Հա

Մշակոյթ

31/10/2019 - 08:20

Լոյս է տեսել «Երուսաղէմի հայկական թաղամասի գաղտնիքները» գիրքը

Լոյս է տեսել Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի դիւանապետ Հայր Կորիւն վարդապետ Բաղդասարեանի առաջին` «Երուսաղէմի հայկական թաղամասի գաղտնիքները» գիրքը: Մէկ տարւայ ընթացքում գրւած գիրքը կարդալիս մարդիկ կը ծանօթանան հետաքրքիր եւ ուշագրաւ պատմութիւնների` նւիրւած Հայկական Երուսաղէմին եւ հայերի հետքերին այնտեղ:

«alikonline.ir» - Լոյս է տեսել Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի դիւանապետ Հայր Կորիւն վարդապետ Բաղդասարեանի առաջին` «Երուսաղէմի հայկական թաղամասի գաղտնիքները» գիրքը: Մէկ տարւայ ընթացքում գրւած գիրքը կարդալիս մարդիկ կը ծանօթանան հետաքրքիր եւ ուշագրաւ պատմութիւնների` նւիրւած Հայկական Երուսաղէմին եւ հայերի հետքերին այնտեղ:

Անդրադառնալով գրքի պատմութեանը` Հայր Կորիւն վարդապետ Բաղդասարեանն ասաց, որ գրեթէ 17 դար հայ եկեղեցին Սուրբ Երկրում` հիմնականում Երուսաղէմում եւ միւս կարեւոր քաղաքներում, ներկայութիւն ունի, որի ընթացքում այնտեղ շատ կարեւոր առաքելութիւն է իրականացնում: Գիրքը նախ այդ առաքելութեանն է անդրադառնում: Երկարուձիգ դարերի ընթացքում հայ եկեղեցին Սուրբ Երկրում ստեղծել է պատմամշակութային եւ հոգեւոր հարուստ ժառանգութիւն, որը յաւուր պատշաճի չի ներկայացւել հասարակութեանը: Դիւանապետն այս գրքով փորձել է անդրադառնալ հայկական այդ ժառանգութեանը` դրանք հասանելի դարձնելով հայ ժողովրդին եւ օտարներին:

«Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութիւնն իր կարեւոր առաքելութիւնն է համարում վերոնշեալ ժառանգութեան պահպանումը, եւ մենք իբրեւ զինւորեալ միաբաններ` հաւատարիմ ենք մնում մեր կոչմանը եւ առաւելագոյն կերպով ամբողջ ներուժը կենտրոնացնում այդ գործին: Կարծում եմ` Երուսաղէմում մեր ժառանգութեան պահպանման առումով վտանգ չկայ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայր Կորիւն վարդապետ Բաղդասարեանը` յաւելելով, որ իրականում որեւէ գաղտնիք չի բացայայտւում գրքում, հիմնականում այն երեւոյթների մասին է արծարծւում, որոնք յայտնի են միայն իրենց շատ նեղ շրջանակներին: Իհարկէ, այնպիսի գաղտնիքներ զետեղւած չեն գրքում, որոնց մասին չեն կարող չկիսւել ընթերցողի հետ:

Հայր սուրբը Երուսաղէմի հայկական թաղամասի գաղտնիքները» գիրքը նւիրել է Հայ Դատի նւիրեալ առաջամարտիկ լուսահոգի Ժորժետ Աւագեանի անմար յիշատակին, որի յորդորներով եւ քաջալերանքով սկսել էր գրել գիրքը:

«Սա իմ լուռ խոնարհումն է Երուսաղէմի Հայ Դատի գրասենեակի երկարամեայ ղեկավարին: Գիրքը գրեթէ պատրաստ էր, երբ նա անակնկալ մահացաւ: Այս բացառիկ հայուհու յիշատակը մշտավառ մնալու է բոլորիս հոգիներում»,- նշեց Հայր Կորիւնը:

Գիրքը թարգմանւում է անգլերէն եւ եբրայերէն: Յաջորդ տարի նախատեսւում է երկրորդ եւ երրորդ գլուխների հրատարակումը` ներառելով, ընդհանուր առմամբ, 60 պատմութիւն: Ընթերցասէր հասարակութիւնը գիրքը կարող է ձեռք բերել Երեւանի գրախանութներում:

Անդրադառնալով Երուսաղէմի հայ համայնքին` Հայր Կորիւն վարդապետ Բաղդասարեանը կարեւորեց, որ համայնքում բոլորն այսօր ապրում են զբաղւած կեանքով, գրեթէ գործազրկութիւն չի նկատւում տեղի հայերի շրջանակներում: Նրանց մեծ մասը հիմնականում զբաղւում է առեւտրով, ինչպէս նաեւ կան տաղանդաշատ արւեստագէտներ, արհեստաւորներ եւ գրասենեակային աշխատողներ:

 

Գէորգ Չիչեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։