Հա

Մշակոյթ

03/11/2019 - 13:40

Ներդրումների համար գրաւիչ դառնալու համար պէտք է յստակ քաղաքականութիւն

168.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Ֆինանսների յանձնախմբի նախագահ Արմէն Գրիգորեանի հետ:

«alikonline.ir» - 168.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Ֆինանսների յանձնախմբի նախագահ Արմէն Գրիգորեանի հետ:

 

- Վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ 2018 թ. բիւջէի նախագծում 4.5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ էր դրւած, բայց փաստացի ապահովւել է 5.2 տոկոս: Նրա խօսքով՝ մակրոտնտեսական ճիշտ քաղաքականութիւն են վարում, ուստի 2019 թ. առաջին 10 ամսւայ տւեալներով՝ ունենք 7.1 տոկոս տնտեսական ակտիւութեան ցուցանիշ, եւ, որ ակնհայտ է՝ 7 տոկոսին մօտ տնտեսական աճ ենք ունենալու:

- Այո՛, յայտարարւել են այդ թւերը, արդէն Ֆինանսների նախարարութիւնից յայտարարում են, որ հնարաւոր է այս տարին փակել 6.3 տոկոս տնտեսական աճով, իսկ Կենտրոնական բանկը՝ 6.9 տոկոս: Այստեղ հարցը յայտարարւած տոկոսների թւերը չեն, այլ մեթոդաբանութիւնը, որ նախապէս յայտարարւում է ցածր տնտեսական աճի տոկոս, որ յետոյ գերազանցելը թմբկահարելու առիթ տայ: Նախընթաց շրջանի յայտարարութիւններն ու դրան յաջորդած իրողութիւնները դա են փաստում: Ինձ համար կարեւոր է, թէ այդ ցուցանիշները որքա՞ն ներառական են, ո՞ր չափով է մեր քաղաքացին զգում իր սոցիալական վիճակի վրայ, կամ զգո՞ւմ է արդեօք, թէ՞ ոչ: Նախորդ տասնամեակներին մեր քաղաքացիները լսել են բազմաթիւ թւեր, բայց ինչո՞ւ չի փոխւել նրանց կեանքի որակը, ինչո՞ւ են պահպանւում աղքատութեան բարձր ցուցանիշները: Պատասխանը մէկն է՝ թէ՛ նախկինում, թէ՛ այսօր մեր երկրում չի փոխւել տնտեսական քաղաքականութեան կուրսը, եւ մնում ենք նոյն նեոլիբերալ կարգերի մէջ: Այստեղ յեղափոխութիւն է պէտք, եւ յեղափոխութիւնը հէնց տնտեսական կառավարման բովանդակութեան փոփոխութիւնն է, որն այդպէս էլ տեղի չի ունենում անկախութիւնից ի վեր:

 

- 2020-2022 թթ. ժամանակահատւածում կառավարութեան ղեկավարը յոյս ունի հասնել, համապատասխանաբար, 7, 8 եւ 9 տոկոս տնտեսական աճերի:

- Այդ թւերը հիմնաւորումներ չունեն, քանի որ արդէն 2020 թվականի բիւջէով նախատեսւել է 4.9 տոկոս տնտեսական աճ ունենալ, եւ ՀՀ ֆինանսների նախարար պարոն Ջանջուղազեանը յստակ յայտարարեց, որ այդ ցուցանիշին հասնելու համար լրացուցիչ ջանքեր են պէտք, եւ այդ 4.9 տոկոսի վերաբերեալ որեւէ տարակարծութիւն չունեն: Բայց հարցը դա չէ, այլ այն, թէ ի՞նչ կառուցւածք ունի այդ տնտեսական աճը, որքա՞ն են կազմում արդիւնքաստեղծ ոլորտները, մասնաւորապէս՝ կապիտալ ներդրումների չափաքանակը: Իսկ յաջորդ տարիների 8 եւ 9 տոկոսի մասին խօսելը դեռ վաղ է: Մեր երկրում չկայ անհրաժեշտ տնտեսական այն քաղաքականութիւնը, որը կարող է ապահովել թռիչքային տնտեսական զարգացումներ: Վարչապետի յայտարարած 2050 թւականի ՀՆԱ-ի 15-ապատումը ենթադրում էր առնւազն տարեկան մօտ 9-9.5 տոկոս տնտեսական աճի ապահովում: Իսկ ցանկութիւնների եւ յաւակնոտութիւնների բացակայութիւնը կանխատեսումների նւազեցումն է, 4.9 տոկոսը սեւով-սպիտակի վրայ գրւած է, ուրիշ թիւ չկայ: Սա նշանակում է, որ տնտեսական յեղափոխութիւն եզրոյթն ուղղակի պէտք է մոռանալ:

 

