Հա

Մշակոյթ

05/11/2019 - 10:00

«Սա պայքար է ազգայինի դէմ, այս մարդիկ պղծում են այն ամէնը, ինչը գոյութիւն է ունեցել, իսկ նրանց գաղափարախօսութիւնը կործանիչ է բոլոր ճակատներով». Դ. Սահակեանցը՝ «ՅուԶանք ու Զանգ» ներկայացման մասին

Այսօրւայ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարութեան արածներից բացարձակ չեմ զարմանում, իրենց լոգիկայի մէջ է նման բան ստեղծել ու ներկայացնել որպէս բարձր արւեստ, սակայն դա խղճուկ տեսարան էր ինձ համար, փողոցային ինչ-որ բան, երիտասարդների պոռթկում:

«alikonline.ir» - Այսօրւայ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարութեան արածներից բացարձակ չեմ զարմանում, իրենց լոգիկայի մէջ է նման բան ստեղծել ու ներկայացնել որպէս բարձր արւեստ, սակայն դա խղճուկ տեսարան էր ինձ համար, փողոցային ինչ-որ բան, երիտասարդների պոռթկում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Դաւիթ Սահակեանցը՝ անդրադառնալով «ՅուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որն իրականացւել է ԿԳՄՍ-ի տրամադրած միջոցների հաշւին:

«Դա ինքնահաստատւել ցանկացող երիտասարդների պոռթկում էր, ես դրան նորմալ եմ նայում, այլ բան է, երբ երիտասարդների այդ պոռթկումները նախարարութեան հովանաւորութեամբ տարածւում եւ հասանելի են դառնում հասարակութեանը: Միանշանակ վատ եմ վերաբերւում նման դրսեւորումներին: Դրա մէջ ֆեմինիզմի տարրեր կային, դրսից մեզ պարտադրւած օրակարգ է, որն ընդհանրապէս կապ չունի մեր հասարակութեան եւ առհասարակ մեր մշակոյթի հետ: Դա պսեւդոմշակութային ինչ-որ դրսեւորում էր, խղճուկ տեսարան»,- ասաց նա:

Ըստ Սահակեանցի՝ ինքն ընդհանրապէս փորձում է ուշադրութիւն չդարձնել այդ կառոյցին, որն ուղղակի պառակտւած է, եւ պահանջւում են ինչ-որ քայլեր՝ ազատւելու այդ ամէն ինչից:

Ինչ վերաբերում է Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջներին, Սահակեանցն ասաց, որ պետիցիա է գնում համացանցում՝ նախարարի հրաժարականի պահանջով, որին ինքն էլ է մասնակցել եւ ստորագրել. «Համարում եմ, որ այդ մարդն իրաւունք չունի զբաղւել հայ մշակոյթով, նա չի որոշում հայ մշակոյթը, մշակոյթը որոշւում է ժամանակի ընթացքում, իսկ այն, ինչ որ նա է փորձում այսօր անել, ուղղակի սարսափելի է, նա ուղղակի ոչնչացնում է հայկական մշակոյթը»,- նշեց նա:

Դիտարկմանը՝  նախարարը յայտարարել է, որ իր սկզբունքն այն է, որ մշակոյթում չի լինելու ցենզուրա, Սահակեանցը շեշտեց. «Ցենզուրան շատ կարեւոր բան է: Ես խօսում եմ ոչ թէ այն ցենզուրայի մասին, որ հէնց Արայիկ Յարութիւնեանն է ասում, այլ ներքին ցենզուրա գոյութիւն ունի, որն ամենակարեւոր գործօնն է արւեստի մէջ: Մենք այսօր տեսնում ենք, որ ներքին ցենզուրա չունի այդ ստրուկտուրայի ղեկավարը, եւ եթէ չկայ ներքին ցենզուրա, ապա մնացածի վրայ աչք է փակւում»:

Անդրադառնալով վերջերս պետութեան կողմից նախկին ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար 20 մլն. դրամ յատկացնելուն, «ՅուԶանք ու Զանգ» ներկայացման համար 2.7 մլն նախարարութեան յատկացրած դրամաշնորհին՝ նա ասաց, որ եթէ համեմատելու լինենք, ապա այն գաղափարների քարոզն է տարւում, որոնցից, ըստ Սահակեանցի, ամբողջ աշխարհն է տառապում:

«Մշակոյթը պարտադրւած կրիզիսի մէջ է գտնւում, որ գոյութիւն ունեն ինչ-որ լոբիստներ, ինչ-որ մարդիկ, որոնք իրենց գաղափարախօսութիւնն են փորձում անցկացնել մշակոյթի, երաժշտութեան միջոցով, հեռուստատեսութեամբ, մի խօսքով բոլոր օղակներում եւ փորձում են ագիտացնել այն ապրելակերպը, որն իրենց է հարազատ: «Մել» ֆիլմի նկարահանումը ֆինանսաւորն էլ դրա դրսեւորումներից մէկն է: Արայիկ Յարութիւնեանի ամէն քայլը տրամաբանական է իր տրամաբանութեան մէջ, դրանում ոչ մի զարմանք չկայ, որ այդպիսի գումար տրամադրւում է նման ֆիլմ արտադրելուն: Այստեղ կոնկրետ ուղղորդւած PR եւ պրոպագանդա է գնում թէ´ պետութեան եւ թէ´ նախարարութեան կողմից»,- ասաց նա:

Ըստ Սահակեանցի՝ ամենատարօրինակն այն է, որ այսօր այն մարդիկ, որոնք դժգոհ են Արայիկ Յարութիւնեանից, փորձում են դրա ֆոնին աւելի տարանջատել վարչապետին, ինչը սխալ է, եւ ինքը միանշանակ համարում է, որ նրանք մի գծով են գնում, եւ հետեւանքն է այն իշխանափոխութեան, որը եղել է:

Երբ այդ ներկայացումը որպէս արւեստ են ներկայացնում, ապա այդտեղ արժեհամակարգի պատերազմ է գնում. «Իրենք եկել են լրիւ այլ արժեհամակրագով եւ այսօր փորձում են փչացնել, վերացնել, վատաբանել այն ամէնը, ինչն իրենց համար խորթ է, ինչի իրաւունքը նրանք չունեն, նրանք իրենց ամբիցիաներով չպէտք է ուղղորդւեն, գոյութիւն ունի հայկական մշակոյթ, որը ինձնից, բոլորից յետոյ էլ պէտք է շարունակւի եւ զարգանայ: Այս մարդիկ փորձում են պրոցեսը կանգնեցնել եւ պղծում են այն ամէն ինչը, ինչը գոյութիւն է ունեցել՝ անկախ իրենց ծնւելու փաստից: Նրանք այսօր իրենց գաղափարախօսութիւնն են բերում, որը կործանիչ է բոլոր ճակատներով»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ պայքար է գնում ազգայինի դէմ. «Ես համարում եմ, որ ներկայ կառավարութիւնը բարդոյթներ ունի եւ այսօր ինքնահաստատւում է այդ կոմպլեքսներից ելնելով, այն ինչը չի համարում գեղեցիկ, լաւ, ճիշտ, փորձում է այսօր վարկաբեկել՝ անելով այն քայլերը, որն անում է: Նրանք իրենց բարդոյթներն են իրականացնում, իսկ դա արդէն բժշկութեան թեմա է, արդէն բժիշկներն ու հոգեբանները պէտք է զբաղւեն դրանով»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։