին հայկական արմատներ ունեցող Իրանի յայտնի լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգինի (Սերունեան, Սեգրուվեան, Սեւրիոգին կամ Սեւրագին) լուսանկարները:
Արւեստաբան Իւետ Թաջարեանը նկատեց՝ հայկական արմատներով լուսանկարիչ Սեւրուգինը մեծ համբաւ ունի Իրանում: Նրա լուսանկարները կարելի է տեսնել Եւրոպայի շատ թանգարաններում: Սեւրուգինի լուսանկարներում կարելի է տեսնել նաեւ Իրանի հովանաւորութեան տակ գտնւող հայկական եկեղեցիներ, մշակութային կենտրոններ: Դա ցոյց է տալիս, թէ Իրանում ինչ հոգատարութեամբ են վերաբերում հայկական կոթողներին:
Թաջարեանն արդէն երկար տարիներ է, ինչ ուսումնասիրում է Սեգրուվեանների գերդաստանը, նրանց պատմութիւնը: Նա նկատել է՝ Անտուան խան Սեւրուգինի հայ լինելու մասին քիչ խօսք կայ, յաճախ թիւրիմացաբար կարծել են, թէ նա վրացի կամ ֆրանսիացի է: Անտուան Սեւրուգինը եղել է պալատական եւ շահի անձնական լուսանկարիչը, որն իրաւունք է ունեցել մուտք գործել այնպիսի վայրեր, որտեղ երբեք մուտք չի գործել որեւէ իրանցի լուսանկարիչ:
Լուսանկարները` Ֆելիքս Առուստամեանի