- Այս ամենով հանդերձ՝ արդեօք ունե՞նք տնտեսական յեղափոխութիւն, կամ՝ տնտեսութեան դէպքում ճի՞շտ է օգտագործել «յեղափոխութիւն» բառը: Կառավարման մասնագէտ Յարութիւն Մեսրոպեանի պնդմամբ՝ «յեղափոխութիւն» բառի մասին անընդհատ յիշեցնելը ներդրողներին յետ է պահում ներդրումներ կատարելուց:

- Այո՛, եւ եթէ հնչում է նախադասութիւն մօտաւորապէս այս բառերով՝ «Մեր քաղաքական յեղափոխութիւնը նպաստաւոր դաշտ է ստեղծում ներդրումների ներհոսքի համար, իսկ հիմա սկսում ենք յեղափոխութեան յաջորդ փուլերի իրականացումը», սա ոչ այլ ինչ է, քան մեսիջ հնարաւոր ներդրողներին, որ մեր երկիրը յեղափոխութիւնների ընթացքի մէջ է՝ իր հետեւանքներով հանդերձ, եւ այստեղ ներդրումներ անելը նշանակում է՝ ներդրումներ անել անորոշութեան պայմաններում: Բազմիցս ասել ենք, որ ներդրումների համար գրաւիչ դառնալու համար պէտք է յստակ քաղաքականութիւն, որ պոտենցիալ ներդրողի համար ապահովենք կանխատեսելիութիւնը, առաջարկութիւնների համար ոլորտների շահութաբերութեան ուսումնասիրութիւններ եւ այլ մի շարք գործողութիւններ: Բայց ո՞վ անի դա: Սխալ է գնահատւում, թէ ովքեր են ներդրողները եւ ինչու պէտք է ներդրումներ անեն Հայաստանի Հանրապետութիւնում: Ներդրողը բիզնես շահ հետապնդողն է, որին հետաքրքրում է իր կայուն շահոյթն ու բիզնեսի շարունակականութեան հնարաւորութիւնը, կանխատեսելիութիւնը: Եթէ չգիտես կամ չես կարող ապահովել իրական ներդրումային գրաւիչ միջավայր, ապա հազար ու մի պատճառ կարող ես բերել: Ուզում եմ ասել, որ պարոն Մեսրոպեանը ճիշտ դիտարկում է արել:

 

- Ն. Փաշինեանը նաեւ յայտարարեց, որ ռազմական ծախսերը չպէտք է գերազանցեն համախառն ներքին արդիւնքի 4 տոկոսը, այնուհետեւ ակնարկեց, որ ռազմական ծախսերի աւելացումը, ըստ էութեան, կախւած է կոռուպցիայի դէմ պայքարի ծաւալներից, որոնք պիտի ուղղւեն ՀՀ պաշտպանւածութեան մակարդակի բարձրացմանը:

- Առհասարակ երկրի պաշտպանութեան ապահովութեան համար տրամադրւող գումարները պէտք է դինամիկ աճ գրանցեն, բայց իներցիոն բնոյթի աճ էլ չկայ: 2018 թւականին 2017-ի նկատմամբ պաշտպանութեան բիւջէն աճել է շուրջ 18.2 տոկոսով, 2019 թւականին 2018-ի նկատմամբ՝ շուրջ 24.7 տոկոսով, իսկ 2020 թւականին 2019 թւականի նկատմամբ բացառւել այդ աճը: Ինչո՞ւ, եթէ բիւջէի համախառն եկամուտների տեմպը նոյն իներցիոն բնոյթով պահպանւել է, ծախսերը՝ նոյնպէս, իսկ պաշտպանութեան ծախսերը՝ ոչ: Այստեղ պէտք էր այլ մօտեցում որդեգրել, այն է՝ զարկ տալ ռազմարդիւնաբերութեանը եւ բանակը դարձնել տնտեսութեան լոկոմոտիւ ճիւղերից մէկը, իսկ իշխանութիւնները թերակատարումներ ունեն կապիտալ ներդրումների մասով: Ոլորտներ կան, որտեղ կոռուպցիայի դէմ պայքարը բաւարար չէ թռիչքային աճ գրանցելու համար, գործողութիւններ են պէտք: Ռազմական ոլորտն այդպիսին է, մանաւանդ այն դէպքում, երբ ունենք թշնամի հարեւաններ, որոնք անընդհատ աւելացնում են իրենց ռազմական բիւջէն:

 

- 2020 թւականին պլանաւորւած է 1 տրիլիոն 602 մլրդ. եկամուտ, սա հնարաւո՞ր է լինելու ապահովել:

