Հա

Մշակոյթ

03/09/2019 - 13:40

Թուրքական մամուլը եւ Վիլիամ Սարոյեանը

Թուրքական Bianet թերթի թղթակից, ֆոտոլրագրող եւ վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սիւնակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլիամ Սարոյեանի կեանքին ու գործունէութեանը:

«alikonline.ir» - Թուրքական Bianet թերթի թղթակից, ֆոտոլրագրող եւ վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սիւնակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլիամ Սարոյեանի կեանքին ու գործունէութեանը: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Յօդւածի հեղինակն աշխարհահռչակ գրողի կենսագրութեան մասին հատւածում թոյլ է տալիս մի անճշտութիւն, որը, սակայն, որոշակի տարածւածութիւն ունի թուրքական շրջանակներում: Ըստ այդ տարածւած սխալի՝ Վիլիամ Սարոյեանի իրական անունը Արամ է, իսկ ազգանունը՝ Քարաօղլանեան: Շփոթութեան պատճառը հաւանաբար այն է, որ 1905 թ. հայկական կոտորածից մազապուրծ Սարոյեանների ընտանիքի հետ միասին Բիթլիսից ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ են գաղթել նաեւ իր քեռիների՝ Քարաօղլանեանների ընտանիքները:

Քորուջուն իր յօդւածում ուշադրութիւն է հրաւիրում Թուրքիայում «Սարոյեան» ազգանւան հետ կապւած մէկ այլ շփոթմունքի վրայ եւս:

«Երբ աւարտւեց 2-րդ Համաշխարհային պատերազմը,- գրում է Քորուջուն,- ԱՄՆ-ի հայկական կոմիտէներն իրենց պահանջներն էին տարածում աշխարհով մէկ: New York Times թերթում անգամ այդ թեմայով հրապարակւած բաց նամակում պահանջւում էր ԽՍՀՄ-ին վերադարձնել Կարսը եւ Արդահանը: Իսկ այդ նամակի տակ արւած ստորագրութիւնն ասում են, որ «Սարոյեան» ազգանւամբ էր»:

Քորուջուն յիշեցնում է, որ այդ ժամանակ թուրքական Cumhuriyet թերթը 1945 թ. յուլիսի 22-ի համարում գրել է, որ ճանաչւած հայ գրողներից Սարոյեանը նոյնպէս ստորագրել է յիշեալ նամակի տակ: Սակայն ճշմարտութիւնը յետոյ պիտի պարզւէր: Այդ ստորագրողը Վիլիամ Սարոյեանը չէր եղել: Պարզւելուց յետոյ իսկոյն տարածւել է համապատասխան հերքումը:

Յօդւածի հեղինակը վկայակոչում է թուրք լրագրող Դողան Նադիի՝ 1945 թ. յուլիսի 31-ին հրապարակւած «Ամերիկայում հայկական հարցի էութիւնը» յօդւածը, որտեղ նշւում է, որ նամակ ստորագրողը մէկ այլ Սարոյեան էր, ով Կալիֆորնիայում առեւտրով էր զբաղւում:

«Նադին ասում էր, որ մարդ առաջին հերթին ենթադրում են, որ Սարոյեանը Ամերիկայում սիրւած հայ գրողը պիտի լինի, մինդեռ «ենթադրողը» հէնց այն թերթն էր, որն այդ թեման սխալմամբ Թուրքիայի օրակարգ էր բերել»:

Այնուհետեւ նշւում է, որ Վիլիամ Սարոյեանը այդպիսի տեքստ առանց այդ էլ չէր կարող ստորագրել, քանի որ այդ ժամանակաշրջանում նա աւտովթարից վիրաւորւել եւ հոսպիտալացւել էր:

Նշենք, որ հարուստ գրական ժառանգութիւն թողած Վիլիամ Սարոյեանի ստեղծագործութիւնները թարգմանւել են նաեւ թուրքերէն եւ տպագրւել «Արաս» հրատարակչատան կողմից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։