Հա

Մշակոյթ

07/09/2019 - 10:40

«Սալմաստի պատմութիւն եւ մշակոյթ». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր (սեպտեմբերի 6-ին-ԽՄԲ.) տեղի է ունեցել «Սալմաստի պատմութիւն եւ մշակոյթ» խորագրով գիտաժողով:

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր (սեպտեմբերի 6-ին-ԽՄԲ.) տեղի է ունեցել «Սալմաստի պատմութիւն եւ մշակոյթ» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովին ներկայ էին ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանը, ՀՀ վարչապետին կից սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Գրիգոր Չիֆթճեանը, ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը, Կալիֆորնիայի Լոս Անջելէսի համալսարանի (UCLA) Նարեկացու անւան հայագիտութեան ամբիոնի պրոֆեսոր Ս. Պիտէր Կաուին, ԵՊՀ միջազգային համագործակցութեան եւ հասարակայնութեան հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայէլեանը, Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը, Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը, ամբիոնի դասախօսներ, գիտնականներ արտերկրից, ուսանողներ:

Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը, ողջունելով ներկաներին եւ ներկայացնելով գիտաժողովի դերը, նշեց, որ այն ԵՊՀ 100-ամեակին նւիրւած միջոցառումների շարքի մասն է կազմում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանը, դիմելով հաւաքւածներին, ասաց. «Այսօրւայ գիտաժողովը նւիրւած է մեր ժողովրդի կողմից դարերի ընթացքում կերտւած նշանակալի կենտրոններից մէկի՝ Սալմաստի պատմութեանը եւ մշակոյթին»:

Նախարարը կարեւորեց, որ գիտաժողովը կազմակերպւել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի եւ Կալիֆորնիայի Լոս Անջելէսի համալսարանի (UCLA) Նարեկացու անւան հայագիտութեան ամբիոնի համատեղ ջանքերով:

«Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը նպատակասլաց աշխատանք է տանում, որպէսզի մենք կարողանանք մէկտեղել մեր գիտական ներուժը եւ խրախուսել Հայաստան-Սփիւռք գիտական համագործակցութեան տարբեր ուղղութիւնները, այդ թւում՝ նաեւ հայագիտութեան բնագաւառում: Այս առումով մենք շատ անելիք ունենք»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նախարարութիւնը մշակում է հայագիտութեան զարգացման նոր հայեցակարգ, եւ ներկաներն իրենց լուման են ներդնելու այդ գործում:

ՀՀ վարչապետին կից սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Անգնահատելի են Սալմաստի գաւառի պատմութիւնը, ազգագրական իւրայատկութիւնն ու դարերի ընթացքում դրա ունեցած դերակատարութիւնը»:

Նա նշեց, որ Սալմաստը կամ Զարեհաւանն ունի դարերի պատմութիւն, մ.թ.ա. 9-6-րդ դարերում Ուրարտական հայ թագաւորութեան մաս է եղել, այնուհետեւ ընդգրկւել է Արտաշեէսեան եւ Արշակունեաց թագաւորութիւնների կազմում:

Զարեհ Սինանեանը ներկայացրեց Սալմաստի պատմութեան առանցքային կէտերը, այնուհետեւ յաւելեց. «Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում տեղի ունեցած Թաւշեայ յեղափոխութիւնը, անկասկած, իր դրական ազդեցութիւնն ունեցաւ Հայաստան-Սփիւռք գործակցութեան վրայ՝ հիանալի հնարաւորութիւն ընձեռելով այդ համագործակցութիւնը նոր որակի եւ բարձր մակարդակի հասցնելու համար: Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակը Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում փորձում է ստեղծել փոխվստահութեան վրայ հիմնւած նոր գործակցութիւն՝ ամէնից առաջ բացայայտելով սփիւռքի ներուժը, ճանաչելով սփիւռքն իր ամբողջ բարդութեամբ»:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Գրիգոր Չիֆթճեանն իր օրհնանքի խօսքը փոխանցեց ներկաներին՝ յաջողութիւն մաղթելով գիտաժողովի աշխատանքներին:

Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը թւեց գիտաժողովի նպատակները. «Սալմաստը չափազանց կարեւոր մի կենտրոն է, չափազանց կարեւոր տարածաշրջան, որտեղ երեք գիտական հաստատութիւնների մէկտեղումը կարող է հետաքրքիր արդիւնքներ ունենալ»:

Միւս նպատակն ամբիոնի վարիչը համարեց կիրառական, քանի որ Ատրպատականի Սալմաստի նահանգում կայ մշակութային մեծ ժառանգութիւն, որի խնամքը, ուսումնասիրութիւնը, հետազօտութիւնը եւ համաշխարհային հանրութեանը ներկայացնելն Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ համայն հայութեան գործառոյթն են:

«Մշակութային դերակատարութեան ստանձնումը գիտաժողովի միւս կարեւոր նպատակն է: Հայ ժողովրդի առաջընթացի, զարգացման, այս տարածաշրջանում մեր պետականութեան հզօրացման կարեւորագոյն ուղիներից մէկը կամրջի դերակատարութեան վերականգնումն է: Պատմականօրէն Հայաստանը մշտապէս եղել է զանազան մշակոյթների, կենտրոնների, ժողովրդների համար կամուրջ: Եռակողմ գիտաժողովի նախաձեռնումն ինչ-որ առումով մշակութային առաքելութիւն է՝ միտւած ամրապնդելու գիտական, մշակութային, ակադեմիական յարաբերութիւնները տարբեր գիտական կենտրոնների միջեւ»,- ասաց Վարդան Ոսկանեանը:

ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը, ներկայացնելով իր դիտարկումները ներկաներին, նշեց, որ Սփիւռքի գիտական կեանքը չի կարող շրջանցել Հայաստանի Հանրապետութիւնը, եւ մեր երկիրը պէտք է գիտական կենտրոն դառնայ:

Կալիֆորնիայի Լոս Անջելէսի համալսարանի (UCLA) Նարեկացու անւան հայագիտութեան ամբիոնի պրոֆեսոր Ս. Պիտէր Կաուին, ողջունելով եւ շնորհակալութիւն յայտնելով հիւրերին, խօսեց գիտաժողովին արտասահմանեան գործընկերների մասնակցութեան կարեւորութիւնից:

Պրոֆեսոր Կաուին ներկայացրեց Սալմաստն ուսումնասիրող գիտնականներին, հովանաւորներին:

Նա նշեց, որ Սալմաստը դարեր ի վեր զարմացնում է ուսումնասիրողներին իր մշակութային իւրայատկութեամբ, եկեղեցիներով, վանքերով, ամրոցներով:

Բացման ելոյթներից յետոյ գիտնականները շարունակեցին աշխատանքը: Հնչեցին զեկուցումներ տարածաշրջանային հնագիտութեան, բարբառագիտութեան, տարածաշրջանային ճարտարապետութեան, ինչպէս նաեւ պարսկական արխիւներում Սալմաստի վերաբերեալ փաստաթղթերի մասին:

 

«YSU.am»

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։