Հա

Մշակոյթ

26/10/2019 - 12:30

Պատմական հերոսներին փոխարինում են սեռափոխւած «հերոսները». Պետութիւնը կը ֆինանսաւորի սեռափոխութիւն քարոզող ֆիլմը

Պետութիւնը 20 միլիոն դրամ կտրամադրի ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի՝ Մելի, մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանմանը։ Ֆիլմում կը ներկայացւի սեռափոխութեան ենթարկւած Մելի եւ նրա ընկերուհու պատմութիւնը, սեռային փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած պայքարը։ «Մել»-ը 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերից պետական ֆինանսաւորման համար ընտրւած 10 լիամետրաժ ֆիլմերի ցանկում է։

«alikonline.ir» - Պետութիւնը 20 միլիոն դրամ կտրամադրի ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի՝ Մելի, մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանմանը։ Ֆիլմում կը ներկայացւի սեռափոխութեան ենթարկւած Մելի եւ նրա ընկերուհու պատմութիւնը, սեռային փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած պայքարը։ «Մել»-ը 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերից պետական ֆինանսաւորման համար ընտրւած 10 լիամետրաժ ֆիլմերի ցանկում է։

Այս կապակցութեամբ «Փաստինֆօ»-ն զրուցել է ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Դաւիթ Սահակեանցի հետ, որը, յիշեցնենք, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միութիւնից դուրս եկաւ այն բանից յետոյ, երբ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի շրջանակում մրցանակ ստացաւ ռեժիսոր Ռատի Ցիտելաձէի՝ տրանսգենդերի մասին պատմող «Հասարակութեան գերին» ֆիլմը ։

«Ես, ճիշտն ասած, բացարձակ շոկ չապրեցի։ Սա ամբողջութեամբ մտնում է այն տրամաբանութեան մէջ, որով այսօր մշակոյթի իշխանութիւնը գործում է»,- «Փաստինֆօ»-ին ասաց Դաւիթ Սահակեանցը՝ մատնանշելով հայոց պատմութիւն, հայոց լեզու եւ գրականութիւն առարկաների դուրս բերումը բուհական ուսումնական ծրագրից, «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի շրջանակում տրանսգենդերի մասին պատմող ֆիլմին մրցանակ շնորհելը, ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելոյթը։

«Ինձ համար, բնականաբար, դա անընդունելի է, համարում եմ, որ իսկապէս, աւելի կարեւոր պատմական հերոսներ կան, որոնց կարելի էր անդրադառնալ եւ առհասարակ, եթէ վերցնենք սպորտի ոլորտը, ապա սպորտում շատ աւելի կարեւոր ձեռքբերումներ կան, քան սեռափոխութիւնը։ Ուրիշ բան ես չէի էլ ակնկալում այսօրւայ մշակոյթի նախարարութիւնից (նկատի ունի Կրթութեան, գիտութեան, մշակոյթին եւ սպորտի նախարարութիւնը,-ԽՄԲ.), ընդ որում ես այն ռեժիսորներից եմ, որը զրկւել է պետական ֆինանսաւորումից։ Վարազդատ արքայի՝ Օլիմպիական խաղերին մասնակցութեան մասին պատմող ֆիլմի համար ֆինանսաւորում կար 4 տարի, սակայն այս տարի ֆինանսաւորումից զրկւեցինք եւ մէկ տարի չունենք այդ ֆինանսաւորումը այլեւս։ Ես տարօրինակ բան չեմ տեսնում, որովհետեւ նոր հերոսների ժամանակ է եկել. այլեւս հերոսները ոչ թէ Վարազդատն է կամ այլ պատմական անձինք, այլ Մելինէն է։ Ես իմ վերաբերմունքն եմ յայտնում ոչ թէ անձին, այլ փաստին՝ քարոզին, ինչի պատճառով էլ դուրս եմ եկել կինեմատոգրաֆիստների միութիւնից»:

 

- Ձեր ֆիլմի ֆինանսաւորումն ի՞նչ հիմնաւորմամբ մերժւեց եւ առհասարակ, ի՞նչ չափանիշներով են ընտրւում պետական ֆինանսաւորման արժանի ֆիլմերը։ Այս մէկն, օրինակ, ինչու՞ է ընտրւել Ձեր կարծիքով։

- Ես տեղեակ չեմ, թէ ինչ չափանիշներով է ընտրւել այդ ֆիլմը։ Եթէ չեմ սխալւում, նախագծերը ներկայացւում են, որից յետոյ յայտարարւում է՝ ֆիլմը ֆինանսաւորում ստանո՞ւմ է, թէ՞՝ոչ։ Մեր պարագայում դա առհասարակ, ոչ էլ արւեց եւ անցած տարւայ մեր կատարած աշխատանքին դեռ եզրակացութիւն էլ չի տրւել։ Մենք, ընդհանուր առմամբ, ուղղակի օդում ենք կախւած, այսինքն որեւէ բացատրութիւն չի եղել, թէ ինչու օրինակ մեր ֆիլմն այս տարի չունեցաւ ֆինանսաւորում։ Ես ձեզ ասեմ, անկեղծօրէն, ուրախ էլ եմ, որ նման մշակոյթի նախարարութիւնից մեր ֆիլմը աջակցութիւն չի ստանայ։ Մենք փորձում ենք մեր ուժերով ֆիլմը հասցնել աւարտին եւ որքան քիչ՝ անձամբ ես, առնչութիւն ունենամ այսօրւայ նախարարութեան հետ, այդքան աւելի հանգիստ ու, այդ բառը չեմ սիրում ՝ հպարտ կը զգամ։

