Հա

Մշակոյթ

23/10/2019 - 09:20

Վարանդի «Բերդաքաղաք» վէպ-պոէմը ընթերցողների սեղանին է՝ պատմական դէպքերի իւրովի ներկայացմամբ

Երէկ՝ հոկտեմբերի 22-ին Հայաստանի Գրողների միութեան մեծ դահլիճում տեղի ունեցած իրանահայ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաք» գրքի շնորհանդէսն ընթերցասէրների եւ գրաքննադատների ուշադրութիւնն էր սեւեռում 1921-1922 թթ. Փետրւարեան ապստամբութեանն անդրադարձած ստեղծագործութեան վրայ:

«alikonline.ir» - Երէկ՝ հոկտեմբերի 22-ին Հայաստանի Գրողների միութեան մեծ դահլիճում տեղի ունեցած իրանահայ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաք» գրքի շնորհանդէսն ընթերցասէրների եւ գրաքննադատների ուշադրութիւնն էր սեւեռում 1921-1922 թթ. Փետրւարեան ապստամբութեանն անդրադարձած ստեղծագործութեան վրայ:

Գրքի գլխաւոր կերպարներն են Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը, Հրաչեայ Աճառեանը, Ալեքսանդր Թամանեանը… «1922-ին նրանցից շատերը բանտարկւած էին Երեւանի բերդում: Գրքում մի շարք նոր բաներ կան, օրինակ՝ ոչ ոք չգիտի, որ Շանթը որոշ ժամանակահատւած ապրել ու ստեղծագործել է Պարսկաստանում: Գրքում կան ներկայացւած պատմութիւններ, որոնք թէ' իրական են, թէ' կիսաերեւակայական: Գիրքը պատմում է Փետրւարեան ապստամբութեան մասին, երբ խորհրդային կարգեր հաստատելուց յետոյ արեան բաղնիքի վերածւեց Հայաստանը, եւ ինչ-որ առումով կրկնւվեց 1915-ը: Գրքում մի հետաքրքիր փաստ կայ՝ այդ տարիներին Հայաստանում դահիճ չեն գտել, եւ որպէսզի իրենց դահճական առաքելութիւնը կատարեն, Բաքւից բերել են մի թուրք թաթարի: Ոմանք փրկւեցին ու կարողացան Շանթի, Նիկոլ Աղբալեանի ու միւս նւիրեալների շնորհիւ հասնել Պարսկաստան: Նրանց առաջին հանգրւանը Թաւրիզն էլ, որտեղից էլ սկսւում է պատումը՝ ինչպէս են նրանց ընդունում, ինչ մարդկանց են հանդիպում»:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ դահլիճում ներկայ հիւրերը, իրենց ոգեւորութիւնն ու հիացմունքն արտայայտելով գրքի մասին, նկատեցին՝ գիրքը պէտք էր դասակարգել որպէս վէպ-պոէմ եւ գրքի վերջում փակցնել բացատրական բառարան գրքում առկայ հերոսների ինքնութեան եւ կենսագրութեան մասին՝ մատաղ սերնդին տեղեակ պահելու համար: Վանանդն ասաց, որ այս գործը ստեղծելու ցանկութիւնն առաջացել է տարիների ընթացքում: Հեղինակն Իրանը սփիւռք չի համարում: Իսկ ինչ վերաբերում է անունների բացատրութեանը, նա կարծում է, որ իր սերնդակիցները ճանաչել են գրքում յիշատակւած անձանց, քանի որ հնարաւորութիւն է եղել տարբեր միութիւնների անդամակցելով շփումներ հաստատել միմեանց հետ: Որպէս օրինակ նա յիշատակեց անւանի հերոս Քեռիին, որը սպանւել է 1916 թւականին: Նա ցաւով նշեց, որ Քեռիի կինը օրահացն ապահովելու համար երկու զամբիւղով փողոցում ամսագրեր էր վաճառում: Նրա սերնդակիցների համար գրքում առկայ հերոսներն անծանօթ չեն, սակայն նա համաձայն էր այն կարծիքի հետ, որ անւանացանկ պէտք է աւելացնել, բայց վերջում եւ որպէս յաւելւած:

Գրողների միութեան նախագահ, բանաստեղծ Էդւարդ Միլիտոնեանի գնահատմամբ. «Վարանդի թարգմանութիւնների, գրքերի, նրա եւ Իրանի գրողների հետ կապերի շնորհիւ մեզ համար լաւ ճանապարհ է բացւում դէպի իրանական ժամանակակից գրականութիւն, իրանական մշակոյթ»: Միլիտոնեանը գիրքը կարդացել եւ շատ է հաւանել:

Վարանդը մի շարք այլ գրքերի հեղինակ է: Նրա բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն՝ «Արեւի ճամբով», լոյս է տեսել 1972 թ.՝ Թեհրանում, ապա հրատարակել է բանաստեղծութիւնների ու պոէմների աւելի քան երեք տասնեակ հաւաքածուներ, որոնցից «Բոհեմական օրագիրը», «Մեղքի վարդերը», «Կրկներեւոյթը» (Միրաժ) եւ «Կարօտի նշխարներ»-ը շահել են «Ս. Ներսէս Շնորհալի», Հայաստանի «Վահան Թեքէեան» եւ Բէյրութի «Գէորգ Մելիտինեցի» գրական առաջին մրցանակները՝ 1998-ին եւ 2012-ին՝ (կրկնակի անգամ)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։