- 2020 թւականի բիւջէի համախառն եկամուտները պլանաւորւել է 13.44 տոկոսով աւելացնել 2019 թւականի նկատմամբ, համախառն ծախսերը՝ 14.08 տոկոսով, իսկ դեֆիցիտը թռիչք է ապրել եւ կազմում է 20.4 տոկոս՝ դառնալով 182.57 մլրդ. դրամ: Նախ՝ պէտք է գնահատել նախընթաց շրջանի դինամիկան: 2019 թւականի բիւջէի աճի տեմպը՝ 2018 թւականի հետ համեմատած, բարձր էր 1-1.5 տոկոսային կէտով, քան 2020-ը՝ 2019-ի համեմատութեամբ: Նախորդ տարիներին աւելի բարձր ցուցանիշներ էլ են եղել, բայց հիմնականում տեմպը նոյնն է: Եկամուտներ ապահովելու համար դրանց հաշւեգրւող ծախսեր են պէտք: Արդիւնաւէտ եւ արդիւնքաստեղծ ծախերը կարող են ապահովել եկամուտներ:

 

- «Կոմերսանտ» թերթին տւած հարցազրոյցում վարչապետն ասել է, որ Հայաստանին մատակարարւող գազի գնի հարցում Հայաստանն ու Ռուսաստանը կը յանգեն դաշնակցային որոշման: Ո՞ր դէպքում այն կարելի է համարել դաշնակցային:

- Նախ՝ պէտք է մեր երկրում փոխել բնական գազի սակագնային քաղաքականութիւնը, այստեղ ուսումնասիրութիւններ են պէտք, բնական գազի ինքնարժէքի ձեւաւորման վերաբերեալ եւ գազի գնի հարցում բանակցութիւններին պէտք է գնալ թուղթ ու գրիչով: Անհրաժեշտ է յստակեցնել մեր պետութեան կողմից միջամտութիւնների ուղղութիւնները, անհրաժեշտ են նոր կարգաւորումներ, նոր մօտեցումներ էներգետիկ քաղաքականութեան վերաբերեալ: Ամբողջը՝ Ա-ից մինչեւ Ֆ, հաշւարկելու իմացութիւն ունենալ եւ ձեւաւորել հիմնաւոր տեսակէտ:

Հարցը, մեծ հաշւով, ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական եւ քաղաքական: Քաղաքական իմաստով՝ այո՛, ունենք դաշնակցային յարաբերութիւններ ՌԴ-ի հետ: Եւ չի կարելի ամէն հարցում մեղադրել դաշնակցային գործընկերոջն այս կամ այն պրոցեսների մէջ, թէ ինչո՞ւ է ռազմավարական գործընկերը քաղաքական որոշումներ կայացնում, եւ միաժամանակ ի ցոյց չդնել քո ռազմավարական գործընկեր լինելու պատրաստակամութիւնը: Ռազմավարական գործընկերների մէջ պէտք է ամէն հարց լուծւի պարզ եւ անկեղծ միջավայրում: Ես հաւատացած եմ, որ ՌԴ-ի հետ ճիշտ յարաբերութիւններ պահպանելու եւ ճիշտ գործելու դէպքում կարելի է շատ խնդիրներ լուծել:

 

- Համաշխարհային բանկի «Doing Business»-ի վարկանիշով Հայաստանի 5 կէտով յետընթացը փորձ արւեց տարբեր կերպ արդարացնել՝ տեխնիկականից մինչեւ ՀԲ-ի մեթոդաբանութեան փոփոխութիւն, մինչդեռ փաստը մնում է փաստ:

- Սա վերաբերում է երկրների բորսաների կայացւածութեանը: Մեթոդաբանութիւնը հետեւեալն է՝ քանի՞ ֆինանսական գործիք թողարկող եւ տեղաբաշխող ընկերութիւններ են գործում: Այստեղ բաւարար գնահատականի համար անհրաժեշտ նւազագոյն թվաքանակն առնւազն 10 ընկերութիւն ունենալն է: Բազմիցս առաջարկներ անելու առիթներ ունեցել ենք, եւ հիմա եւս ասում եմ, որ պէտք է ՀՀ-ում գործող մենաշնորհները վերակազմակերպւեն եւ իրենց կազմակերպաիրաւական ձեւով դառնան Բաց բաժնետիրական ընկերութիւններ: Սա յատկապէս վերաբերում է բնական մենաշնորհներին եւ ընդերքօգտագործողներին: Այս ոլորտները խորը եւ համապարփակ ուսումնասիրութեան կարիք ունեն: Կարիք ունեն հնարաւորութիւնների գնահատման տեսանկիւնից: Իսկ նման հարցերում տեխնիկական բնոյթի վրիպակներ համարեա թէ չեն լինում, եթէ կար, ապա արդէն պէտք է փոխւած լինէր: Այո՛, փաստն այն է, որ ՀՀ-ն այլեւս ունի իր 47-րդ հորիզոնականը:

 

Մարիամ Պետրոսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։