 

- Որքա՞ն ֆինանսաւորում էր անհրաժեշտ «Վարազդատ»-ի համար։

- Մենք տարեկան ունեէինք 50 միլիոն դրամի չափով ֆինանսաւորում, որը ձեւաւորւել է 18-19 տարի առաջ՝ առհասարակ, լիամետրաժ-անիմացիոն ֆիլմերի ստեղծման համար։ Նոյն գումարը պէտք է ստանայինք, նոյնիսկ գումարը իջեցրեցինք մինչեւ 30 միլիոնի, որ գոնէ ֆիլմն աւարտին հասցնենք, դա էլ չունեցաւ շարունակութիւն։

 

- Պարոն Սահակեանց, եթէ տարբեր իրադարձութիւնների լոյսի ներքոյ, փորձենք առաւել համալիր նայել այն մտահոգութիւնները, որոնց մասին վերը խօսեցինք, փաստօրէն, տեսանք «Ոսկէ ծիրան»-ում վրացի ռեժիսորի ֆիլմին մրցանակ շնորհւեց, հիմա պետական մակարդակով ֆինանսաւորւում է այս ֆիլմը, որի ռեժիսորը բացայայտ նշում է, թէ նպատակը որն է, օրակարգում ունենք յայտնի Ստամբուլեան կոնւենցիան, որի վաւերացումից բխող հնարաւոր վտանգների մասին տեւական ժամանակ է ահազանգում են հէնց իրաւական հանրոյթի ներկայացուցիչները։ Այս բոլորը միեւնոյն շղթայի օղակնե՞ր են։

- Այո, ամբողջութեամբ փոխկապակցւած են իրար հետ եւ այսօր մեր երկիրը ղեկավարող ուժերը անում են ամէն ինչ, որպէսզի իրենց պատկերացրած աշխարհայեացքն ամէն կերպ կապեն մեր վզին եւ ստիպեն այն ձեւով, որն իրենք են ճիշտ համարում։ Սա շատ մեծ վտանգ է։

 

- Ի՞նչ ռիսկեր էք տեսնում կինոյի եւ առհասարակ, մշակոյթի համար եւ, փաստացի, այսօր նաեւ մշակոյթի նախարարութիւն չունենք։ Սա է՞լ է ձեր նշած քաղաքականութեան տրամաբանութեան շրջանակում։

- Դա ամենաֆունդամենտալ խնդիրն է այսօրւայ իրականութեան, այսօրւայ մարդկութեան։ Այսօր փոքրամասնութիւնները փորձում են իրենց օրէնքները թելադրել մեծամասնութեանը եւ ստիպում են, բոլոր միջոցներով են ստիպում, որ դու ենթարկւես այն օրէնքներին, որոնք իրենք են ճիշտ համարում։ Այն կոնցեռները, այն ֆինանսական մեծ խմբերը, որոնք ապահովում են այդ քարոզը, իսկ կինոն ամենաուժեղ քարոզչական գործիքներից մէկն է։ Բնականաբար, երբ այդ գործիքն ընկնում է իրենց ձեռքը, դառնում է ազդեցիկ։ Առհասարակ, սա ամբողջ մարդկութեան համար է խնդիր, բայց մեզ համար՝ առաւել եւս, մեր երկրի համար դա ուղղակի կործանիչ կարող է լինել։

 

- Եւ վերջում, ի՞նչ էք կարծում, մեր հասարակութիւնն այսօր պատրա՞ստ է ընդունել այն, ինչ իրեն փորձ է արւում մատուցել։

- Այստեղ գործում է «ովերտոնի պատուհան»-ի օրէնքը։ Եթէ ոչ այսօր, բայց երբ նախադրեալներն արդէն կան, տարեցտարի այդ ինֆորմացիան աւելի շատանայ, այդ թեմաները ուսումնասիրւեն եւ հրապարակային դառնան, բնականաբար, վաղ, թէ ուշ մենք կանգնելու ենք այն խնդրի առջեւ, որի առջեւ կանգնած է ադեկւատ եւ զգաստ մտածող հասարակութեան զգալի հատւածը, որը այսօր գերի է ընկել ինչ-որ լոբբիստների, որոնք իրենց օրէնքն են փորձում առաջ բրդել ամբողջ աշխարհով ու նաեւ Հայաստանով։ «ովերտոնի պատուհան»-ի օրէնքով կարող է այս տարի ինչ-որ բան չընդունւի, բայց դա չի նշանակում, որ չի աշխատւում մեր ենթագիտակցութեան վրայ, չի աշխատւում յաջորդ սերնդի վրայ։ Արդէն թւարկեցի փաստերը, որոնք տեղի են ունեցել այդ սխեմայի շուրջ՝ լինի դա «Ոսկէ ծիրան»-ի մրցանակ, տրանսգենդերների ազատ ման գալը, ԱԺ ամբիոնից խօսելը։ Այս ամէնը հրամցնում են եւ ստիպում են հաշտւել այն մտքի հետ, որ այսօր իրենց դարն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։